«Փաստ» օրաթերթը գրում է․ Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե, ի վերջո, ինչ ճանապարհով է գնում մեր երկիրը. դեպի իրական խաղաղության դարաշրջա՞ն ենք շարժվում, թե՞ պետք է սպասել նոր պատերազմի։ Ու բարձրացվող հարցադրումներից մեկն էլ այն է, թե խաղաղության պայմանագիր կնքվելո՞ւ է, կամ, եթե իսկապես կնքվելու է, ի՞նչ երաշխիքներ է ապահովելու, որ կրկին պատերազմ տեղի չունենա։ Այսպիսի քննարկումների ֆոնի ներքո մենք տեսնում ենք բանակցությունների գործընթաց, բայց ոչ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ այն, որպես առանձին միջնորդական ինստիտուտ, դադարել է գործելուց, և դա խոստովանում են նույնիսկ Մինսկի խմբի անդամ երկրները։ Արդյունքում Մինսկի խմբի համանախագահության կողմից իրականացվող միջնորդական ջանքերի փոխարեն տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման երկու տարբեր նախաձեռնություններ։
Մի կողմից՝ Արևմուտքն է փորձում հիմնական միջնորդի դերակատարությունը ստանձնել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Եվ դրա արդյունքում է նաև, որ առկա է բանակցությունների՝ երկու միմյանցից տարանջատ գործընթաց։ Ըստ այդմ, քննարկվում է խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան, ինչը ևս վկայում է այն մասին, որ Արցախի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև համագործակցությունը և գործընթացի միասնական կոորդինացումը դադարեցվել է։ Ուստի բնական է, որ խաղաղության պայմանագրի այս երկու տարբերակում սկզբունքային տարբերություններ կան։ Եվ նույնիսկ մամուլում առանձին հրապարակումներ եղան պայմանագրերի նախագծերի բնորոշ գծերի մասին։ Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա խնդիրների լուծում, իսկ Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում։
Եվ պատահական չէ, որ դրան զուգահեռ ռուսական կողմը տարբեր դիվանագիտական խողովակների միջոցով փոխանցում է այն ուղերձը, թե Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Իսկ ահա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա։ Դրա վկայությունն է նաև հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, որի մեջ որևէ խոսք չկար Արցախի կարգավիճակի մասին։ Ավելին, դրանում հղում էր կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով, փաստացի, այս իշխանությունները Արցախը վերջնականապես կճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Հետաքրքիր է, որ արևմտյան միջնորդներն ընդգծում էին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի մինչև տարվա վերջ, ինչն էլ պատճառ էր դարձել ենթադրելու, որ Հայաստանը համաձայնել է մինչև տարվա վերջ փակել Արցախի թեման։ Ու, որքան էլ զարմանալի է, ՀՀ իշխանությունները կարծես իրոք ինքնակամ գնացել են այս քայլին, այլապես նրանք կհակվեին Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը հետագային թողնել նախատեսող ռուսական տարբերակին։
Այսինքն, մեր իշխանությունները բացահայտ հրաժարվում են Արցախից։ Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նրանք ընդհանրապես չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, այլ բարձրացնում են ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության հարցը։ Ու իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար նրանք նշում են, թե իբր աշխարհը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե ժամանակին զգուշացումներ էին հնչում, թե ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախից, իսկ ռուսական կողմը ցանկանում է ձգձել հարցի վերջնական լուծումը, շատերը չափազանցություն էին համարում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ զգուշացումները ճիշտ դուրս եկան։ Ավելին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում առաջարկվել էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, բայց Փաշինյանն ու Ալիևը Սոչի են եկել Պրահայի փաստաթղթով, ըստ որի, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվեր՝ առաջնորդվելով Ալմա-Աթայի հռչակագրով:
Այլ կերպ ասած՝ Լավրովը ակնարկում է, որ Հայաստանը համաձայնել է հրաժարվել Արցախից։ Թեպետ, այստեղ պետք է հավելել, որ Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված՝ մասնագետները նշում են, որ դրանով Արցախը չի ճանաչվում Ադրբեջանի մաս, քանի որ Հայաստանը այս հարցով վերապահումներով է այն վավերացրել: Սակայն այս հարցը իշխանություններին չի հուզում, ընդհակառակը՝ նրանք հակված են նրան, որ այդ հռչակագրով Հայաստանը ճանաչել է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Ինչո՞ւ է այսպես: Չէ՞ որ Արցախի թեման պետք է առաջնային կարևորություն ունենար հայկական կողմի համար։ Միգուցե իրենց իշխանության պահպանման համար դրսի որոշակի աջակցությունը ստանալը իշխանություններն ավելի՞ են կարևորում, քան Արցախի կարգավիճակը։ Հնարավոր է նաև այդպես…
«Փաստ» օրաթերթ