Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…
Հովհաննես Թումանյան
1919թ․
Վերջին տարիներին փորձում եմ թարմացնել իմ գիտելիքները հայոց պատմության հարցերում։
Ցանկալի կլիներ, որ մեր պատմաբանները մի կողմ դնեին իրենց կարծրատիպերը և խորը, փաստերի վրա հենված, վերլուծական աշխատություն հրապարակեին այս թեմայով։
Ինչևէ, փորձեմ հակիրճ ներկայացնել հայոց պատմության որոշ դրվագներ, այդ ամենը դիտարկելով այսօրվա քաղաքական իրավիճակով պայմանավորված։
Մեր պատմության հազարամյակների ընթացքում, պատերազմել ենք ժամանակին մեզ հարևան տարբեր կայսրությունների հետ՝ Ասորեստան, Բաբելոն,Հռոմ, Պարսկաստան և այլն։
Փորձենք դիտարկել հայոց պատմության որոշ դրվագներ, սկսած I դարից մ․թ․ա։
Այն շրջանում արևմուտքը ներկայացված էր Հռոմեական կայսրությամբ։ Ի դեպ, Հռոմը, բացի հռոմեացիներից և հույներից, մնացած բոլոր ազգերին համարում էր բարբարոսներ, այդ թվում՝ հայերին։ Բարբարոսներին կարելի էր կոտորել, հարստահարել, ստրկացնել, օգտագործել գլադիատորական մարտերում։ Այդ շրջանում Հռոմի արևելքի հիմնական հակառակորդը Պարթևական(Պարսկաստան) թագավորությունն էր։ Հռոմեական կայսրությունը մշտապես փորձել է օգտագործել բարբարոս հայերին ընդդեմ բարբարոս պարթևների։ Հայ արևմտամետ թագավորների ջանքերը դաշնակցելու առաջադեմ Հռոմի հետ, մշտապես ուղեկցվել են տարածքային և մարդկային կորուստներով։ Երբ հայոց արքա Արտավազդ Բ-ն դաշնակցեց պարթևների հետ, համատեղ ջանքերով հայ-պարթևական զորքերը ջախջախեցին մեծն Կրասոսի անպարտելի թվացող լեգիոնը և Հայաստանը պահպանեց և՛ անկախությունը, և՛ տարածքները։ Հետագայում հայ արևմտամետների ներքին խառնակությունները թուլացրին Արտավազդ Բ-ի իշխանությունը և նա փորձեց լեզու գտնել Հռոմի հետ։ Արդյունքը՝ շուտով Մարկոս Անտոնիոսը գերեվարում է Արտավազդ Բ-ին և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով գլխատվում են Արտավազդն ու նրա կինը։ Հայոց թագավորությունը հայտնվում է վերացման եզրին և նորից Պարթևական երկրից գալիս է արքայազն Արտաշեսը, կարճ ժամանակ անց ջախջախում հռոմեական լեգիոնը և վերականգնում հայոց թագավորությունը։
Հետագայում, Արշակունիների թագավորության (65-428թթ․) հիմքերը դրվեցին հայ-պարթևական դաշինքի շնորհիվ, հռոմեացիների դեմ հաղթանակի արդյունքում։ Հետաքրքրական է, որ ընդունելով իր պարտությունը, նաև հարգելով հաղթողին, Հռոմի կայսր Ներոնը հրավիրում է Տրդատ Արշակունուն Հռոմ և թագադրում։ Արշակունյաց թագավորությունը բավականին հզոր պետություն էր՝ ունենալով Պարթևական պետության հետ դաշնակցային հարաբերություններ։ Որոշակիորեն հարաբերությունները փչացան, Պարսկաստանում հեղաշրջման և Սասանյանների իշխանության գալով։ Սակայն, Արշակունի թագավորներից վերջին, համեմատաբար հզոր թագավոր Պապը սպանվեց Հռոմի Վաղես կայսեր հրամանով։ Պապ թագավորից հետո Արշակունիների թագավորությունը թուլացավ և 387թ․ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Հետաքրքրական է, որ բյուզանդական հատվածում վերացավ հայոց թագավորությունը, իսկ պարսկական մասում, թեկուզ կախյալ, բայց շարունակվեց Արշակունիների իշխանությունը։ Եվ հենց Պարսկահայաստանում Վռամշապուհ թագավորի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։ Իսկ ո՞վ վերացրեց Արշակունիների թագավորությունը․․․հայոց իշխանները, ովքեր խնդրեցին պարսից արքային գահընկեց անել հայոց թագավորին։ Պարսից արքան ստիպված անսաց հայոց իշխանների խնդրանքին և 428թ․ գահընկեց արեց վերջին Արտաշես Դ թագավորին և նշանակեց մարզպետ։
Բավականին ուշագրավ աշխատություն է պատմաբան Համլետ Դավթյանի «Հայոց պատմական հնարավորությունները VI-VIII դարերում»։ Այդ ողջ ժամանակաշրջանում հայոց իշխանները եղել են անմիաբան և հիմնականում արևմտամետ։ Հետաքրքիր է, որ VI դարում Պարսկաստանում տեղի է ունենում հեղաջրշում և իշխանությունը վերցնում են պարթև Արշակունիները։ Նրանք նամակով դիմում են հայ իշխաններին, որ իրենք հաղթել են նաև հայոց թշնամիներին և խոստանում են վերականգնել հայոց թագավորությունը։ Գահընկեց եղած Սասանյան ժառանգները դիմում են Բյուզանդիայի կայսրին, խնդրելով աջակցել իրենց գահին վերադառնալու համար, որպես փոխհատուցում առաջարկելով Պարսկահայաստանի մեծ մասը։ Բյուզանդիայի կայսրը դիմում է հայոց իշխաններին և․․․ հայոց զորքը հարձակվում, հաղթում է Արշակունիներին, գահը վերադարձնելով Սասանյաններին։
IX դարում երկարատև ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց թագավորությունը։ Այն հիմնադրվեց հայոց իշխան Աշոտ Բագրատունու կողմից արաբների դեմ երկարատև պատերազմներից հետո։ Նրան Արաբական Խալիֆը ճանաչեց որպես իշխանաց իշխան, հետագայում որպես հայոց թագավոր։ Այո՛, ինչպես Ներոնը, այնպես էլ Խալիֆը հարգեցին հաղթողին։ Դրանից հետո Բյուզանդիան նույնպես ճանաչեց հայոց թագավորությունը։ Եվ ո՞վ կործանեց շուրջ երկու դար տևած հայոց Բագրատունյաց թագավորությունը․․․հայ արևմտամետ իշխանները Վեստ Սարգիսի և կաթողիկոս Պետրոս Գետադարձի առաջնորդությամբ՝ պետությունը վաճառելով Բյուզանդիային։
Հայոց հաջորդ պետականությունը XI-XIV դարերում Կիլիկիո թագավորությունն էր։ Այդ շրջանի մասին հատուկ գիտելիքներ չունեմ։ Սակայն որքան ինձ հայտնի է, Կիլիկիո թագավորության ամենածաղկուն շրջանում, թագավորները ռազմաքաղաքական դաշինք են կնքել մոնղոլների հետ և համատեղ ուժերով տարել հաղթանակներ։ Հետագայում Կիլիկիո թագավորներն աչքերն ուղղել են դեպի արևմուտք, քրիստոնյա Եվրոպա, փորձելով դաշնակցել խաչակիրների հետ։ Եվ երբ մամլուքները հարձակվել են Կիլիկիայի վրա, քրիստոնյա Եվրոպան միայն դիտորդի դերում է եղել։
Դարերի ընթացքում զրկված լինելով պետականությունից, այնուամենայնիվ պարսկական տիրապետության տակ գտնվող պատմական Հայաստանի Արցախ նահանգում պահպանվում էր հայկական ինքնավարություն։ Իսկ XIX դարում Սյունիքում տեղի ունեցավ Դավիթ Բեկի ապստամբությունը Օսմանյան Թուրքիայի դեմ։ Եվ ո՞վ ճանաչեց և օժանդակեց Դավիթ Բեկին․․․Այո՛, պարսից շահ Թահմազը։
Հիշենք նաև 1878թ․ ռուս-թուրքական պատերազմից հետո Սան Ստեֆանոյում կնքված պայմանագիրը, որտեղ նոր պատմության մեջ առաջին անգամ հիշատակվեց Հայաստան անվանումը։ Սակայն արևմտյան կայսրությունների ջանքերով,նույն թվականին հրավիրվեց Բեռլինի համաժողովը, որտեղ Հայաստան և հայեր բառերը փոխարինվեցին «Հայկական հարց» ոչինչ չասող ձևակերպումով(https://www.aravot.am/2021/01/11/1164182/)։
Դարավոր ընդմիջումից հետո, 1918թ․ Սարդարապատի հերոսամարտի շնոհիվ հռչակվեց Հայաստանի անկախ հանրապետությունը։ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, ընդամենը 1,5 տարի։ Եվ իմ համոզմամբ առաջին հանրապետությունը կործանվեց նույն արևմտամետության պատճառով։ Հայաստանի ղեկավարությունը հաշվի չառավ տարածաշրջանային իրողությունները և Հայաստանը համարելով Անտանտի դաշնակից, հույսը դրեց արևմուտքի օգնության վրա։ 1920թ․ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարությանն առաջարկեց ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, շուրջ 60 հազ քառ․ կմ տարածքով, ինչպես ճանաչել էր Ֆինլանդիան, չեզոքության պայմանով։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը թափահարում էր Սևրի դաշնագրով գծված Հայաստանի քարտեզը։ Թերևս անխուսափելի էր դառնալ ԽՍՀՄ հանրապետություն, բայց ճիշտ քաղաքականության արդյունքում կունենայինք 60 հազ․ քառ․կմ տարածքով Խորհրդային Հայաստան, ներառյալ Նախիջևանը և Արցախը։ Հանուն վիլսոնյան թղթե Հայաստանի, նույնիսկ Հայաստանի ղեկավարությունը հորդորում էր Գարեգին Նժդեհին թողնել Սյունիքը, քանի որ այն մաս չէր կազմում վիլսոնյան թղթին։ Ի դեպ, Սյունիքի, այն է՝ Լեռնահայաստանի ինքնապաշտպանությանը նույնպես օժանդակել է Պարսկաստանը։ Ուղղակի զարմանալի է, նույն 1920թ․ Անտանտի անդամ, մեծ հայասեր Ֆրանսիան համաձայնության գալով Թուրքիայի հետ, լքեց Կիլիկիան, տեղի հայերին կանգնեցնելով հերթական ցեղասպանության առաջ, բայց Հայաստանի ղեկավարությունը շարունակում էր երկրպագել արևմուտքին։
Եվս մեկ նկատառում։ Ո՞ր երկրներում է հայկական սփյուռքը, հայկական համայքն առավել ճանաչված, ինքնուրույն։ Պատասխան՝ արևելքում, հատկապես՝ Իրան, Սիրիա, Լիբանանան։
Եթե արևմուտքում հայկական համայնքն ընդամենը բարեկեցիկ գոյատևում է և հաջորդ սերունդն արդեն դժվարությամբ է մտաբերում իր հայ լինելը, ապա արևելքում հայկական համայնքը ճանաչված է և ուծացման վտանգ չի սպառնում։ Լիբանանում հայերն ըստ էության պետական համայնք են, ունենալով պատգամավորական, նախարարական օրենքով ամրագրված քվոտաներ։ Հայկական համայնքները պատգամավորական քվոտաներ ունեն նաև Իրանում և Սիրիայում։
Ինչու կատարեցի այս պատմական էքսկուրսը։ Չեմ կարծում, որ վերը նկարագրվածը պատահականություն է, այն հստակ օրինաչափություն է։
Արդյո՞ք նույն պատմական սխալները չենք կրկնում 1991թ․ սկսած անկախության, հատկապես վերջին 4 տարիներին։ Լինելով Ռուսաստանի դաշնակից երկիր, հատկապես 2018թ․ սկսվեց բացահայտ հակառուսական, նաև հակաիրանական, հակաչինական, ընդգծված արևմտամետ քաղաքականություն։ Կարելի է համառոտ թվարկել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված շինծու մեղադրանքը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Երևանում «ջերմ» ընդունելությունը, Ռուսաստանի «ադապտացումը», Ալեքսեյ Նավալնու Հ1-ով հարցազրույցը, ինչպես նաև իշխանամերձ լրատվամիջոցներով հակառուսական քարոզչությունը, Իրանի սահմանի «անիմաստ» լինելը, հակաչինական ալյանսին միանալը։ Այս հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունը պայմանավորված պատերազմն ու պարտությունն էր։ Եվ այդ նվաստացուցիչ պարտությունից հետո նույն քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում է։ Վարչապետ կոչեցյալը բարբառում է իբր զենքի ձեռք բերման սահմանափակումների մասին՝ ակնարկելով ռուսական արգելքը։ Բացահայտ սուտ։ Այո, Ռուսաստանը թերևս չի հանդուրժի ՆԱՏՕ-ական զենքի գնումներ, բայց եթե նույնիսկ բացառենք Ռուսաստանի գործոնը, արդյոք, օրինակ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր պատրա՞ստ է զենք վաճառել իր դաշնակից Թուրքիայի բարեկամ Ադրբեջանի թշնամուն։ Իսկ Ռուսաստանը հաստատ չի խոչընդոտի Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից զենքերի ներմուծմանը։ Ըստ հավաստի լուրերի պատերազմի ժամանակ Հնդկաստանն առաջարկել է ներկայացնել անհրաժեշտ զենքերի ցանկ, բայց․․․ ձայն բարբառո անապատի։ Եվ վերջապես, չմոռանանք, որ Ռուսաստանը միայն Հայաստանին էր տվել իր հզոր զենքերից Իսկանդերը, որն այդպես էլ չխփեց ադրբեջանական նավթագազամուղերին և զորքերի կուտակումներին։
Կարծում եմ, որ դեռևս նախորդ իշխանությունները պետք է սերտացնեին հարաբերությունները, առաջին հերթին Իրանի, նաև Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի հետ, նաև ռազմական ոլորտում։ Կարծում եմ, որ ի տարբերություն արևմտյան վեկտորի, այս պարագայում Ռուսաստանի կողմից հատուկ խանդ չէր ցուցաբերվի։
Այսօր, երբ Հայաստանի լինել չլինելու հարցն է դրված, միակ երկիրը, որ լուրջ անհանգստություն է արտահայտում և պատրաստ է ռազմական միջամտություն ցուցաբերել՝ Իրանն է, բնականաբար ելնելով առաջին հերթին իր ազգային շահերից։Սակայն, իմ կարծիքով, բացի իր ազգային շահերից, Իրանը նաև ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ։ XX դարում Իրանում տեղի են ունեցել մի քանի հեղափոխություններ։ Եվ ամեն նոր իշխանություն մշտապես դրական է վերաբերվել հայ համայնքին։ Եվ փոխանակ, Հայաստանը կտրուկ, այո՛ կտրուկ քաղաքական շրջադարձ կատարի դեպի Իրան, Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հանդիպումներ են ունենում ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ։ Հայաստանի հնարավոր օկուպացիայի դեպքում, այդ արևմտյան կառույցների «հայասեր» ղեկավարները խորը մտահոգություններ կհայտնեն, խստորեն կդատապարտեն, լավագույն դեպքում կպահաջեն զորքերի հետքաշում․․․և վերջ։
Հռոմեական շրջանից սկսած արևմուտքում իշխել է չոր պրագմատիկ քաղաքականությունը, ինչպես վերը նշեցի՝ հնում այլ ազգերը համարվել են բարբարոսներ, միջնադարում՝ խաչակրաց արշավանքներն ու գաղութատիրությունը՝ պայքար անհավատների դեմ, այսօր՝ հանուն «ոսկե միլիարդի» բարեկեցության՝ ժողովրդավարության անվան տակ, իբր պայքար ավտորիտազմի և բռնապետության դեմ։ Արևմտյան մեծ մարդասերներ Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆրանց Վերֆելը և այլոք երբեք չեն ազդել և չեն ազդելու իրենց երկրների պրագմատիկ քաղաքականության վրա։
Ինչպես ասել է Նապոլեոն Բոնապարտը «Քաղաքականությունն առաջին հերթին աշխարհագրություն է»։
Եթե նախկինում Հայաստանի համար արևմուտքը, համեմատաբար քաղաքակիրթ Հռոմն էր, հետագայում Բյուզանդիան, ապա այսօր, Հայաստանից արևմուտք, նույն արևմուտքի դաշնակից ցեղասպան Թուրքիան է։
Իմ հանդիպումների, զրույցների ժամանակ թունդ արևմտամետ, նաև հակառուս արևելաեվրոպական երկրների իմ ընկերների, նաև արևմտյան երկրների դիվանագետների հետ, նրանց ներկայացնում եմ․ «Ի՞նչ երկրներ են գտնվում Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Էստոնիայի , Լատվիայի, Լիտվայի արևմուտքում։ Ճիշտ եք՝ Լեհաստան, Ռումինիա և այլ եվրոպական երկրներ։ Նույնիսկ Վրաստանի դեպքում, դեպի արևմուտք ծովի ելք կա։ Իսկ ո՞ր երկիրն է Հայաստանից արևմուտք․․․Թուրքիան»։
Եվ հավատացնում եմ, բոլոր զրուցակիցներս 100%-ով հասկանում և ընդունում են իմ փաստարկները։
Այլ է Հայաստանի արևմտամետների դեպքում։ Նրանք չեմ կարծում, թե այս տարրական ճշմարտությունը չեն հասկանում։ Եթե Կիլիկիո թագավորության, առաջին Հանրապետության ղեկավարները անկեղծ հավատում էին արևմուտքին, ապա այսօրվա արևմտամետները վեստսարգիսներ են՝ հանուն փողի պատրաստ վաճառելու հայրենիքը։Եվ ինչպես նշեցի,Հայաստանի համար այսօրվա արևմուտքը՝ Թուրքիան է , հետևաբար այսօրվա արևմտամետներն իրականում, հանուն փողի, սպասարկում են մեր դարավոր թշնամի Թուրքիայի շահերը, թաքնված արևմտյան «ժողովրդավարության» արժեքների քողի տակ։
Այսպիսով, հնարավոր իշխանափոխության, Հայաստանի հնարավոր փրկության դեպքում, նոր Հայաստանի քաղաքականությունը պետք է ուղղված լինի դեպի արևելք, դաշնակցային հարաբերություններ հաստատելով առաջին հերթին Իրանի, ապա Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Սիրիայի հետ, իհարկե պահպանելով դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ունենալով նաև ջերմ դիվանագիտական հարաբերություններ արևմուտքի հետ։
Արտաքին քաղաքականության այսպիսի ուղղությանը բացարձակապես չի հակասում , որ ներքին քաղաքականությամբ Հայաստանը լինի իրական իրավական պետություն, հստակ ազգային-պետական շահերին սպասարկող սահմանադրությամբ և օրենքներով, իրական անկախ դատաիրավական համակարգով։ Իսկ, այսպես կոչված ժողովրդավարությունը 0 է, ոչ իրավական պետության պարագայում, ինչպիսին այսօրվա Հայաստանն է։
Բայց, կարծում եմ, որ արևմտամետությունը, այն է՝ օտարամոլությունը,նյութապաշտությունն ու հարուստ հովանավորի փնտրտուքը մեր ժողովրդի թերևս անբուժելի թվացող հիվանդություն է։ Հայաստանի ինչպիսի բժիշկ-ղեկավար, իր համախոհներով պետք է հայտնվի, որ փորձի առանց անզգայացման, ցավոտ վիրահատությամբ բուժել մեր ժողովրդին։
Հոդվածն ավարտենք նույն հայոց հանճար Հովհաննես Թումանյանով․
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու`
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ արևելքն աստվածային ― հայրենիքը իմ հոգու…
Հովհաննես Թումանյան
1921թ․
Ավետիք Իշխանյան