Այս տարի հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից մոտ 400 մլն դրամ է հատկացվել՝ չհաշված Հայոց Ցեղասպանության ինստիտուտի վերականգնմանը ուղղված ևս 260 մլն դրամը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փոխանցեց ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
«Իմ նշած 400 մլն դրամի մեջ ներառված են Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց, Փարպիի Ծիրանավոր եկեղեցիները, որ ամբողջական վերականգման կարիք ունեն։ Այդ գումարով նաև Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերն են նորոգվելու, ինչպես նաև՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն են շարունակվելու։ Վերանորոգման աշխատանքներ են արվելու նաև Սյունքի մարզի Տեղ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում»,- նշեց Վանյանը։
Բանախոսի փոխանցմամբ՝ նշած ծրագրերից բացի, կառավարության՝ մոտ տասն օր առաջ ընդունած որոշմամբ՝ գումար կհատկացվի նաև վերականգնելու բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի՝ Կոմիտասի անվան Պանթեոնից գողացված հուշարձանը։
Վանյանն ասաց, որ առանձին գումար էլ տրամադրվի նաև Կոտայքի մարզի Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արատքին պատը վերականգնելու համար։
«Բացի այդ, կառավարության վերոնշյալ որոշմամբ՝ գործադիրը հավանության է տվել, որ Շարամբեյանի՝ Դիլիջանի մասնաճյուղի վերանորոգման՝ 2024-ին շարունակվելիք աշխատանքների գումարն այս տարի փոխանցվի, ինչն էլ թույլ կտա, որ թանգարանի վերանորոգման աշխատանքները նախապես պլանավորված երեք տարվա փոխարեն, երկու տարում ավարտվեն»,- ներկայացրեց վարչության պետը։
Նախորդ տարվա համեմատ, ըստ Վանյանի, այս տարի հուշարձանների պահպանությանը 100 մլն ավելի գումար է տրամադրվել․ «Եթե 2022-ի հուշարձանների վերականգնման վրա 200 մլն դրամ է ծախսվել, դրան ավելացրած նաև այն 100 մլն դրամ առանձին գումարը, որ պեղումների ու նախագծերի համար է տրամադրվել, ապա այս տարի պետությունը ոլորտին ավելի քան 400 մլն է հատկացրել։ Հավելեմ նաև՝ 30 մլն դրամ էլ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Զվարթնոց մասնաճյուղին տանիքի վերանորոգման աշխատանքների համար է տրամարդվել։ Այն, հիշեցնեմ, մի քանի տարի առաջ սաստիկ քամու պատճառով վնասվել էր։
Ընդհանուր առմամբ՝ կարող ենք փաստել, որ հուշարձանների պահպանությանը տրամադրվող գումարները տարեցտարի ավելանում են»։
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես են ընտրում վերանորոգման կամ վերականգնման ենթակա հուշարձանները, որոնք, ի դեպ, 550-ի են հասնում, ապա Հարություն Վանյանը բացատրում է՝ ցանկը կազմելիս հաշվի են առնում թե՛ գործընկերների ներկայացրած ցուցակները, թե՛ իրենց կողմից իրականցրած մշտադիտարկումները։
«Հրատապ վերականգնման կարիք ունեցող հուշարձանների ընտրության մյուս չափանիշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում ընդգրկված հուշարձաններին հատուկ ուշադրություն դարձնելն է (օրինակ՝ Սանահինին)։ Հաջորդ չափանիշն էլ այն է, որ պետք է ամբողջականացնել կիսատ մնացած եկեղեցիները կամ հուշարձանները։ Այդպիսին է, օրինակ, Այգեշատի Թարգմանչացը, որ նախորդ տարիներին երկու փուլով վերականգնվել է, բայց աշխատանքները կիսատ են մնացել։ Այժմ նպատակ կա այն նույնպես ամբողջացնելու»,- խոսքն ամփոփեց բանախոսը։
Սևակ Վարդումյան