«Արդեն բան ու գործ չունենք զբաղված ենք պատգամավոր ՔՊ-ականների ստերը «լուսաբանելով»։ Հիմա էլ ոմն Վ.Ալեքսանյան նստած հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր։ Վկայակոչում է 2010-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունները»,- ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանն է անդրադարձել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ասել է, թե Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքում չի եղել և դա իբր նշված է նաև 2010 թվականի օրենքում։
Բագրատյանը հաջորդիվ մանրամասնում է․
Սովորական քաղաքացու համար դա ազդեցիկ է։ Դե նախկիններն են տվել՝ մտածում են․ էս տղան օրենքն էլ է նշում։ Մինչդեռ գործ ունենք սովորական ա լյա նիկոլ բլեֆի հետ։ Այդ փոփոխություններով պարզապես ճշտված են համայնքների և մարզերի ներքին սահմանները։ Դրանք ոչ մի կապ չունեն արտաքին սահմանի հետ։ Գորիս-Կապանը միջպետական ճանապարհ է և չէր կարող դիտարկվել Սյունիքի մարզի կամ որևէ համայնքի կազմում։ Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Արխիվներից հանեք և ի ցույց դրեք այդ որոշումը։ Այլապես սա հերթական նողկալի ստախոսն է։
2020-ի դեկտեմբերի 18-ին ձեր իշխանության մեկ այլ նողկալի ներկայացուցիչ՝ Պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան) արձանագրություն է ստորագրում, որով Գորիս-Կապան-ճակատեն ճանապարհն ու դրան հարող տարածքները հանձնվում են Ադրբեջանին՝ ըստ Google-maps-ի (որին դրանից 2 տարի առաջ Ադրբեջանը դոնորություն էր արել)։ Այս պարոնին շատ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։ Ահա սա է ճշմարտությունը, այլ ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները։