Մեզ հետ կռիվ անելուց դուք անընդհատ Հայկ Մարությանի հետ եք կռիվ անում, ուզում էիք կռվեիք, չզրկեիք մանդատից, թող հրավիրեիք այստեղ ու կռվեիք: Այս մասին այսօր` Երևանի aվագանու նիստում, նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:
«Չէ՛, զրկում եք ու մեջքի հետևից եք խոսում, դա ձեր ոճն է: Ասում եք՝ Հայկ Մարությանի մանդատը մեզ համար ավելի թանկ էր, քան չգիտես ինչ։ Սա ի՞նչ վերաբերմունք է մանդատի թանկության կարևորության մասին։ Այո՛, յուրաքանչյուրի մանդատը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այդ մանդատները ոչ թե քաղաքական պայմանավորվածություններով ու թուլափայերով են տրվում, այլ տրվում են մեր ժողովրդի հալալ ձայներով, որոնց տակ նույնիսկ վարչական ռեսուրս էլ չկա: Այնքանով թանկ է մեզ համար մեր մանդատը, որ մենք մեր ընտրողներին չենք խաբել»,-ասաց նա:
Տեղից «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ինչ-որ բան բղավեց, որին Աբգարյանն արձագանքեց. «Ձենդ կտրի էդտեղ։ Վեց տարի շչակի պես գոռում էիր ականջիս տակ: Այո, մեզ համար կարևոր է մանդատը, որովհետև մենք մեր քաղաքացու պատվիրակածը և վստահածը չենք ծախում կուլիսներում և կարիդորներում պայմանավորվածությունների մեջ մտնելով և փայ բաժին մտնելով։
Երկրորդը, երբ անընդհատ հիշեցնում եք, որ Հայկ Մարությանը եղել է քաղաքապետ։ Մենակ իմ քաղաքապետը չի եղել, նաև եղել է այստեղ նստած շատ մարդկանց, որոնք ես ի դեպ կռիվ էի անում լինելով «Իմ քայլում» Մարությանի հետ, այստեղ սաղ վիդեոները կա, իսկ այդ մարդիկ օճառավազելինային ոճով ասելով՝ այո, պարոն քաղաքապետ: Բայց հետո առաջին դանակը խփողները հենց իրենք եղան, կյանքը այդպիսի բան է։ Ես ուզում եմ ասեմ, որ այո, Հայկ Մարությանը եղել է քաղաքապետ: Իդեալական քաղաքապետ չի եղել, և ես ինքս այստեղից բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնել եմ»:
Իզաբելա Աբգարյանը հիշեցրեց, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է եղել հետհեղափոխական շրջանում։
«Զրոյից ստեղծել և ձեզ է տվել ՀՈԱԿ-ներ, հիմնարկներ, կանաչապատում, աղբահանություն, կենդանիներ: Ես չեմ տեսել, որ իրենից հետո գայիք, վերացնեիք այդ ՀՈԱԿ-ները»,- ասաց նա:
Անի Խաչատրյանը շարունակում էր տեղից ինչ-որ բան ասել, ինչին ի պատասխան՝ Աբգարյանը Տիգրան Ավինյանին հարց ուղղեց. «Ձենը կկտրե՞ք»:
Այնուհետև նա շարունակեց ելույթը. «Շատ լավ էլ այդ կառույցները ընդունեցիք, ընդ որում դա արել է շատ փոքր բյուջեով: Այո, ինքը շինարարությունից ավելի շատ փող չի բերել, որ որովհետև իր առաջ նպատակ չի դրել քերել բնակչությանը, քերել տնտեսվարողներին, այն ինչ դուք եք անում: Ձեր գործողությունների հետևանքով դուք նաև մուլտիպլիկատիվ թանկացման էֆեկտ առաջացրեցիք: Սրճարաններում գները թանկացան, տրանսպորտի թանկացումն էլ է բերելու կրկին թանկացում այս ժողովրդի վրա։ Այնպես որ մի քիչ զգույշ եղեք»: