ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը, և այդ առումով առկա են բազում անելիքներ՝ որակյալ հոգեբաններ ներգրավելու, նրանց վերապատրաստելու, մասնագիտական զարգացմանը նպաստելու, ինչպես նաև աջակցելու առումով: Նախարարի տեղակալի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ: