Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսակիր, նվիրյալ հայորդի տիար Հայկ Տիտիզյանը։
Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Լուսահոգի Հայկ Տիտիզյանը, որպես ազգասեր ու եկեղեցանվեր հայորդի, մեծ նախանձախնդրությամբ մշտապես իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանն ու շինությանը, աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգօգուտ, եկեղեցանվեր նախաձեռնությունների իրականացմանը։
Տիտիզյան բարեպաշտ ընտանիքը մեծապես աջակցել է Հայ Եկեղեցու բարեսիրական տարբեր ծրագրերի իրականացմանը, սատարել հոգևորականաց պատրաստությանն ու հայապահպանությանն ուղղված առաքելությանը, ինչի խոսուն վկայությունն է Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա-ի անվան կրթական կենտրոնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Սուրբ Ներսես Ընծայարանի նոր համալիրի կառուցումը։
Հոգելույս Հայկ Տիտիզյանը տարբեր բարեգործություններով իր զորակցությունն է բերել Հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին: Կարևոր ներդրում է ունեցել համավարակի շրջանում Մայր Աթոռի սոցիալական ծրագրերի իրականացման գործում, ինչպես և մեծապես օժանդակել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգությանը։
Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խոր վշտակցությունն ու զորակցությունն են հայտնում Տիտիզյան սգակիր ընտանիքին և աղոթում հոգելույս Հայկ Տիտիզյանի հոգու խաղաղության և հանգստության համար:
Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալի բարի հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ։