Օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր եւ աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով:
Հաշվի առնելով վտանգի լրջությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ եւ ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:
Շարունակվող հրդեհը մարելու նպատակով այսօր առավոտյան ժամը 7:00-ից հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկվել են ծառայության փրկարար ուժերի վարչության եւ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջները, ինչպես նաեւ Մարտակերտի շրջվարչակազմի ռեսուրսները:
Աշխատանքը տեղում ղեկավարում է ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը: