«Պատիվ ունեմ»-ի ցուցակում պատգամավորի հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է

16

Մանդատը վայր դրած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի լիազորությունները, ըստ կարգի, կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։

ԱԺ-ի պաշտոնական էջում ԱԺ խոսնակի հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին արդեն հրապարակվել է։

Հայտարարության մեջ ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

Ինչպես հայտնի է, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում պատգամավորի հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, որը նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան»-ից, հետո դուրս է եկել կուսակցությունից և մինչև 2018 թվականը եղել անկախ պատգամավոր։