Արագ հաջողության չհասենլով «Զանգեզուրի միջանցքի» հարցում, հանդիպելով դիմադրության՝ Ադրբեջանն ու Թուրքիան այլ խաղ են խաղում։ Նրանք ասում են՝ «Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ միջանցքը դարձնենք ՆԱՏՕ-ի միջանցք. գուցե այդ դեպքում ջարդենք Հայաստանի դիմադրությունը», 168.am-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա՝ հնարավոր միջանցքի գոտում բնակվող շատ ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ մտածում են արագ վաճառել տունն ու ունեցվածքը և հնարավորինս շուտ հեռանալ Սյունիքից։
«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ծախեք ձեր հողերը, հարստացեք։ Այս պրոպագանդան գնալու է։ Նա իր ասուլիսին շատ խորամանկ խոսեց. ասաց՝ ճանապարհն արտապատվիրակում ենք։ Ասում է՝ չեմ կարող հայրենիքը պաշտպանել. այդ քաշային կատեգորիան չունեմ. «մուտիլովկա՞» է պետք՝ անեմ, մա՞րդ է պետք՝ բռնեմ, բայց չեմ կարող Ադրբեջանի, ԱՄՆ-ի դեմ խոսել»։
Իսկ ի՞նչ է նշանակում այդ վարձակալված միջանցքը. դա նշանակում է, որ եթե մենք Հայաստանից գնում ենք Իրան, պետք է կանգնենք, սպասենք մեր հերթին՝ արդյոք թույլ կտան անցնել Իրան, թե ոչ։ Էլ չենք կարող հենվել սահմանի վրա, էլ սահման չկա, բայց դրա մասին չեն ասումԼ։ Իսկ ՆԱՏՕ-ին պետք է, որ Հայաստանն Իրանից կտրեն։ Հայաստանը պետք է կտրվի և՛ Իրանից, և՛ ՌԴ-ից»,- ասել է Հրանտը Բագրատյանը։
Ըստ քաղաքական գործչի՝ միջանցքն Ադրբեջանի համար քաղաքական կարևորություն է, ոչ թե տնտեսական անհրաժեշտություն։
Անդրադառնալով արևմտամետ ուժերի այն հայտարարություններին, որ «ռուսները մեզ քցել են», ՀՀ նախկին վարչապետը հարց հնչեցրեց՝ իսկ որտե՞ղ են «քցել»։
«Դուք, ձեր վարչապետը կանգնեցիք, ասեցիք՝ «Արցախն Ադրբեջան է»։ Ռուսն ասեց՝ ես ի՞նչ անեմ։ Ռուսները դուրս եկան հայերի դավաճանությունից»,- ասաց նա։
Հարցին, իսկ որտե՞ղ է մեզ դավաճանել Արևմուտքը, Բագրատյանը շեշտել է՝ հենց Արցախի հարցում։
«Այս ամենն արվում է հայ ժողովրդին ռուսատյաց դարձնելու համար։ Ասելով, որ Ղարաբաղն Ադրբեջան է՝ մենք Ռուսաստանին խփեցինք, ոչնչացրեցինք, ոչ թե Ադրբեջանին լավություն արեցինք։ Իսկ թե ինչպես ստեղծված իրավիճակում կվարվի Իրանը, պարզ է. զորքեր կմտցնի, պատերազմ կսկսվի։ Հայ բնակչության մի մասը կզոհվի, մյուսները երկու օրում կփախչեն։ Սա շատ հնարավոր հեռանկար է»,- ասել է նախկին վարչապետը։
Բագրատյանը շեշտեց՝ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հայ ժողովրդին երեք մատի կոմբինացիա ցույց կտրվի։
«Փող-մող այդտեղ չի սպասվում, ոչինչ չեն ստանալու»,- ասել է նա։
Ըստ բանախոսի՝ չկա ոչ մի խաղաղության պայմանագիր, կա կապիտուլյացիայի պայմանագիր։
Բագրատյանը հավելել է՝ Արևմուտքն Ադրբեջանին ասում է՝ «Տուր միջանցքի հարցը ես լուծեմ, փոխարենը դու ռուսների հետ վատ եղիր»։
«Բայց միջանցք չի լինելու, մինչև դա կլինի իշխանափոխություն։ Տարանցիկ ճանապարհ՝ խնդրեմ»,- ասել է նա։
Բագրատյանը միաժամանակ շեշտել է՝ ՌԴ-ի հետ Ադրբեջանի վատ հարաբերություններն Արևմուտքի պահանջն են։
«Թուրքիան Հայաստանին հասկացնում է՝ էս Ալիևը լկտի է։ Էրդողանը Փաշինյանին պատկերավոր ասում է՝ ավելի շատ ինձ վրա հույս դիր. մեկ է՝ դու կամ իր վասալը պիտի լինես, կամ իմ։ Եթե Ալիևը շատ համը հանի, թույլ կտամ, որ դու մեր վասալը լինես»,- ասել է բանախոսը։





