Ո՞վ էր Արաքսին, այդ համարձակ աղջիկը, որ իր ողջ կամքը հավաքեց և չհրաժարվեց իր Վարուժանից. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:
Արաքսին մեծահարուստ Միրճան Թաշճյանի դուստրն էր, լավ կրթություն էր ստացել, ընթերցասեր էր ու զարգացած:
Սա աղջկա միայն արտաքին փայլն է, իսկ ներքուստ ինչպիսի՞ն էր Արաքսին, հոգեկան ի՞նչ կապով էր կապված Վարուժանին: Արաքսին նշանված էր մի երիտասարդի հետ, ում ոչ թե իր սիրտն էր ընտրել, այլ իր ծնողները, իսկ Վարուժանը արդեն սիրել էր և հասցրել էր դավաճանության և հիսաթափության դառնագին ցավը ապրել և ապրել այնպես խորը, որ իր այդ ապրումներին նվիրեց «Տրտունջք» բանաստեղծությունը.
«… Կը մընա Վիշտս աննըվաճ, Հուսահատությունըս անմահ…
… Բերնիս վըրա համբույրն իր ուրի՛շ համբույր մ’համբուրեց.
Սիրտը սըրտիս վրա ուրիշ սըրտի մ’համար բաբախեց:
Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ`
Իր մարմինեն ես օտար անկողինի մ’հոտ առի»:
Հեղինակի այլ հոդվածներ՝ «Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին», Սիամանթոն. ԹԻֆլիսի գրական շրջանակը.Նոր հանդիպումներ, «Անդրանիկի արձանի մոտ». Հովհաննես Շիրազ
Արաքսին աղջիկ էր, որ հասկացել էր բանաստեղծի սիրտը, իսկ հե՞շտ է բանաստեղծին հասկանալ.
«Արաքսի- Բայց այս ի՞նչ հաշիվներ են լուսանցքներուն վրա:
Դանիել-Երբ Բելճիքա համալսարան կսորվեի, պետք է ամեն ամսի հաշիվ ներկայացնեի բարերարներուս…տո՛ւր, չե՛մ ուզեր կարդաս…տո՛ւր:
Արաքսի-«Ահա ձմեռ եկավ և ես ամառային զգեստով եմ. այնպիսի վերարկույով մը, որով աղքատ գործավորի մը ողորմություն միայն կտրվի…»
Դանիել- Ես քեզի արգիլեցի կարդալ, ի՞նչ իրավունքով կարդացիր…
Արաքսի- Բայց այս թվերը բնավ չխանգարեցին,Դանիել: Ավելի օգնեցին հասկանալ, թե ինչ սքանչելի բանաստեղծություն էր…Իսկ այդ կրկնությունները ՝ հովե՜ր կանցնին, ծովե՜ր կանցնին…
Դանիել- Դուն իմ բանաստեղծությունս մի բացատրեր ինծի: Եվ եթե դուն կհավնիս, ուրեմն պարզ է, անկատար է դեռ:
Արաքսի- Դանիել, ոչ երանի անոր, որ քու կինդ պիտի դառնա:
Դանիել- Ճիշտ ես: Ձանձրալի կյանք կսպասե անոր:
Արաքսի- Այո, Դանիել, անտանելի կյանք…Տունին մեջ խեղճը մատներուն վրա պիտի քալե, որ չխանգարե ամուսնուն…
Դանիել- Որովհետև անիկա ցերեկը պիտի ուսուցչություն ընե, գիշերները մինչև լույս գրե…Եվ որո՞ւն պետք անոր գրածները…
Արաքսի- Անոր կինը պիտի դադրի կին ըլլալ, աղախին պիտի դառնա, պարզապես անոր զավակներուն մայրը…
Դանիել- Դրամը ՝ քիչ, հոգսը ՝ շատ…
Արաքսի- Ոչ ոք չի դիմնար այսպիսի կյանքի, Դանիել…Ոչ ոք…
Դանիել- Որեմն , թույլ տուր ձեռքդ խնդրել, Արաքսի…
Արաքսի- Բայց չէ որ ես արդեն համաձայնությունս տվի, Դանիել…
Մի՞թե չհասկացար…»[1]
Երիտասարդ Վարուժանի համար Արաքսին մի աղջիկ էր, ում մեջ բանաստեղծը գտել էր իր մտքի պահանջների գոհացումը, այս աղջկա մեջ Վարուժանը քերթողի իր ճաշակն էր ամբողջացրել:
Վարուժանի՝ Թեոդիկին ուղղված նամակներից մեկը թերևս ամենաամբողջականը կարող է լինել Արաքսիին ճանաչելու և Վարուժանի սերը պատկերացնելու համար.
«…«Մարի» մը կականարկեիր նամակիդ մեջ: Ուրախ կըլլաս անշուշտ, երբ ըսեմ թե այս տողերը քեզ կգրեմ մեղրալուսնիս առաջին օրերուն մեջ:
Օրիորդը որուն հետ ամուսնացա՝ կկոչվի Արաքսի: Գավառի կնոջ բարոյական համեստությանց հատկություններուն վրա ՝ գտած եմ քերթողի ճաշակս և մտքի պահանջներս գոհացնող առավելություններ անոր մեջ: Մեր այս միությունը վերջակետը դրավ տռամի մը, կամ ավելի ճիշտը ՝ վեպի մը ՝ զոր մենք ապրեցանք ամբողջ վեց ամիս, անցնելով շատ ողբերգական փուլերե: Վերջապես հաղթանակը տարավ մաքուր և անկաշկանդ սերը, և հաբած Սվազը տեսակ մը հետաքրքրությամբ հանդիսատես ըլլալե վերջ ՝ գիտցավ գոնե ծափահարել այդ ընտրությունս և իմ ու ներա կամքի հաղթանակը:
Ալ ասկե վերջ գուցե նոր հույզեր ու նոր երգեր սպասես ինձմե. կխոստանամ տալ, քանի որ մուսաս երկուք եղավ»:[2]
[1] Պերճ Զեյթունցյան, Մեծ լռություն,Երևան, 1985, 408 էջ:
[2] Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, էջ՝ 184-185: