Հունվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի ու Ռուսաստանի նախագահներ Ռայիսիի ու Պուտինի միջև։
Ըստ ՌԴ պաշտոնական տեղեկատվության՝ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկախված բանակցությունների վերսկսման ահնրաժեշտությունը:
Իրանական զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ ԻԻՀ նախագահն իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության հարցը՝ հատկապես կարևորելով էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների ու տարածաշրջանի։
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային կոնֆլիկներին, այդ թվում՝ Սիրիային ու Կովկասին վերաբերող հարցեր՝ կարևորելով ջանքերի համատեղման և համակարգման միջոցով տարածաշրջանի թեժ կետերում ծագած հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Նշված է նաև, որ ԻԻՀ նախագահ Ռայիսին վտանգավոր է համարել տարածաշրջանային երկրներին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում օտար ուժերի ներգրավումը։
Նախագահ Ռայիսին նաև պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն ներգրավվել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործին։
Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ իրանական զանգվածային լրատվամիջոցների, ՌԴ նախագահն էլ է կարևորել առևտրատնտեսական ոլորտում, այդ թվում՝ տարանցման և էներգետիկայի բնագվառներում փոխշահավետ համագործակցությունը և ողջունել է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում Իրանի պատրաստակամությունը։
Գրիգոր Առաքելյան




