Գերմանիան ռուսական գազով ապահովող «Հյուսիսային հոսք – 1» և «Հյուսիսային հոսք -2» գազատարները պայթեցվել են։ Դրանք անցնում են Բալթիկ ծովի հատակով։ Գազի չորս ուղղություններով արտահոսքի մասին այսօր տեղեկացրել է շվեդական «Սվենսկա Դագբլադետ» թերթը՝ հղում կատարելով Շվեդիայի առափնյա անվտանգության ծառայությանը։
Պարբերականը գրում է, որ Բալթիկ ծովում երկու կամ երեք պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծովի մակերեսին երևացել են ջրի եռման, բլթբլթոց հիշեցնող արտառոց երևույթներ։ Սեյսմոլոգ Բյոռն Լունդը հաղորդել է, որ պայթյունների հետևանքները ծովում նկատվել են շվեդական և դանիական տնտեսական գոտում։ Իսկ Շվեդիայի առափնյա անվտանգության ծառայության կենտրոնի հերթապահ սպա Ջենի Լարսոնը պարզաբանել է, որ ծովի երեսի գազի արտահոսքի շիթը 900 մետր բարձության է եղել, իսկ տրամագիծը՝ 200 մետր։ Ջրասուզակ Պատրիկ Հյուլթերսթրեմի կարծիքով գազատարները, որոնք մոտ 70 մետր խորության վրա են գտնվում, կարող էին պայթեցվել մետաղաճոպանով ծովի հատակ իջեցված հատուկ ռոբոտի միջոցով։
Գերմանական «Տագելշպիգելն» էլ իր հերթին գրել է, որ գազատարները հնարավոր է այլևս վերականգման ենթակա չլինեն՝ նշելով, որ նյութական վնասի ծավալները ահռելի են, թեկուզ դեռ անհնար է հստակ գնահատականներ տալ։
Գազի արտահոսքի և գազատարների հետ կապված դիվերսիայի մասին միջազգային լրահոսում սկզբում ոչ մի տող չկար, սակայն ժամեր անց եվրոպական գրեթե բոլոր լրատվամիջոցները, հղում կատարելով մասնագետներին, չբացառեցին դիտավորության վարկածը։ Տարբեր աղբյուրներ հավանական մեղավորներ կամ ԱՄՆ-ին են համարում, կամ հենց Ռուսաստանին։
Ռուսական լրատվամիջոցներն իրենց հերթին անտրամաբանական անվանելով արևմուտքից եկող սաբոտաժի մեղադրանքները՝ պայթյունի միակ մեղավոր նշում են ԱՄՆ-ը՝ հիշեցնելով Ջո Բայդենի՝ այս տարվա փետրվարին հնչեցրած «Հյուսիսայի հոսք-2» – ը վերացնելու սպառնալիքը:
Ռուսաստանի «Առաջին ալիք»-ը, հղում կատարելով ՌԴ-ի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովին, հաղորդել է միջազգային ահաբեկչության հոդվածով գործի հարուցման մասին։ Հեռուստաալիքը նաև ցուցադրել է կադրեր, որտեղ պայթյունի ժամանակ ֆիքսվել է Դանիային պատկանող Բալթիկ ծովի հարավարևմտյան մասում գտնվող Բորնհոլմ կղզու և Շվեդիային պատկանող Գոթլանդ կղզու միջև թռչող ամերիկյան հիդրոլոկատորով ուղղաթիռ։ Ըստ ռուսական կողմի, հենց այդ ուղղաթիռը կարող էր ծովի հատակ իջեցնել պայթեցումներ կատարող սարք։
Նաև, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հյուսիսատլանտյան խորհուրդը (ՀԱԽ) այսօր Բրյուսելից հայտարարություն է տարածել այն մասին, որ բոլոր եղած տեղեկություններով հաստատվում է գազատարները դիտավորյալ պայթեցնելու վարկածը։ ՀԱԽ-ում նշել են, որ կտրուկ և վճռական են պատասխանելու դաշինքի երկրների կարևոր ենթակառուցվածքի վրա կանխամտածված հարձակմանը։
«Մենք՝ որպես դաշնակիցներ, պարտավորվել ենք նախապատրաստվել, զսպել և պաշտպանվել, պետությունների և ոչ պետական սուբյեկտների կողմից էներգիայի հարկադրված օգտագործումից ու հիբրիդային տակտիկաների կիրառումից»-նշված է ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ, որտեղ նաև տեղեկացվում է պայթյունի վերաբերյալ անաչառ հետաքննությանը սատարելու մասին։
Աշխարհի ամենաերկար խողովակների համակարգ «Հյուսիսային հոսք – 1» և «Հյուսիսային հոսք -2» գազատարներից բացի, ռուսական գազը Եվրոպային մատակարարվում է Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով։ «Հյուսիսային հոսքեր»-ի համակարգով Ռուսաստանից Եվրոպա տարեկան ավելի քան 55 միլիարդ խորհանարդ մետր գազ է մատակարարվել, որը հավասար է 14 ատոմակայանի, կամ ածուխով աշխատող 50 էլեկտրոկայաններից էներգիա արտադրելու հզորությանը։ Խողովակները ծովի հատակով, որոշ տեղերում 210 մետր խորությամբ, անցնում են ավելի քան 1224 կիլոմետր։ Խողովակները շարքից հանելուց հետո Եվրամիության երկրներում, ըստ տնտեսական վերլուծաբանների, սպասվում է խոր էներգետիկ և դրանից բխող տնտեսական ճգնաժամ, քանի որ մեծ գործարանները, հնարավոր է, անժամկետ կմատնվեն պարապուրդի։
Նարինե Կիրակոսյան