Եվրոպական գազի շուկայում ռուս-իրանական հնարավոր մրցակցության սրման ու դրա հետևանքով Սյունիքի հարցում Մոսկվայի պրոադրբեջանաթուրքական կեցվածքի մասին տարածվող թեզը բացարձակ մերկապարանոց է:
Իսկապես, վերջերս Կասպից ծովի իրանական հատվածում հայտնաբերված Չալուս հանքավայրը տեսականորեն կարող է բավարարել եվրոպական պահանջարկի շուրջ 20%-ը: Ու իսկապես, այդ արտահանումն իրականացնելու համար առանցքային երթուղին տեսականորեն կարող է անցնել Հայաստանով (Հյուսիս-Հարավ):
Սակայն փաստենք, որ
1. այս հարցին մենք մոտենում ենք կոնվենցիոնալ գազամատակարարման տեսանկյունից, այսինքն՝ դիտարկում ենք իրանական գազի հնարավոր արտահանումը եվրոպական շուկա բացառապես խողովակաշարով: Մինչդեռ ամբողջ աշխարհում ու հատկապես Եվրոպայում գնալով աճում է հեղուկ գազի՝ LNG-ի կշիռը: 2025 թ. այն հասնելու է մոտ 600 մլրդ խմ-ի: Կանխատեսվում է, որ ամեն տարի LNG սպառումն աշխարհում ավելանալու է 3,5%-ով՝ 2040 թ. ստանալով նույն գեոտնտեսական կարգավիճակը, որն այսօր ունի նավթը: Հաշվի առնելով այս միտումները՝ Իրանը նոր հանքավայրի շահագործումը կապելու է LNG արտադրության հետ: Վերջինիս տեղափոխումն իրականացվում է առավելապես լցանավերով, որոնք կարող են Պարսից ծոցից հասնել Կարմիր ծով ու Սուեցով դուրս գալ Միջերկրական ծով,
2. Իրանը սեփական գազատրանսպորտային ռազմավարությունն այսօր առավելապես կապում է Ասիայի ու, մասնավորապես, Չինաստանի հետ, որն, ի դեպ, LNG սպառման գլխավոր մջազգային դրայվերն է: Դա լիովին տեղավորվում է ս.թ. ապրիլին Պեկինի ու Թեհրանի միջև կնքված համաձայնագրի տրամաբանության մեջ: Դրա համաձայն, առաջիկա 25 տարվա ընթացքում Պեկինը նախատեսում է 400 մլրդ դոլարի ներդրում իրականացնել Իրանում՝ մեծ ամսամբ նավթագազային ոլորտում: Ու ամենևին պատահական չէ, որ իրանական նոր հանքավայրի երկրաբանական ու հորատման աշխատանքներում ներգրավված են հենց չինական ընկերությունները: Ի դեպ, այս հարցում Իրանին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նաև Ռուսաստանը:
Մեշ հաշվով մենք գործ ունենք Իրան-Չինաստան-Ռուսաստան գեոռազմավարական եռանկյունու հետ, որի ներսում շահերը սինխրոնիզացված են, ինչի մասին վկայում է նաև պաշտոնական Թեհրանի դիվանագիտական խոսույթը: