Աննա Վարդապետյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի «Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել»։ Հենց իրենց տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, որ հենց Վարդապետյանը մտնում է դահլիճ ու ողջունում, ոտքի կանգնած կուրսանտների մի մասը խոնարհվում է ու ողջույնին պատասխանում։ Խոնահրվում են ոչ բոլորը, խոնահրհվում է մի մասը։ Բայց խոնարհվում են։
Այս փաստը լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է։ Արդյունքում հոդվածներ են գրվել՝ ինչո՞ւ են կուրսանտները խոնահրվում Գլխավոր դատախազի առաջ։ Դա օրինաչա՞փ է։ Ի՞նչ է սա նշանակում. հարցեր են առաջանում՝ կուրսանտներին պարտադրե՞լ են խոնարհվել Աննա Վարդապետյանի առաջ և այլն։
Քննադատական հոդվածների հրապարակումից անմիջապես հետո Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր էջում հետևյալ հայտարարությունն է տեղադրել.
«Հերքում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին այցելել էր Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ Ցամաքային զորքերի ինստիտուտ, կուրսանտների հետ երկխոսելու «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ զինված ուժերում» թեմայով։
Այցի ընթացքում արված տեսանյութից մի հատված, որտեղ ակնհայտորեն երևում է, թե ինչպես են կուրսանտներն ուղղում նստարանը՝ նստելուն նախապատրաստվելու համար, ապա ողջունում են և կրկին նստարանն իջեցնելով նստում, մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև զինվորները խոնարհվում են ողջունելիս։
Հստակ պետք է արձանագրել՝ իրականությունն այլ է, ինչն ակնհայտ պարզ է դառնում տեսանյութն ամբողջությամբ դիտելուց։
Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաներին և զերծ մնալ դիտավորյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումից»։
Այսինքն՝ ժողովուրդ ջան, ձեր տեսածին մի հավատացեց. տեսանյութում երևում է, որ կուրսանտներն աթոռ չեն ուղղում, որովհետև դրանք հատակին անշարժ կպած, ոչ շարժական նստատեղով աթոռներ են, բայց որ մենք աում ենք՝ կուրսանտներն աթոռներն են ուղղելիս եղել, ուրեմն մենք ենք ճիշտը, ոչ թե դուք։
Միջին պլանով նկարված կադրում կուրսանտների ձեռքերը չեն շարժվում, նրանց ձեռքերն անգամ չեն դիպչում աթոռներին, ողջունում են ու գլուխ տալիս, բայց Գլխավոր դատախազությունն ասում է՝ չէ որ չէ. Աթոռ են ուղղում, ոչ թե գլուխ են տալիս։
Սա նշանակում է՝ երկու աչք, դատելու կարողություն ունեցող մարդկանց ուղղակի ապուշի տեղ դնել, ձեռք առնել ու փորձել հակառակը համոզել՝ թե սա այն չե, ինչ դուք տեսնում եք։ Տեսնում եք՝ խոնարհվում են, բայց չեք տեսնում, որ չեն խոնարհվում, այլ աթոռ են ուղղում։




