2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Եվ չնայած այս եզրույթի մշտական քննարկմանը, միջազգային հանրությունն ընդունակ չէ լուծելու այս խնդիրը։ Դրա մասին Politico-ում գրել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
«Միայն 2023 թվականի վերջին ամիսներին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուն աշխարհին նախազգուշացրեց վեց տարբեր իրավիճակների մասին, երբ էթնիկ խմբերի ցեղասպանության վտանգ կա: Նախազգուշացման մեջ հիշատակվում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։
Անցյալ ամիս Կալիֆորնիայում գործող Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ) դիմել է Միջազգային քրեական դատարանին: Զեկույցը ներկայացնում է Ալիևի վերջին տասնամյակի հետևողական հայտարարությունները, որոնք ակնհայտորեն վկայում են հայերին ոչնչացնելու նրա մտադրության մասին։ Զեկույցում հիմնականում ուշադրություն է գրավում է հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարբեր ձևերի վրա նաև բուն Հայաստանում:
Դեռևս 2015 թվականի ապրիլին Ալիևը, զգուշացնելով հայերին, պաշտոնապես հայտարարել էր. «Եթե չեք ուզում մեռնել, հեռացեք ադրբեջանական հողերից»։ Նա նաև բազմիցս հայերին անվանել է «վիրուս», «առնետներ», «շներ», «սատանաներ», «ահաբեկիչներ», «ֆաշիստներ», «թշնամիներ», «բարբարոսներ և վայրագներ»՝ միաժամանակ խրախուսելով նրանց նկատմամբ բռնությունը։
Հայաստանի տարածքում ադրբեջանական ապօրինի բռնազավթման ներքո գտնվող հայկական տարբեր խմբավորումներին ոչնչացնելու նպատակով Ալիևը ստեղծեց պայմաններ, որոնք հանգեցրին հայերի ոչնչացմանն ու բռնի տեղահանմանը։ Հետագայում ադրբեջանական զինուժը ռազմական հարձակումներ է ձեռնարկել այդ տարածքները վերահսկողության տակ առնելու համար՝ անխտիր սպանելով էթնիկ հայ քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են հեռանալ կամ չեն կարողացել փախչել:
Լեռնային Ղարաբաղում Ալիևն այս ռազմավարությունն իրականացրել է միջազգային հանրության աչքի առաջ։ Սկզբում ադրբեջանական զինուժն ինը ամիս շարունակ ապօրինի շրջափակել էր Լաչինի միջանցքը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի երկու պարտադիր որոշումները, որոնք նախազգուշացնում էին այնտեղ բնակվող 120 հազար հայերի նկատմամբ ցեղասպանության վտանգի մասին։
Այնուհետև, 2023 թվականի սեպտեմբերին, Ալիևը ձեռնարկեց անօրինական ռազմական ագրեսիա՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքը և հայերին ստիպելով փախչել։ Ալիևը, անդրադառնալով հայերի բռնի տեղահանմանը, այն ժամանակ հայտարարեց. «Ես ասացի, որ եթե նրանք իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պես կքշենք, ինչն էլ անում ենք»։
Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի Ճշմարտության և արդարության կենտրոնի վերլուծությունը նոր լույս է սփռում նախորդ փաստերի վրա՝ պարզելով, որ 2021 թվականի մայիսին Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում իրականացվել է նմանատիպ ցեղասպանական ռազմավարություն, որի արդյունքում առնվազն 3000 էթնիկ հայեր անօրինական բռնի տեղահանվել են։ Այն ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված կանայք սիստեմատիկ կերպով ենթարկվում էին գենդերային բռնության։
Այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակում է ուղղակի սպառնալիք լինել Հայաստանի սահմանների մոտ ապրող մյուս հայերի համար։ 2023 թվականին Ալիևը հայտարարել է. «Այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է Զանգեզուրի լեռներում։ Կարո՞ղ են մարդանման այս արարածները [հայերը] մոտենալ այս դրոշներին: Մի օր նրանք կարող են արթնանալ ու իրենց գլխավերևում տեսնել Ադրբեջանի դրոշը»։
Մարտին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Հայաստանից պահանջել էր անհապաղ հանձնել սահմանամերձ 4 գյուղերը, ինչը նույն ճակատագրին կդատապարտի այս գյուղերի հայ բնակիչներին։ Ի վերջո, Հայաստանը համաձայնեց վերադարձնել բոլոր չորս գյուղերը։
Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց իր ցեղասպանական մտադրությունները Հայաստանում հայերի նկատմամբ՝ ընդունելով «Հայտարարություն արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք վերադարձի մասին» բանաձևը, որով հռչակում է իր ինքնիշխանությունը Հայաստանի ամբողջ տարածքում։
Ցավալի իրականությունն այն է, որ արդի դարաշրջանի առաջին լայնորեն ճանաչված ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց, երբ ավելի քան մեկ միլիոն հայեր սպանվեցին օսմանցիների կողմից, հայերը կրկին ցեղասպանության զոհ են դառնում:
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Ադրբեջան՝ իր աջակցությունը ցույց տալու համար։ Եվ արևմտյան քաղաքական առաջնորդները նույնպես կարծես աջակցում են Ալիևին. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնիսկ Ադրբեջանին «ամենակարևոր գործընկեր» է անվանել:
Այս ամենը սթափեցնող հիշեցում է առ այն, թե որքան քիչ բան ենք սովորել պատմությունից և դեռևս որքան խոցելի ենք չարի հանդեպ: Ժամանակն է, որ աշխարհը հասկանա դա և մշակի նոր ռազմավարություններ՝ ցանկացած ցեղասպանություն կասեցնելու համար»,- գրել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը։