Քննարկումների ընթացքում հնչում են թեկնածուների անուններ. երբ որոշում լինի, պաշտոնապես կհայտարարենք. Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, հավաստիացրեց՝ երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համապատասխան որոշում ունենա, և Արդարադատության նախարարի թեկնածուի անունը հայտնի լինի, հանրությունն այդ մասին անպայման կիմանա։
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ պաշտոնը պետք է ստանձնի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ճեպազրույցին ներկա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նկատեց՝ իրենք իշխող խմբակցություն են, խմբակցության ներսում այդ մասով քննարկումներ են տեղի ունենում և դրանց ընթացքում, բնականաբար, հնչում են անուններ։
«Դրանց ավարտից և ամփոփումից հետո հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»- նշեց նա։