Առաջարկվում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացնել դրույթ, որի համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ բյուջեով Հարկադիր կատարման ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ։
Ինչպես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը, ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկումը, հատկացվող գումարի առավելագույն չափը սահմանելու է կառավարությունը։
«2022 թվականի սեպտեմբերից ծառայությունում գործարկվել է պարգևատրումների պիլոտային ծրագիր, որը հաջողել է. ծառայությունում կատարողականի դրական ցուցանիշն զգալիորեն աճել է։ Արդյունքում պիլոտային ծրագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատակիցներին արդյունքահեն սկզբունքով պարգևատրումը դրական ազդեցություն է ունեցել, ուստի պարգևատրման կառուցակարգն անհրաժեշտ է ամրագրել օրենսդրորոն»,- ասաց փոխնախարարը։
Հանձնաժողովի անդամ պատգամավորները հետաքրքրվեցին՝ որքա՞ն է ծառայության աշխատակիցների թվաքանակը, պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվելու վերջիններիս պարգևատրումների համար, ինչպիսի՞ն է լինելու պարգևատրման կարգը և այլն։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Հարկադիր ծառայությունն ունի 610 հաստիքային միավոր։
«Պարգևատրումների առավելագույն չափը լինելու է 500 միլիոն, սակայն այդ թիվը փոփոխական է։ Սա ֆիքսած թիվ չէ, բայց առավելագույնը լինելու է 500 միլիոն դրամ»,- ասաց Լևոն Բալյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Հարկադիր ծառայությունում աշխատանքի անցնող արդարադատության լեյտենանտի աշխատավարձը մոտավորապես 130 հազար դրամ է կազմում, ավագ հարկադիր կատարողը՝ արդարադատության մայորի կոչմամբ, մոտ 180 հազար դրամ աշխատավարձ է ստանում։