Ճշտում. «Նուռ» հուշարձանը դեռ նույն տեղում է, մինչեւ դատարանը վճիռ կայացնի

Այսօրվա «Ազգում» հրապարակված մեր «Հայոց դիմադրողականության փորձարկում՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում» հոդվածում մի նախադասություն, բարեբախտաբար, չի համապատասխանում իրականությանը՝ Քյոլնի «Նուռ» հուշարձանը դեռ չի ապամոնտաժվել, մինչեւ դատարանը վճիռ կկայացնի: Այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող հուշարձանը կարող էր մնալ քաղաքի կենտրոնական այդ հրապարակում հինգշաբթի տեղական ժամանակով մինչեւ ժամը 22-ը, ինչը բազմիցս ճշգրիտ իրականացվել էր նախորդ տարիներին, առիթ էր տվել Երեւանում ավելի վաղ տպարան ուղարկվող մեր թերթում արձանագրել՝ իբրեւ կատարված գործողություն: Հուշարձանի մասին թարմացվող տեղեկությունների կայքում երեկ տեղադրված էր ապամոնտաժման հին լուսանկարը՝ առանց թվագրման, որ ընկալել տվեց, թե հուշարձանն արդեն տարածքից հեռացրել են: Սրտացավ, օպերատիվ աշխատանք ցուցաբերած նախաձեռնող խումբն էլ մինչեւ գրելուս պահը որեւէ բան դեռ չի ավելացրել կամ փոփոխել լրատվության մեջ: Մեզ համար ենթադրելի բացատրություն ունի այս վարքը՝ թուրքական ժխտողականության մարտնչող բանակն ամեն բան մեզնից առաջ չպիտի գիտենա…

Այնպես որ, «Նուռ» հուշարձանը դեռ նույն տեղում է։

Ավելի մանրամասն կանդրադառնանք «Ազգում»:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա