Իհարկե ծանոթ եմ միջադեպին. Սունդուկյանի թատրոնը գտնվում է նախարարության ենթակայության ներքո, և, բնականաբար, պետական գույքի ճակատագիրը չի կարող նախարարության տիրույթից դուրս լինել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի դերասանների՝ այսօր թատրոնում գիշերելու և Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի՝ ոստիկանություն հաղորդում ներկայացնելու հարցին։
«Տեղյակ եմ իրավիճակին, տեղեկացված են նաև իրավապահները։ Կարծում եմ՝ հետագա գործընթացները դուրս են նախարարության և թատրոնի տիրույթից, և իրավապահ մարմիններն են, որ պետք է արձագանքեն այս իրավիճակին»,- ասաց նախարարը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այսքան պայքարից հետո ԿԳՄՍՆ-ն ընդառաջի «Գոյ» թատրոնի կոլեկտիվին՝ թույլ տալով աշխատել սեփական հարկի տակ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ բազմիցս հանդիպել են թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, և այդ հանդիպումների ժամանակ նրանց երաշխավորվել է, որ իրենց ստեղծագործական ազատության և գործունեության համար որևէ խոչընդոտ չկա, և կարող են հանդես գալ Սունդուկյանի անվան թատրոնում։
«Բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար շատ հասկանալի չէ, որովհետև մենք նաև պայմանավորվածություն ունեինք, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմ, եթե իրենք կորոշեն գնալ մասնավոր թատրոնի ճանապարհով։ Կամ կարող էին որպես առանձին ստեղծագործական միավոր աշխատել Սունդուկյանի անվան թատրոնի կազմում։ Սակայն ակնհայտ է, որ այդ հարցերին նրանց արձագանքը դուրս է տրամաբանության շրջանակից»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են աշխատել որպես առանձին թատրոն և չմիավորվել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հետ։ «Գոյ» թատրոնի անձնակազմը միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։