Գրականությունը չի լինում անորոշ, վերացական. գրականագետներ
Կրթական նոր չափորոշիչները, որոնցով նախատեսված է, որ «Հայ գրականություն» առարկան խմբագրվի եւ վերածվի «Գրականություն» առարկայի՝ իր մեջ ներառելով նաեւ արտասահմանյան գրականության եւ հայ ժամանակակից հեղինակների գործեր, հերթական փոթորիկն է առաջացրել հայագիտության խնդիրներով առանց այն էլ մտահոգ դասախոսների եւ հայագետների շրջանում: ԿԳՄՍ երկարաշունչ անվանումն ունեցող եւ սուպերնախարարության վերածված գերատեսչությունը փաստորեն հերթական անակնկալն է մատուցել ոչ մասնագիտական բուհերում հայոց լեզվի ժամերը ոչ պարտադիր դարձնելուց եւ «Հայ եկեղեցու պատմությունը» «Կրոնի առարկա» անվան ներքո ներկայացնելուց հետո:
Գրականագետ, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում մի շարք գրառումներ է արել այդ թեմայով՝ հայտնելով իր մասնագիտական կարծիքը, ինչն էլ գրականության հետ կապ չունեցող մի շարք օգտատերեր հեգնել են՝ նենգափոխելով խնդրի բուն էությունը եւ դիսկուրսը տարել այլ ուղղությամբ:
Սեյրան Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է. « «Հայ գրականություն» առարկան չպետք է հանվի դպրոցական ծրագրից: Վերացական, ընդհանուր «Գրականություն» առարկա աշխարհում գոյություն չունի: Ոչ մի երկրում ոչ մի ժամանակ չի եղել նման բան: Ամեն երկրում ուսումնասիրում են տվյալ երկրի գրականությունը՝ ռուս գրականություն, ուկրաինական գրականություն, անգլիական գրականություն: Ինչո՞ւ պետք է «Հայ գրականություն» առարկան՝ այդ անունով եւ էությամբ, վերանա: Մանրամասների մեջ չեմ մտնում: Նախ՝ դրա իմաստն է պետք ճշտել, նոր մտնել մանրամասների մեջ: Եթե այս նախագիծը չի ընդունվում, թող նոր նախագիծ ներկայացնեն, լինի «Հայ գրականություն» առարկան, ներսում ինչ փոփոխություններ, թարմացումներ ուզում են՝ թող անեն, որից հետո կարելի է քննարկել, ընդունելին՝ ընդունել, կասկածելիի մասին կարծիքներ հայտնել, մերժել: Բայց հիմա քննարկում պետք չէ, որովհետեւ ամբողջ քայլը մեթոդական առումով սխալ է, հակագիտական, հակապատմական: Տասնհինգ դար Հայաստանում անցել են «Հայ գրականություն», ինչո՞ւ պետք է 2020 թվականից հետո «Հայ գրականություն» առարկան չանցնեն»:
Սեյրան Գրիգորյանը նկատում է, որ նախագծում ընդգրկել են ժամանակակից հեղինակների՝ բանաստեղծներ, արձակագիրներ.
«Օրինակ՝ ո՞ր չափանիշով են Հովհաննես Գրիգորյանին ընդգրկել, իսկ Հենրիկ Էդոյանին՝ ոչ: Սակայն նախ պետք է լուծվի սկզբունքային հարցը՝ լինելո՞ւ է «Հայ գրականություն» առարկան, թե՞ ոչ»- հարցնում է գրականագետը:
Նա հիշում է, որ անցյալ դարի 60-70-ական թվականներին հանրակրթական դպրոցների 9-10-րդ դասարանների համար կար «Արտասահմանյան գրականություն» առարկան, դասագրքի հեղինակը Սողոմոն Սողոմոնյանն էր: Եվ այդ դասագրքի մի հրատարակության վրա գրված էր՝ նախասիրական դասընթաց: Եվ գրականագետը կարծում է, որ այդպես առանձին էլ պետք է ուսումնասիրեն արտասահմանյան հեղինակներին.
«Հայաստանի Հանրապետությունում, հայկական դպրոցում «Հայ գրականություն» չուսումնասիրելը ոչ մի չափանիշով արդարացված չէ: Դա նշանակում է՝ մշակույթի մի հատվածի ոչնչացում: Ե՛վ հայ, եւ՛ արտասահմանցի հեղինակների գործերը ներկայացված են խառնիխուռն, առարկան էլ վերացական կոչվում է՝ «Գրականություն» »,- ասում է Սեյրան Գրիգորյանը:
ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը կարծում է, որ հիմնավորապես սխալ է «Հայ գրականություն»-ը «Գրականություն» առարկայի մեջ տարալուծելը.
«Երեխան ոչ թե գրականություն պետք է ուսանի ընդհանրապես, այլ՝ հայ գրականություն: Իսկ «Հայ գրականություն» դասագրքով կարելի է ընդհանուր տեղեկություններ տալ նաեւ արտասահմանյան գրականության մասին: Սակայն այդ ամենի հիմքը պետք է լինի «Հայ գրականությունը»: Բոլոր երկրներում էլ անցնում են իրենց ազգային գրականությունը: Դրա հետ մեկտեղ՝ օժանդակ գրականություններ էլ են ուսումնասիրում: Օրինակ՝ ՌԴ-ում անցնում են ռուս գրականություն, ուսումնասիրում են նաեւ եվրոպական գրականություն: «Հայ գրականություն» առարկայի ծրագրում էլ պետք է լինի եւ՛ դասական գրականություն, եւ՛ ժամանակակից գրականություն: Ծրագրում պետք է ընդգրկել հայ գրականության լավագույն գործերը, որպեսզի սովորողը հասկանա, թե ինչ է գրականությունը: Գրականությունն անորոշ չի լինում: Սովորողը պետք է Շեքսպիրի մասին էլ իմանա, Սերվանտեսի էլ, սակայն այդ ամենը պետք է ընդգրկված լինի հայ գրականության ծրագրում»,- կարծում է Էդոյանը:
Թագուհի Հակոբյան