Տակնուվրա է հայաշխարհը, փոխադարձ մեղադրանքները, հանդիմանությունները, հիշեցումներն ու հիշոցները հաջորդում են միմյանց։ Շարժառիթը Մյուռոնօրհնեքի արարողությունն է եւ Մայր տաճարի վերաօծումը հիմնանորոգությունից հետո։ Ազգային պատմական միջոցառումներ, որոնց մասնակցելու կամ ներկա գտնվելու շուրջ է ստեղծված տակնուվրայությունը, ամբաստանապայքարը։ Ավելի տաքացած են ընդդիմադիրները, որոնք մեղադրում են Մայր աթոռը եւ Ամենայն հայոց հայրապետին գործող իշխանությանը, գործող վարչապետին՝ արարողություններին մասնակցելու հրավեր ուղարկելու համար, հիշեցնելով վերջինների՝ Հայ եկեղեցու ու նրա Գահակալի դեմ նիկոլականների եւ այլոց կատարած հանցավոր ու բոլորովին անիրավ գործողությունները։ Նրանք, ներառյալ հանրապետության 2-րդ ու 3-րդ նախագահները, մերժեցին մասնակցել արարողություններին՝ պատճառաբանելով «կապիտուլյանտների» ներկայությունը այդ արարողություններին։
Անվերապահ բաժանելով նրանց կարծիքը, ինչ վերաբերում է վարչապետապայմանագրային հանրությանը, ուզում եմ հիշեցնել, որ Հայ եկեղեցին ո՛չ կուսակցություն է, ո՛չ քաղաքական շրջանակ, ո՛չ էլ պետական կառույց, առավել եւս՝ իշխանություն։ Մեր եկեղեցին վերքաղաքական, ներազգային ու համազգային կառույց է, որի առաքելությունն է, գլխավո՛րը, պահպանել ազգի հոգեւոր, իմացական ու, որոշ պարագաներում, ինչպիսիք են հիմա, անվտանգ գոյերթը։
Մեկ անգամ չէ, որ Հայ եկեղեցին պաշտոնապես արտահայտել է ազգային մտահոգություններից ծնված իր դիրքորոշումը Հայաստանի գործող իշխանությունների մասին, պահանջել վարչապետի ու նրա կառավարության հրաժարականը։ Հետեւաբար անտեղի են նրա հասցեին հնչող մեղադրանքները իշխանության հետ գործարքի գնալու, իշխանության սպառնալից գործողությունները կանխելու ինքնապաշտպանության վերաբերյալ։
Բայց, մյուս կողմից, Հայ եկեղեցին, Մայր աթոռ Ս. Էջմիածինը, չի՛ կարող քրիստոնեական իր դավանանքին, իր ազգային էությանը դեմ գնալ եւ առիթ չտալ մեր երկրի մոլորյալ ու մոլերեցնող ղեկավարությանը առիթ տալ դարձի գալու, հրաժարվելու իրենց իրո՛ք ազգակործան քաղաքականությունից եւ ապաշխարելու։ Ապաշխարելու հնարավորությունը մեր Եկեղեցու, քրիստոնեական մեր դավանանքի էությունն է, հիմնաքարը, հետեւաբար նաեւ հավատացյալների իրավունքը։
Հետեւաբար մեր բոլորի ցանկությունը եւ Վեհափառ Հայրապետի պարտականությունն է առիթ տալ նրանց, Նիկոլ Փաշինյանին ու գործակիցներին ի վերջո զգաստանալու, մեղայի գալու եւ ապաշխարելու։
Իսկ ինչ վերաբերում է Բագրատ Սրբազան հորը, որ, ինչպես ընդունված է եկեղեցականների կյանքում, մի քանի օրով retrait վերցնելը (առանձնանալ, մենության մեջ ապրել, ճգնել) հասկանալի ու գովելի արարք է, որի նպատակը ակնհայտ է եւ գնահատելի. Նա չցանկացավ որեւէ պատրվակ տալ եւ բարդույթ առաջացնել դավաճաններին ու նրանց մեղսակիցներին չգնալու ապաշխարանքի դուռը։
Նրանք կմտնե՞ն ներս, մեղայի կգա՞ն, կապաշխարե՞ն։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ