«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։
2023 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Սակայն այս տարի նոր թվեր են ի հայտ եկել, և դրանք կրկին տարբեր են։
Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր հատվածի վերականգնման համար նախատեսված ծախսերը։ ՏԿԵՆ–ից մեկ ամիս անց ստացված պատասխանում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված Ախուրիկ- Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնման և վերանորոգման համար, ըստ նախնական գնահատականների, նախատեսված է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նախագիծը ներառում է հետևյալ ծախսերը.
1.
Մեղրու հատվածի վերականգնում` մոտ 43,8 կմ– շուրջ 187 մլն ԱՄՆ դոլար։
2.
Ադրբեջանի հետ սահմանից (Նախիջևան) մինչև Երասխ հատվածը՝ 11,4 մլն դոլար։
3.
Երասխից Ադրբեջանի սահման հատված’ մոտ 1 կմ – շուրջ 11,4 մլն. ԱՄՆ դոլար։
4.
Երասխ-Գյումրի գծի բարեկարգում՝ 95 մլն դոլար։
5.
Երասխից Գյումրու հատվածի ենթակառուցվածքի բարելավում (մոտ 197 կմ)` շուրջ 95 մլն ԱՄՆ դոլար։
6.
Գյումրուց Թուրքիայի սահման հատված’ մոտ 12,7 կմ – շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար։
Գումարը ներառում է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում (շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար), նախագծում և շինարարության վերահակողություն (շուրջ 32,6 մլն ԱՄՆ դոլար):
Գնահատումն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Այսպիսով, նախորդ տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս գնահատման զգալի անհամապատասխանություն: Ծրագրի ծախսերի փոփոխությունների դինամիկան հատկապես նկատելի է առանձին հատվածների օրինակով:
Երասխ – Հորադիզ
Ընթացիկ արժեքը՝ 198,4 մլն դոլար։
2023 թվականին ֆինանսների նախարարն այդ հատվածի արժեքը նշել էր 61,5 մլն դոլար։
2021 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս հատվածի վերանորոգման արժեքը գնահատել էր 226 միլիոն դոլար։
Գյումրի – Թուրքիայի հետ սահման
Ընթացիկ արժեքը՝ 32,4 մլն ԱՄՆ դոլար
2023 թվականին ֆինանսների նախարարությունն այդ հատվածի արժեքը նշել էր 8–9 մլն դոլար։
2022 թվականին նույն հատվածի վերանորոգման արժեքը կազմում էր 17 միլիոն դոլար։
Ավելի վաղ ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը հանրապետությունում երկաթուղու գործարկումից հետո մեկ տարում կկազմի 4,7 մլն տոննա։
Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին։