Վարուժան Ավետիքյանի ՖԲ էջից, –
Փանոսը ձիգ տղա էր: Նիհար ու պիրկ, կարճ մազերով ու բարակ բեղերով: Իսկական բեյրութահայ տղամարդ: Հագնում էր անթև սպիտակ ներքնաշապիկ, սուլթան կոշիկներ, որոնց ետնամասերը ծալված էին ու ծառայում էին որպես հողաթափեր: Նրան այլ կոշիկ հավանաբար պետք էլ չէր: Նա գրեթե ոչ մի տեղ էլ չէր գնում: Ապրում էր Բեյրութի Թեքեյան կենտրոնի առաջին հարկում գտնվող մի փոկրիկ սենյակում, տեղ գնալուց էլ միշտ իր մոխրագույն Vespa-ով, որը քշելը մեր բոլորիս անիրականալի երազանքն էր: Փանոսը Կենտրոնի պահակն էր:
Լեգենդները պատմում էին, որ երիտասարդ տարիքում Փանոսի գլխով շատ բաներ են անցել, որ նա բազմաթիվ մարտերի էր մասնակցել: Դրանց մասին Փանոսը չէր խոսում սակայն: Սակավախոս էր մեր բոլորի կողմից հարգված Փանոսը: Այդ նույն լեգենդները պնդում էին նաև, որ Փանոսը երիտասարդ տարիքում թմրամոլ է եղել ու ինքն իրեն բուժել էր: Ասում են ինքանաբուժումներն իրականացնում էր թմրանյութ օգտագործելու ցանկության պահին սառույցներով լեցուն լոգարանի մեջ մտնելով: Լեգենդար մարդ էր Փանոսը:
Փանոսի հետ միասին ապրում էր նաև մեկ այլ լեգենդ. Զեյթուն անունով կատուն: Զեյթունը հսկա, սիրուն ու ձիգ կատու էր: Ձիգ էր ինչպես Փանոսը: Զեյթունը նաև գրագետ ու ինտիլիգենտ կատու էր, քանզի ինչպես հասկացանք արդեն ապրում էր մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան կենտրոնում, որը Բեյրութի կարևորագույն մշակույթային օճախներից մեկն էր, եթե ոչ ամենակարևորը: Այդ նույն կենտրոնում գործում էր նաև Զարթօնք օրաթերթը (արևմտահայերը զարթոնքը օ-ով են գրում): Այնպես որ Զեյթունը երբեք անմասն չէր մնում համայնքի մշակութային, գրական, ստեղծագործական ինչպես նաև հայրենասիրական որևէ միջոցառումից: Նա բոլոր դասախոսությունների առաջին շարքի ունկնդիրներից էր: Հասուն տղա էր Զեյթունը:

Թեքեյան կենտրոնը գտնվում էր Բեյրութի կենտրոնին շատ մոտ, Ժըմմեյզի թաղամասի վերջնամասում: Հիմա այդ թաղամասը Բեյրութի ամենաաշխույժ ու կենսուրախ թաղամասերից մեկն է` շնորհիվ իր շլացուցիչ գիշերային կյանքի ու բարձրակարգ ռեստորանների: Այն ժամանակ այն մի գրեթե ամայի թաղամաս էր, քանի որ ինչպես արդեն ասեցի, գտնվում էր Բեյրութի կենտրոնին մոտիկ: Համարյա կպած: Իսկ կենտրոնը փակ էր ու անմարդաբնակ: Այդպես էր ամբողջ պատերազմի ընթացքում: Պատերազմը կենտրոնից քշել էր մարդկանց, փակել այն ու թողել առնետներին: Կենտրոնի առնետները ձեր իմացած առնետներից չէին: Նրանք խոշոր էին ու արյունարբու, քանզի տարիներ շարունակ սնվել էին մարդկանց դիակներով: Նրանք երբեմն շփոթվում, իսկ երբեմն էլ (հատկապես խաղաղ ժամանակ) սնունդի փնտրտուքով գալիս էին Ժըմմեյզի:
Մի արևոտ կիրակի, հերթական մշակութային միջոցառման ավարտից հետո մի մոլորյալ կամ սովյալ առնետ եկավ Թեքեյան կենտրոն: Փանոսն ու Զեյթունը միշտ անբաժան ծուլորեն նստած էին կենտրոնի մուտքին ու հետևում էին անցուդարձին երբ հայտնվեց առնետը: Զեյթունին տեսնելուն պես կանգ առավ ու սկսեց մտովի պատկերացնել այդ օրվա իր ընթրիքը: Առնետը հսկա էր: Ահռելի, տգեղ ու արյան ծարավ: Զեյթունը տեսնելով առնետին կորացրեց մեջքը, փքվեց ու անթարթ հայացքով սկսել չափել իր ախոյանին: Նրան պետք էր միայն Փանոսի հրահանգը: Այն չուշացավ. «Զեյթուն ջանս, խեղդե՛ ադոր»: Ու Զեյթունը թռավ:
Կատաղի պայքար էր ու արյունալի էր: Կատվի ու առնետի ճիչերն սահմռկեցուցիչ էին ու տեղափոխվում էին մայթից մայթ, փողոցից փողոց: Զեյթունը Փանոսի տղան էր ու դաստիրակված հենց նրա կողմից: Նա չէր կարող թողնել, որ ինչ որ մի առնետ իր ներկայությամբ պղտորի բեյրութահայ մշակույթային կյանքը: Կես ժամ հետո Զեյթունը եկավ: Հոգնած, արյոնլվա ու վիրավոր: Եկավ ու նստեց Փանոսի կողքին: Զեյթունը հյուծված էր, բայց հաղթական հայացքով: Առնետը չկար: Նրան հոշոտած գտանք հանդիպակաց մայթի վրա:
Այդ երեկոյան Զեյթունը ճաշակեց Փանոսի պատրաստած ձկան ընթրիքը: Նա պատվով էր արել իր գործը:




