Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
-Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի դերակատարությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
-Թուրքիայի դերակատարությունը մեծ է։ Համոզված եմ, որ այդ երկրի դերակատարությունն սկսել է մինչև այս իրադարձությունները, և դա արտահայտվել է նրանով, որ Թուրքիան ոչ միայն կանաչ լույս է վառել ապստամբների համար, որպեսզի նրանք գործողություններ սկսեն Ասադի իշխանության դեմ, այլ նաև նրանց օգնել և օժանդակել է։ Կան փաստեր, որ ապստամբ ուժերն առաջին անգամ օգտագործել են թուրքական ԱԹՍ-ներ։ Կան նաև տվյալներ, որ երբ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, թուրքական հրետանին է ապստամբներին օգնել։ Համոզված եմ՝ Թուրքիան այս ամբողջ հակաասադյան շարժումը և՛ կազմակերպեց, և՛ նախապատրաստեց, և՛ օգնեց։ Սա առաջինը։
Երկրորդ, այժմ Թուրքիան նոր դերակատարություն է ստանձնել. այդ երկրի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք պատասխանատվություն են վերցնում Սիրիայում տեղի ունենալիք բոլոր գործընթացների համար։ Թուրքիան 3 խնդիր է լուծելու։ Այդ երկիրը նախ պետք է կարողանա վերահսկողության տակ պահել իշխանության անցումն ապստամբներին։ Թուրքիան իր վրա պարտականություն է վերցրել, որ օժանդակի դրան։
Երկրորդ, Թուրքիան հայտարարել է, որ պետք է օժանդակի Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչը շատ կարևոր և բարդ խնդիր է։ Եվ նաև կապված քրդերի հետ խնդիրները պետք է լուծի։
-Պարո՛ն Սաֆրաստյան, կարծում եք՝ Թուրքիան կկաղանա՞ այսքան խնդիրները միաժամանակ լուծել։
-Կասկածում եմ, որ այս խնդիրները ՝ մանավանդ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, Թուրքիայի ուժերում են։ Թուրքիայի համար սրանք շատ դժվար իրականանալի խնդիրներ են, որովհետև իշխանության եկած ուժերը միատարր չեն։ Այստեղ ջիհադիստների տարբեր տարրեր կան։ Նրանց միջև հարաբերությունները շատ վատ են։ Նույնիսկ այն ջիհադիստները, որոնք փորձում են հանդես գալ այսպես ասած նոր կերպարանքով՝ ավելի քաղաքակիրթ տեսքով, առաջ են եկել ջիհադական միջավայրից։ Իսկ օրինակ նրանց առաջնորդի համար ամերիկացիները գլխագին են հաստատել՝ 10 միլիոն դոլար։ Մինչև հիմա այդ գլխագինն ուժի մեջ է մնում։ Սա մեկ։
Երկրորդ, բացի այն, որ ջիհադիստական խմբավորումները բազմաբնույթ են, պետական ապարատը նորմալ վիճակում չէ։ Մյուս կողմից բանտերից հազարավոր մարդիկ են ազատ արձակվել, որոնցից շատերը ևս ջիհադիստներ են։ Կան կողոպուտների, սպանությունների, հրկիզումների մասին բազմաթիվ տվյալներ։ Կան տվյալներ, որ ամբոխը հաշվեհարդար է տեսնում Ասադի ընտանիքի և իշխանության հետ ասոցացվող մարդկանց հետ։ Մասնավորապես, ինֆորմացիա կա, որ փողոցում կախել են Ասադի զարմիկին։
Հիմա շատ ուժեղ իշխանություն պետք է լինի, որպեսզի կարողանա սաստել այս ամենը։ ։
-Բոլոր թվարկված խնդիրների շարքում որքա՞ն կարևոր է քրդական խնդիրը։
-Իսկապես, մյուս խնդիրը, որ կանգնած է Սիրիայի առջև, քրդական խնդիրն է։ Քրդական ուժերը հիմնականում չմասնակցեցին այս շարժմանը, և թուրքերը փորձելու են թուլացնել քրդերական գործոնը Սիրիայում։ Թուրքիան պետք է ամեն կերպ աշխատի թուլացնել քրդական գործոնը։ Դա շատ կարևոր է։ Այժմ պետք է ընթանա Սիրիայի իշխանության այսպես կոչված խաղաղ փոխանցման գործընթաց, և դա պետք է հանգեցնի նոր սահմանադրության հռչակման։ Իսկ այդ նոր սահմանադրության մեջ քրդերն ի՞նչ դերակատարում պետք է ունենան՝ ինքնավարությո՞ւն, թե մաս կկազմեն իշխանությանը, թե ընդհանրապես անկախություն կհայտարարեն։ Այնպես որ, քրդերի հետ կապված խնդիրները շատ բարդ են։
Մյուս խնդիրը փախստականների հարցն է։ Թուրքիայում 3,5 միլիոնից ավելի սիրիացի փախստական կա, և Թուրքիան պետք է նպաստի նրանց վերադարձին։ Մի մասն, իհարկե, կցանկանան վերադառնալ, բայց Ստամբուլում և մնացած մեծ քաղաքաներում տեղավորված սիրիացի փախստականները չեն ցանկանա վերադառնալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ նորից մնում եմ այն համոզման, որ Թուրքիան այս բոլոր խնդիրներից գլուխ չի հանի։
-Պարո՛ն Սաֆրաստյան, ի՞նչ կասեք իսրայելական գործոնի մասին։
-Այո՛, իսրայելական գործոնը կա։ Անընդհատ հարվածում են. օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հարվածներ են հասցվում սիրիական բանակի զենքի կենտրոնացման կետերին։ Այնպես որ, արդեն փաստ կա, որ իսրայելական բանակը ոչ միայն լրիվ գրավել է Հոլանի բարձունքները, այլև առաջ եկել Սիրիայի տարածք։ Իսրայելական բանակի զինվորները մի քանի տասնյակ կիլոմետրի վրա են Դամասկոսից։
Սիրիայի արևելքում կան , իհարկե, սահմանափակ ամերիկյան զորքեր, որոնք իրենց ձեռքում են պահում նավթի կարևոր հանքերից մեկը։ Բացի դրանից՝ ամերիկացիներն էլ մինչև այժմ հովանավորում էին քրդերին, սակայն հիմա փաստեր կան, որ փորձում են այդ հովանավորչությունից խուսափել։ Նրանք փորձում են համագործակցել թուրքերի հետ։
Չմոռանանք նաև ռուսական բազաների մասին։ Դրանք մինչև հիմա մնում են։ Չնայած այս նոր իշխանությունները խոսք են տվել ռուսներին ձեռք չտալ, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ պահի ռուսներին կստիպեն դուրս գալ այնտեղից։
Մյուս կողմից կա ալանիների խնդիրը. դա այն աղանդն է, որի ներկայացուցիչն է Ասադի ընտանիքը, և նրանք հիմնականում տեղակայված են Միջերկրական ծովի ափին։ Այժմ չի բացառվում, որ Ասադի կողմնակիցները հավաքվեն և կենտրոնանան այնտեղ։
Փաստորեն Թուրքիան իր վրա է վերցրել այս բոլոր խնդիրների կծիկը և պետք է կարգավորի բոլոր այս խնդիրները, ինչին ես կասկածում եմ։ Թուրքերն ամեն ինչ խառնեցին, քաոս ստեղծեցին, հիմա էլ, ինչպես ասում են, թող տակից դուրս գան։
-Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ ի՞նչ է Սիրիայում ստեղծված իրավիճակում սպասվում հայկական համայնքին։ Ի՞նչ հնարավոր սցենարներ եք տեսնում սիրիահայ համայնքի հետագա գոյության առնչությամբ։
-Գիտեք, ընդունված է համարել, որ ամենամեծ թվով հայերը Հալեպում են՝ 10-12 հազար մարդ։ Հայեր կան նաև Քեսաբում, Դամասկոսում։ Կան տվյալներ, որ իշխանությունը վերցրած զինյալները փորձում են հայերին և ընդհանրապես բոլոր քրիստոնյաներին՝ ընդհանուր առմամբ մոտ 30 հազար հոգի, հավաստիացնել, որ նրանց վտանգ չի սպառնում։ Ապստամբներն արդեն իսկ հանդիպել են Քեսաբի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Հալեպում էլ եղել են Բերիո թեմի առաջնորդարանում։ Դրական ինչ-որ ազդակներ կան, որ զինյալները հայերին լավ են վերաբերելու։
Մի հետաքրքիր փաստ ևս. Արամ Ա-ն մի հարթակ ունի, որտեղ շաբաթը մեկ հանդիպում ենք։ Հայաստանից և սփյուռքից տասը հոգի ենք։ Ես էլ եմ այդ խմբի անդամ, և վերջերս նա մի հետաքրքիր բան ասեց. Հալեպ մտած զինյալները ծագումով հենց հալեպցի են և դրա համար էլ դեռ մանկուց գիտեն, շփվել են, նրանց դրական են մոտենում։
Ընդհանուր առմամբ, հայերի վիճակն այս պահին նորմալ է, բայց ինչ կլինի հետո՝ ոչ ոք չի կարող հավաստիացնել։