Սփյուռքը մեկ միասնություն չէ. սփյուռքում կան տարբեր խմբեր, անհատներ։ Խոսքը գնում է, ի վերջո, միլիոնավոր մարդկանց և հազարավոր կազմակերպությունների մասին։ Ամեն տեսակի մոտեցում էլ կա. կան մոտեցումներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ, կան կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք սփյուռքի ներկայացուցչների մոտ տարակուսանք չի առաջացրել պետություն-եկեղեցի հակամարտությունը։
«Կան շատ խմբեր և անհատներ, որոնք շատ նորմալ են սա համարում և ուշացած են համարում, և կան անհատներ ու խմբեր, որոնք տարակուսանք են զգում։ Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ»,- ասաց Սինանյանը։
Հարցին՝ անձամբ ինքը չի՞ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով հարվածում է եկեղեցու հեղինակությանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանեց՝ չի կարծում։
«Նախ հիշենք, որ եկեղեցին դա ժողովուրդն է։ Եկեղեցին այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին։ Եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին ինչ-որ հիերարխիկ վերնախավը չէ։ Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն։
Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցուն և արհամարհում են հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- ասաց Զարեհ Սինանյանը։
Լրագրողները նրանից միաժամանակ հետաքրքրվեցին՝ խնդրահարույց չի՞ համարում Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների հասցեին հայհոյախառն հայտարարությունները, ինչին Սինանյանը պատասխանեց՝ վարչապետն ինքն է արտահայտվել այդպես, նա արդեն իսկ բացատրել է, թե ինչ է աել։
«Կարիք չեմ զգում ինքս մեկնաբանելու։ Մի բան գիտեմ. կան բացահայտ խնդիրներ՝ կապված եկեղեցական վերանխավի հետ, որոնք ակնառու են, ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդի, բայց նաև սփյուռքի հսկայական մասի համար։ Սա, ըստ իս, պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է, երբ բոլորը պետությունում իրենց պարտավորությունների մասով պետք է հաշվետվություն տան հայ ժողովրդին»,- ամփոփեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։





