Կալանավայրում գտնվող հոգևորականների հետ շատ վատ են վարվում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Երբ հոկտեմբերի 15-ին առաջին խուզարկության ժամանակ մտան մեր տուն, շատ անհարգալից էին վարվում։ Բայց, փառք Աստծո, վերջին անգամ, որ քննչական եմ կանչվել, փաստաբանի հետ էի, և ի պատիվ Արմինե Ֆանյանի, որ հրաշալի փաստաբան է, փառք Տիրոջը, վերջին անգամ քննչականում իմ հետ անհարգալից չեն վարվել և ինձ խոշտանգման չեն ենթարկել։
Մեր տուն, որ խուզարկության են մտել, կներեք, նույնիսկ ինձ չեն թողել հագուստներս հագնեմ, գիշերազգեստով եմ եղել ամբողջ ընթացքում։ Ինձ առանց դատարանի ծանուցման բերման են ենթարկվել։ Ես երեկոյան ժամը 17-ին եմ իմացել, որ ինձ բերման են ենթարկել, ոչ թե ուղղակի հրավիրել են։
Այդ ամբողջ ընթացքում՝ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը, նույնիսկ ինձ մեկ զանգի հնարավորություն չեն տվել։ Քննչականում եղած ժամանակ ես դեղորայք չեմ ստացել, որի կարիքն ունեի։ Ավելին ասեմ, փոքր երեխաս (մենք գիտեինք քնած էր), բայց վերմակով ծածկված է եղել, և այդ ամբողջ անհարգալից պահվածքը իմ ընտանիքիս աչքի առաջ է եղել։ Ասում էին՝ ձայններդ կտրեք, հարց կտամ՝ կպատասխանեք, չեմ տա՝ չեք պատասխանի»,- պատմեց հոգևորականը։





