ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված սուբյեկտի հայտարարություններում կան շատ անհամապատասխանություններ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Վերջին անհամապատասխանությունը Մասիսի ցանցում արևային էներգիայի ծախսը չգրանցելն էր, այսինք՝ մարդկանցից իբրև թե գողանալը։ Այդտեղ կա երկու խնդիր. իրենք հաշվարկը սխալ են արել, գցել էին 800 քանի հազար կիլովատ, բայց ընդամենը եղել է 120։ Իրենք իրենց նամակում նշել էին, թե մենք էլ չենք կարող պարզել դա եղել է մե՞ր օրոք, թե իրենց օրոք։ Ես համոզված եմ, որ դա եղել է իրենց օրոք՝ 90 տոկոսով։
Եվ երկրորդ խնդիրը. մեր ժամանակ, եթե, օրինակ, պարզում էինք, որ տեսուչը դա դիտավորությամբ է կատարել, ապա նա ազատվում էր աշխատանքից։ Իմ ինֆորմացիայով իրենց՝ այդ այսպես աղմկահարույց բացահայտման դեպքում ոչ մեկ չի ազատվել։ Այնտեղ ցանցի պետ են ազատել, եթե չեմ սխալվում և տեղակալ։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք անմիջապես կապ չեն ունեցել, անմիջապես գրողը տեսուչն է, բացարձակ չեն ազատել։ Դա ինձ, որպես իրավաբանի, հիմք է տալիս ենթադրելու, որ իրենց ասածով է դա եղել, որի արդյունքում չեն կարող ազատել իրենց հանցագործ սխեման իրագործած անձանց։ Նպատակը մեզ կեղտոտելն է։
Միշտ ասել եմ՝ իրենք ուզում են Սամվել Կարապետյան բարերարի, լավ մարդու, իսկական հայի կերպարի հակապատկերը ստեղծել»,–ասաց նա։





