Մեծ ցավով ու ափսոսանքով առանք մեր սիրելի ուսուցիչներից մեկի`Ռուբեն Սաքապետոյանի մահվան գույժը:
Խոսքեր չենք գտնում նկարագրելու այն մեծ կորուստը, որ կրեցին հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները: Կյանքից հեռացավ ֆակուլտետին համուհոտ տվողներից մեկը, մտահոգ դասախոսն ու սրտացավ ընկերը: Ֆակուլտետի միջանցքներում ու լսարաններում այլևս չի երևա առաջին հայացքից այն խստադեմ մարդը, ով անսահման բարի և ներող սիրտ ուներ:
Ափսոս, որ եկող սերունդներին բախտ չի վիճակվելու վայելել Ռուբեն Սաքապետոյան մարդու և դասախոսի ներկայությունը: Ռ. Սաքապետոյանին մենք հանդիպեցինք մեր կյանքի բախտորոշ շրջափուլում համալսարանական տարիներին, և չնայած, հանգամանքների բերումով, մեր շփումը շատ կարճ տևեց, նա անջնջելի հետք թողեց բոլորիս կյանքում: Նրա մարդկային որակները միշտ ուսուցանող և դաստիարակող են մնալու բոլորիս համար: Նա միշտ կապրի մեր հուշերում, որպես հիանալի դասախոս, փայլուն հայագետ և լավ մարդ. բացակա չենք դնում:
Մեր ափսոսանքն ու ցավն ավելի է մեծացնում այն, որ ստեղծված իրավիճակի պատճառով չենք կարող ներկա գտնվել սիրելի ուսուցչի հուղարկավորությանն ու վերջին հրաժեշտը տալ նրան:
Հոգիդ լույսի մեջ մնա, սիրելի‘ ուսուցիչ:
Հայտնում ենք մեր ցավակցությունները Սաքապետոյանների ընտանիքին և կիսում մեծ կորստի ծանր վիշտը:
Մեծ վշտով և կսկիծով` հայ բանասիրության ֆակուլտետի 2019-20թթ ուսումնական տարվա 4-րդ կուրս: