Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն անազատության մեջ կմնա ևս երկուս ամիս։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակեց վաղ առավոտյան ժամը 6-ին։
Փաստաբան Լիաննա Գասպարյանն ասաց, որ ամենազարմանալին այ է, որ դատարանը հիմնավոր կասկած գտել է միայն Սամվել Կարապետյանի կոչի հետ կապված մեղադրանքում, իսկ առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, հիմնավոր կասկածը բացակայում է։
Դատարանը կալանքի ժամկետի երկարացման հիմքում դրել է փախուստը, քննությանը խոչընդոտելը, բացառել է կրկին նոր արարք կատարելը։
«Հենց վաղը մենք դիմելու ենք վերաքննիչ քրեական դատարան՝ վերանայման բողոք ենք ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկրաձգելու միջնորդության քննությունը սկսել էր օգոստոսի 14-ին ժամը 17։00-ին, այն շարունակվեց մինչև օգոստոսի 15-ի ժամը 03։00-ն։ Այդ ողջ ընթացքում դատարանի բակը մնաց բազմամարդ։
Խոսելով դատական նիստն այդքան երկարելու պատճառների մասին՝ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ ինքն ու գործընկերներն ամեն կողմից իրենց ձևով ցույց էին տալիս, թե ինչ իրավական աբսուրդի մասին է խոսքը։





