Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նրա պաշտոնավարման շարունակականության հարցին՝ քաղաքական բոլոր ուժերին հորդորելով «լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի՝ «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
Այս նույն համատեքստում շարունակ ահազանգում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նախօրեին նման տեսակետ հայտնեց նաև Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայեկ Մինասյանը և ԱԺ նախկին ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրանք տարբեր ձևակերպումներով, ըստ էության այն թեզն են զարգացնում, որ ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները եթե իրենց վարչապետի թեկնածուներին չառաջարկեն, ուրեմն՝ հակասահմանադրական պայմանավորվածության մեջ են վարչապետի հետ և ուրեմն՝ պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ Ավելին, հետայսու ընդդիմադիր կոչվելու իրավունք չունեն։
Ընդ որում, շատերին զայրացրել ու զարմացրել է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը հրաժարականից հետո շարունակելու է մնալ իր տեղում ու դիրքում, ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար բառակապակցության ավելացմամբ։ Մանավանդ, հրաժարական տվողը պնդում է, թե շարունակելու է աշխատել նույն ռեժիմով և ծավալով, ինչը նշանակում է ոչինչ էլ չի փոխվելու։
Այսինքն, նա նույն կերպ շարունակելու է կառավարության նիստեր վարել, ապրել կառավարական ամառանոցների իր կեցավայրում, նույն կերպ նրան ուղեկցելու է հսկայական շքախումբ, նույն կերպ վարչապետական դիրքն օգտագործելով շարունակելու է մարզային այցեր կատարել ոստիկանական ուժերի օղակում, իրավապահների վրա մուննաթ գալով էլ ուղղորդել և հրահանգներ տալ նրանց այն դեպքում, երբ իրենց իսկ տանն ու հողում խաղաղ ապրելու, գոյաբանական խնդրի առջև կանգնած մեր համաքաղաքացիները բողոքներ ունեն և արտահայտու՞մ են դրանք։
Բնականաբար, այս ամենը հասկանալի է։ Հասկանալ կարելի է նաև, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը մտածում էր, թե այլևս վարչապետի աթոռին կառչածի դեմքը շարունակ էկրանին չի տեսնի, իսկ մեկ էլ պարզվում է, որ բնավ էլ այդպես չէ։ Գրեթե բան չի փոխվելու, քանի դեռ արտահերթ ընտրության արդյունքում չի փոխվել վարչապետն ու քպական իշխանությունը։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը այսօր ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ 2021 թվականի ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Փաշինյանի հրաժարականը ՀՀ նախագահի կողմից ընդունվել է, ավելին վերջինս հրամանագիր է ստորագրել, որով ընդունվել է Կառավարության հրաժարականը։
Ըստ այդմ՝ Էդգար Ղազարյանը եզրակացնում է՝ շարունակելով մնալ վարչապետի ԺՊ, «ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք, այն է՝ իշխանության յուրացում»։
Նկատենք, որ այս համատեքստում առաջացած թնջուկը մեծապես պայմանավորված է նաև մեր օրենսդրությամբ, քանի որ Սահմանադրությունը մի բան է ասում, իսկ Քրեական օրենսգիրքը՝ մեկ այլ բան։ Ավելին, իրավաբանների մի խումբը հակասում է մյուս խմբին կամ՝ մի փուլում նույն հարցի շուրջ մասնագետները մի բան են ասում, մյուս փուլում՝ այլ բան։ Այս առումով նույնիսկ բերվում է 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը, երբ նա ԺՊ չդարձավ, այլ նրան փոխարինեց այն ժամանակ՝ 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։
Հիմա՝ իրատեսության կողմնակիցները այլ կերպ են մեկնաբանում, թե՝ ասենք Տիգրան Ավինյանն է փոխարինում Փաշինյանին, ի՞նչ է փոխվելու դրանից, միևնույն է, վերջինս է լինելու ՔՊ ցուցակի առաջին համարը և քարոզչություն իրականացնողը, ինչը նշանակում է՝ ամենօրյա լայվերն անպակաս են լինելու։
Ի վերջո, ավելի կարևոր բան՝ եթե ԱԺ ընդդիմադիր կոչվող խմբակցություններն իրենց վարչապետացուներն առաջադրեն, խորհրդարանական մեծամասնությունն էլ՝ Փաշինյանին կառաջադրի, իսկ դա կհանգեցնի ավելի քան տխուր փաստի՝ իմքայլական ուսապարկերի մեծամասնության քվեարկությամբ՝ Փաշինյանը կշարունակի վարչապետ մնալ մինչև այս խորհրդարանի ժամկետի ավարտը՝ 2023 թվականը՝ իրագործելով իր բոլոր ազգակործան ծրագրերը։ Ավելին, այդ ժամանակ ԱԺ ընտրություններն էլ կկազմակերպի նույն ինքը։
Այսինքն, մեր ընտրությունը վատի ու վատթարի միջև է։ Բայց երկու ամիսն ու երկու տարին խիստ տարբեր ժամանակահատվածներ են։
Հիմա՝ հարց է ծագում ի՞նչն է պատճառը, որ հանկարծ մի շարք անձինք և ուժեր ուզում են, որ արտահերթ ընտրություններ չկայանան։ Ընդ որում, նաև Լ․Տեր-Պետրոսյանն իր ՀԱԿ-ով հանդերձ։ Իսկ միգուցե դա նաև Փաշինյանի ցանկությու՞նն է՝ ասված առաջին նախագահի բերանով։ Գուցե՞ նա շոշափելիորեն տեսնում է իր պարտությունը։
Աղբյուր` Փաստինֆո