2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և բրիտանացի բնախույզ Դևիդ Աթենբորոն: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության հարցմանը մասնակցած փորձագետները կարծում են, որ այս տարի ֆավորիտների թվում են ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունն, ըստ Օսլոյում Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հենրիկ Ուրդալի, կարող է հարմար թեկնածու լինել՝ հաշվի առնելով հակամարտությունից տուժած շրջաններում քաղաքացիական բնակչությանը օգնելու նրա առաքելությունը։ Սակայն մասնագետը հավելել է, որ գործակալությանը մրցանակ շնորհելը վեճեր կառաջացնի, քանի որ կազմակերպության որոշ աշխատակիցների մեղադրում են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների զանգվածային հարձակմանը մասնակից լինելու մեջ։
Բուքմեյքերների շրջանում այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի ֆավորիտներ են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը փետրվարին մահացել էր հատուկ ռեժիմի գաղութում, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Զելենսկիի հաղթանակի հնարավորությունը, սակայն, փոքր է, քանի որ նա հանդիսանում է պատերազմող երկրի ղեկավար։
Նորվեգական Նոբելյան հանձնաժողովը Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողին կհայտարարի հոկտեմբերի 11-ին Օսլոյում։