Ընդդիմադիր պատգամավորները գլուխները կախ կգան ԱԺ, կնայեն մեր աչքերի մեջ ու չեն կարողանա կրկնել այն, ինչ ասել են փողոցում. Ռուբեն Ռուբինյան

167

ՔՊ–ն ընդդիմադիրներ պատգամավորներին լավություն է անելու, մեծահոգություն է ցուցաբերելու և չի դիմելու ՍԴ՝ նրանց մանդատից զրկելու համար։

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է հայտնել դրա մասին։ «Քայլ ձիով» կամ ՔՊ-ն մի կրակոցով երկու նապաստակ խփեց, նախ՝ ժողովրդի աչքին լավամարդ դուրս եկավ, թե՝ տեսա՞ք, ընդդիմությունը մեզ քննադատում է, փողոցներում մեր դեմ ցույց է անում, գոռում՝ «Առանց Նիկոլ Հայաստան», իսկ մենք, հարգելով ժողովրդի այն հատվածին, որն իր քվեն ընդդիմությանն է տվել, սահմանադրական կարգով չենք զրկում նրանց 250.000 ընտրողների տված մանդատից։

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ժողովրդի տված քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս վարվելակերպը, փիլիսոփայությունը ընտրողների համար պետք է խնդիր լինի և կարծում եմ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի»,- ասել է Ռուբինյանը:

Նա հավելել է. «Եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պետք է դիմենք ՍԴ և ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը, մասնավորապես, Իշխան Սաղաթելյանն օրեր առաջ հայտարարել էր, թե իշխանության օրակարգով ԱԺ չեն գալու։ Ի հեճուկս այդ հայտարարության՝ Ռուբինյանն ասել է. «Ես էլ ասում եմ, որ իրենք գլուխները կախ կգան, որ չեկան, կքննարկենք»: