Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուդիներ. պատմական ակնարկ

14/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուդիներ, ինքնանվանումը՝ «ուդի»: Ուդիերը բնակվել են ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսային մասում (Կուր գետի ձախ ափին) Նիժ՝ Կուտկաշեն (այժմ ՝ Գաբալա) շրջանում, Վարդաշեն (այժմ  Օղուզ) շրջկենտրոնում, ինչպես նաև Վրաստանում՝ Զինոբիանի գյուղում (նախկին Օկտոմբերի)  Կվարելի շրջանի (վերջիններս Վարդաշենի ներգաղթյալներ են, որտեղից 1922 թ. քաղկեդոնականություն ընդունած ուդիների մի մասը փախել է Վրաստան:

 Ուդիները ցրված ապրել են նաև Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և այլ տարածաշրջաններում: Նրանց ընդհանուր թիվը կազմել է մոտ 10,000 մարդ: Հայ առաքելական եկեղեցու (այսուհետ` ՀԱԵ) հետևորդ ուդիների անձնանվանական բառաշերտի քննությունը (անուն, հայրանուն, ազգանուն), մինչև վերջերս հիմնականում նույնացվել է հայերի անձնանվանումների հետ: Ուդիերենը պատկանում է նախասկադաղստանյան հյուսիսային կովկասյան լեզուների լեզգիական խմբին: Այն ունի երկու բարբառ՝ Նիջի և Վարդաշենի (վարդաշենի-օկտոմբերյայի): Նրանց ճյուղավորման աստիճանը չի խոչընդոտում փոխադարձ ըմբռնմանը:

 1990-ականներին Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արշավախումբը՝ կովկասաբնակ փորձագետ Զազա Ալեքսիձեի գլխավորությամբ Սինայի թերակղզու Սուրբ Եկատերինա վանքում հայտնաբերեց վրաց-աղվանական կրկնագիր-ձեռագիր:

 Ձեռագիրը վերծանելուց հետո (2008թ.), հիմնվելով ուդիների խոսվածքի վրա, եվրոպացի լեզվաբանները վերջապես հաստատեցին այն կարծիքը, որ մինչև զարգացած միջնադար ուդիները համարվել են Աղվանից թագավորության՝ Կապաղակ և Շաքի  քաղաքների՝ մայրաքաղաքների գերիշխող ժողովուրդ (սկզբում ՝ ցեղ):

 Բազմալեզու հին և միջնադարյան աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուդիների էթնիկական համախմբման գործընթացն աղվանների բազմացեղ լեզգինախոս ժողովուրդների միջավայրում ավարտվել է Կուր գետի ձախ ափի արևմտյան հատվածում մոտավորապես 9-րդ դարում՝ արաբական խալիֆայության թուլացման դարաշրջանում: Աղվանքի ձախափնյա այս մասը նշված ժամանակահատվածում (մինչև IX-X դդ.) (ինչպես նաև պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու գրերում) սկսեց կոչվել  «Ուդիների երկիր», իսկ «Ուդի» էթնոսի անձնանվանումը դարձել է Կուր գետի ձախ ափի աղվան քրիստոնյաների էթնոսի կազմավորման ինքնանունը: Անկասկած, ուդի ժողովուրդը պետք է ճանաչվի որպես Աղվանքի (Կուրի ձախ ափի) լեզգինախոս ցեղերի մշակույթի անմիջական ժառանգ, որոնք ըստ հին աշխարհագրագետ Ստրաբոնի՝ 26-ն էին:

 Ուդի ժողովրդի համար, ովքեր միշտ եղել են հայերին եղբայր, քրիստոնեական դավանանքը դարձել է ազգային ինքնության որոշիչ տարր: Քրիստոնեությունը Կովկասյան Աղվանքում պաշտոնապես ընդունվել է Արշակունիների տոհմի հիմնադիր և Աղվանից թագավոր Վաչագան Ա Քաջի օրոք,  իսկ Աղվանքը դեռ այն ժամանակ համարվում էր բազմազգ երկիր և գտնվում էր Կուրի ձախ ափին՝ իր Կապաղակ մայրաքաղաքով: Աղվանից թագավոր Վաչագան Ա Քաջը մկրտվել է Հայաստանում Գրիգոր Լուսավորչի կողմից 315 թվականին: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է Աղվանից եկեղեցին, որը կանոնական միության մեջ էր ՀԱԵ հետ և որոշ կախվածություն մեջ էր վերջինից․ ՀԱԵ-ն ուներ «առաջինը հավասարների մեջ» կարգավիճակն Աղվանից եկեղեցու նկատմամբ (իսկ մինչև 7-րդ դարի սկիզբը նույն կարգավիճակում էր նաև Վրաց եկեղեցին):

 Ինչպես ՀԱԵ-ն, Աղվանից եկեղեցին ևս չճանաչեց IV տիեզերական Քաղկեդոնական ժողովը՝ դավանելով և հավատարիմ մնալով նախաքաղկեդոնական (առաքելական) քրիստոնեությանը: Աղվանից առաջին եպիսկոպոսների աթոռները Կաբալի թագավորության մայրաքաղաքում էին, իսկ 462 թվականից հետո Աղվանից կաթողիկոսները հաստատվեցին Չոր (Դերբենտ) քաղաքում, որը Սասանյանների Աղվանք-Առան մարզպանության (նահանգապետություն) ստեղծած շրջանի առաջին կենտրոնն էր:

 VI դարում կաթողիկոսների նստավայրը, որոնք 552-ից ի վեր կրում էին «Աղվանքի, Լփինքի և Չորի կաթողիկոս» անվանումը, Չորից տեղափոխվեց Աղվանք-Առան մարզպանության նոր մայրաքաղաք՝ Պարտավ: Այն արդեն գտնվում էր Կուրի՝ բնիկ հայկական աջ ափին (9-րդ դարից հետո Բերդակուրի, Խամշիի, Չարեք, Գանձակ աջափնյա վանքերը նույնպես դառնում են կաթողիկոսարաններ): Կուր գետի աջակողմյան ափի Ուտիք և Արցախ նահանգները որոնք հայտնի էին  Հայոց Արևելյան կողմեր անվամբ, 428 թ. Սասանյանների կողմից  միացվեցին Աղվանքի մարզպանությանը, երբ Իրանի արքայից արքա Վահրամ V Գուրը վերացրեց հայ Արշակունիների թագավորությունը և ստեղծեց Հայաստանի մարզպանությունը՝ միացնելով հեռավոր մարզերը հարևան մարզերին:

 Ուտիքի և Արցախի բնիկ հայկական թեմերի՝ Աղվանից եկեղեցու իրավասության տակ հայտնվելուց հետո, որպես պաշտամունքի և գրավոր հաղորդակցության պաշտոնական լեզուներ  համարվում էին աղվաներեն ու հայերեն լեզուները: Բայց աղվանական գիրը, որը ստեղծվել էր հայ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի և աղվան քահանա Բենիամինի կողմից V դարի սկզբներին (հայերեն այբուբենի ստեղծումից հետո և վրացական տառերի ստեղծմանը զուգահեռ), մի քանի դար հետո դադարեց օգտագործվել, և նախկին Աղվանքի մարզպանության քրիստոնյա բնակչության, այսինքն՝ նաև Քուռի ձախափնյա ազգախմբի՝ ուդիների համար միակ գրավոր-գրական լեզուն  մնաց հայերենը:

Աղվանից եկեղեցու առաջին նվիրապետները ձեռնադրվել են հայ կաթողիկոսների կողմից, որոնք VII դարից կրել են պատրիարքի տիտղոսը: XIV դարի վերջին Աղվանից կաթողիկոսները հաստատվեցին Գանձասարի վանքում՝ Արցախի կենտրոնական հատվածում՝ Խաչենում, և Աղվանից կաթողիկոսությունը սկսեց կոչվել նաև Գանձասարի կաթողիկոսություն:

 Գանձասարի կաթողիկոսությունը շարունակում էր ավանդաբար կրել «Աղվանից» անվանումը, բայց չուներ էթնիկ բովանդակություն՝ որպես արդեն ժամանակավրեպ հասկացություն: Կաթողիկոսությունն ինքն իրենով գործում էր որպես Հայ եկեղեցու արևելյան թեմ, այնպես ինչպես գործում էին Ախթամարի և Կիլիկիայի կաթողիկոսությունները: Չնայած Աղվանից մարզպանության և եկեղեցական թեմերի հյուսիսային և հարավային հատվածների միջև մշակութային և լեզվական անքակտելի կապին, էթնիկ աղվանաուդիական բնակչության շարժը դեպի Քուռ գետի աջ ափ՝  էթնիկ հայկական շրջաններ,  շատ սակավ էր ու հազվադեպ: 18-րդ դարի կեսերին Քուռ գետի ձախ ափին բնակվող տասնյակ հազարավոր ուդիներ (մոտ 50 գյուղ) բռնի կերպով ընդունեցին իսլամ և ընդմիշտ կորցրեցին իրենց ազգային ինքնությունը:

 Աղվանից կաթողիկոսությունը, Քուռ գետի աջ ափին գտնվող իր նստավայրով, պաշտոնապես գոյություն է ունեցել մինչև 1815 թ.-ի դեկտեմբեր ամիսը, երբ Հայոց կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին, ունենալով ռուսական կառավարության համաձայնությունը, այն վերափոխեց ՀԱԵ-ու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) Աղվանից-Գանձասարի մետրոպոլիտության՝ նպատակ ունենալով ավելացնել Հայ եկեղեցու քաղաքական դերակատարությունը՝ Հարավային Կովկասում ազդեցության համար Ռուսական կայսրության և Պարսկաստանի  միջև մղվող պայքարի ֆոնին: 1836 թ. մարտի 11-ին Նիկոլայ Առաջին կայսրն ստորագրեց  «Հայ եկեղեցու Պոլոժենիայի» մասին փաստաթուղթը, որով Աղվանքի միտրոպոլիտության փոխարեն կազմավորվեցին ՀԱԵ-ու երկու թեմեր՝ Ղարաբաղի (Քուռ գետի աջ ափին) և Շամախիի (Քուռ գետի ձախակողմյան ափին):

 Քրիստոնյա ուդիների զգալի մասը մինչև վերջին ժամանակներս (1988-1990 թթ․) ՀԱԵ-ու հետևորդներ էին: Ինչպես 20-րդ դարասկզբին,  այնպես էլ դարավերջին Ադրբեջանական խորհրդային հանրապետությունում տեղ գտած հայ-ադրբեջանական բախումներից անմիջապես հետո սկսվեց հարյուր հազարավոր հայերի և հենց բնիկ ուդի ժողովրդի գաղթն այդ տարածքներից: Այս դեպքերը հանդիսանում էին Ադրբեջանի գովերգվող «հանդուրժողականության» և «բազմամշակութայնության» գործուն ապացույցները: Եվ եթե 18-րդ դարում էթնիկ ուդիներն իրենց պատմական հայրենիքում կազմում էին մոտ 100.000 բնակչություն՝ շուրջ 50 բնակավայրերում, ապա արդեն 20-րդ դարի սկզբին՝ 1918-1920 թթ.-ից ոչ շատ առաջ, նրանց թիվը դարձել էր 10.000, իսկ 1926 թ. մնացել էր գրեթե 2445 մարդ: 1980-ականների վերջում Ադրբեջանում բնակվող ուդիների թիվը հասնում էր 6120-ի, իսկ 1990-ականների մարդահամարի տվյալների համաձայն՝ այդ թիվը կտրուկ նվազեց և դարձավ 3800: Միայն Վարդաշեն քաղաքում ուդիների թիվը 1988-2009 թթ․ 3000-ից դարձավ 74:

 Ղարաբաղյան հակամարտության պայմաններում ՀԱԵ փաստացի զրկված էր Ադրբեջանի տարածքում որևէ գործունեություն ծավալելուց, ինչի հետևանքով էլ ուդիների փոքրաթիվ համայնքը (հիմնականում Նիջ գյուղում), կրոնական առումով հայտնվել էր «փակուղում»: Այսուհանդերձ երկրի իշխանությունները անամոթաբար օգտագործում են ուդիներին Հայաստանի և Արցախի դեմ մղվող քարոզչական պատերազմի ընթացքում՝ միջազգային հանրությանը ներկայացնելով նրանց իբրև Աղվանքի պատմամշակութային ժառանգության, ինչպես նաև Հայաստանի արևելյան հատվածի՝ Ուտիքի և Արցախի միակ իրական տերեր ու հայկական կողմի ոտնձգությունների զոհեր: Սկսվել է նաև այսպես կոչվող «Ուդիական» եկեղեցու կազմավորումը, որն էլ իր հերթին պիտի դառնա նախաբանը՝  «Ադրբեջանի Աղվանից եկեղեցու» վերականգման աշխատանքների՝ հետագայում Վրաց, Ռուս ուղղափառ կամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների ստեղծման հեռանկարով: Ադրբեջանական իշխանությունները վստահ են, որ իբրև «Աղվանից» եկեղեցու «իրավահաջորդներ»՝ «Ուդիական» եկեղեցին ունի բոլոր իրավունքները վերջինիս ամբողջ ունեցվածքը տնօրինելու համար, և սա՝ ոչ միայն Արցախում և Ուտիքում գտնվող եկեղեցական ունեցվածքներն են, գրքերն ու վանքերը, այլև «Երուսաղեմյան ժառանգությունը» և Արևմտյան Հայաստանում գտնվող հուշակոթողները (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որ գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում): Եվ այս ամենի հետ մեկտեղ ուդիներին պարտադրվում է ոչնչացնել իրենց եկեղեցիներում պահպանված բոլոր արձանագրությունները, որոնք, բնականաբար, գրված են հենց հայերեն լեզվով: Ահա այսպես հայ ժողովրդի եղբայր ուդիները դարձան ստեղծված տագնապալի պատմական իրավիճակի   գերին:

 «Ուդի» եկեղեցին դարձել է հակահայկական քարոզչամեքենայի և տարածաշրջանի  պատմության խեղաթյուրման գործիքներից մեկը: Այս շատ կարևոր ռազմավարական նշանակության գործը հանձնարարվել է մի շարք պաշտոնատար անձանց՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխիտիևին, Միլլի-մեջլիսի պատգամավոր և Պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովին, ակադեմիական գիտությունների անդամ Ֆարիդա Մամեդովային, միջազգային, բազմամշակութայնության և կրոնի հարցերով պետական խորհրդական  Ազադ Մամեդովին, կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցով Կենտկոմի  անդամ Մուբարիզ Գուռբանլիին և այլն: Այս նախագծի իրականացման նպատակով ներգրավվել են նաև ուդի համայնքի ակտիվ ներկայացուցիչներ, ի թիվս որոնց «Ադրբեջանի Աղվանաուդիական քրիստոնեական համայնքի» անդամ Ռոբերտ Մոբիյանը (Ռոբերտ Մոբիլի) և այլք, որոնք այս ծրագրում տեսնում էին իրենց համայնքի առջև ծառացած որոշակի ծայրահեղ սուր հարցեր լուծելու հնարավորություն: «Ադրբեջանի Աղվանից եկեղեցու» վերաստեղծման առաջին գործուն քայլերը կատարվել են 2003 թ. Ապրիլի 10-ին՝ պետռեգիստրում Աղվանաուդիական քրիստոնյա համայնքը գրանցելով, որի ճյուղերը գործում են Նիջ և Օգուզե համայնքներում: Գործնականում ուդի համայնքի  բազմաթիվ առաջատար անձինք՝ Ադրբեջանում և արտասահմանում, այս կամ այն կերպ ներգրավված են հակահայկական քարոզչության քաղաքական արշավի մեջ: Նրանք հաճախակի իրենց մասնակցությունն են բերում Ադրբեջանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող և կազմակերպվող տարբեր կոնֆերանսների՝ դրանով իսկ ստիպված լինելով աջակցել հայ ժողովրդի վարկաբեկմանը և Ղարաբաղյան խնդրի ու հնագույն պատմության մասին ապատեղեկատվության տարածմանը:

Աղբյուր` www.armenianchurch.org

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասարակության ապատիան բերելու է իշխանության վերարտադրման․ Էդգար Էլբակյան

Հաջորդ գրառումը

Երեխաները չեն կարող ևս մեկ տարի մնալ առանց կրթության

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Երեխաները չեն կարող ևս մեկ տարի մնալ առանց կրթության

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական