Արևմտյան մի շարք պարբերականներում ունեմ գրախոսված բազմաթիվ հրապարակումներ, ինչն իրականում շատ բարդ պրոցես է, և հայաստանյան իրավաբաններ գրեթե չկան կամ նրանք շատ քիչ են, որոնք արևմտյան լուրջ գիտական պարբերականներում հրապարակումներ ունեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա միաժամանակ նշեց, որ եվրոպական մի շարք երկրներում լույս տեսած գիտական մի շարք աշխատությունների համահեղինակ է։
«Սա ինձ համար ոչ թե անձնական նպատակ է եղել, այլ շատ կարևոր է եղել նաև պետության տեսանկյունից, որովհետև մեր տիպի փոքր երկրներից սովորաբար գիտնականներ ներկայացված չեն լինում այդ տեսակի մեծ պրոյեկտներում. դրանք հասանելի են լինում կրթության և գիտության ՝շատ ավելի այլ համակարգ ունեցող երկրների համար։
Դրա համար շատ ուրախ եմ, որ կարողացել եմ պետության տեսանկյունից ներդրում ունենալ»,- ասաց Մանասյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացին բողոքում է ՄԻՊ-ի անհասանելիությունից և իրեն չընդունել-չլսելուց, Անահիտ Մանասյանն ասաց՝ ինքը քաղաքացիների ընդունելություն վստահաբար անում է։
«Ես մեկ հոգի եմ և չեմ կարող մեկ օրվա ընթացքում հազարից ավելի քաղաքացու ընդունել։ Ես նաև շատ հասանելի մարդ եմ, որովհետև ինքս քաղաքում շրջում եմ ։ Փողոցներում ինձ կարելի է մոտենալ, հարցեր ուղղել, հետևաբար չեմ կարծում, որ հասանելիության առումով քաղաքացիները խնդիր ունեն»,- ասաց Անահիտ Մանասյանը։