Հուլիսի 7-ին Բեռլինում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը, անդրադարձան Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումներին, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև՝ զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների:
Բեռլին այցի շրջանակներում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ նաև Գերմանիայի դաշնային նախագահի գրասենյակի միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն Վոլֆգանգ Զիլբերմաննի և Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակի արտաքին և անվտանգության քաղաքականության վարչության պետի տեղակալ Քրիստիան Աուլբախի հետ։