Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։
Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածվել, որ Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։
Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։
Երկու երկրի նախագահները կհանդիպեն լրագրողների հետ։ Սպասվում են նաև Լեհաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Դուդան կայցելի Ծիծեռնակաբերդի հուհամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին էլ կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։