Արցախյան հերոսական գոյամարտի այս օրերին մեր ժողովրդի բոլոր հատվածներն, անկախ իրենց գտնվելու վայրից ու պայմաններից, ազգանվեր գործելու աննախադեպ օրինակներ են կերտում: Ռազմաճակատում մաքառող մարտիկից սկսած մինչեւ ճակատագրի բերումով աշխարհի ամենահեռավոր անկյունում բնակվող հայ մարդիկ իրենց պատասխանատու զգալով ազգի հետագա լինելիության համարՙ ոտքի են ելել հայրենական-սրբազան պայքարի: Սեփական շահերի դիրքերի ակնոցներով այդ ամենին հետեւող ու փոքրիկ Արցախի հանրապետության դեմ ամենաժամանակակից զինատեսակներ կիրառելով եւ մինչ այս չօգտագործված ռազմական հնարքներով, մեկը մյուսին հաջորդող փայլուն հաղթանակներից շփոթված համաշխարհային հասարակությանը շատ այլ կարեւոր հարցերի հետ միասին, սկսել է հետաքրքրել նաեւ, թե երբ, որտեղից ու ինչպես այս տարածաշրջանում հայտնվեցին թուրքերը, ինչպես տեր դարձան աշխարհի լավագույն մասերից մեկին եւ այսօր ոչ ավել ոչ պակաս հինգ ծովերով շրջապատված պետություն ունեն ու չբավարարվելով դրանով հավակնում են տիրել Եվրասիա մայրցամաքի մեծ մասին:
Հակիրճ պարզաբանենք: Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին: Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներն էին, որոնցից չորս տասնամյակ անց սելջուկյան կոչվող մեկ ուրիշ թյուրքական ցեղ սկսեց իր արշավանքները: Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, «Հայոց 465 թվականին (1017 թ.) կանանց նման հերարձակ այդ անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք թուրք են կոչվում, արշավելով մտան Հայաստան եւ սկսեցին անգթաբար սրի քաշել ժողովրդին»: Դրա հետեւանքով սելջուկները, որոնք Թովմա Արծրունու ասելով «ունեին արյունարբու գազանների բնություն, սարսափելի էին իրենց տեսքով, որովհետեւ նրանց դեմքերի կերպարանքը տեսնողներին զարհուրեցնում էր եւ ահաբեկում», հաստատեցին իրենց տիրապետությունը Հայաստանում, որը տեւեց մինչեւ 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվեց մոնղոլ-թաթարների կողմից: Մինչ այդՙ 12-րդ դարում սուլթանությունը թուլանում է եւ տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվելով 1198 թ.Լեւոն 2-րդ մեծագործը հռչակվում է անկախ Կիլիկիայի թագավոր:
Սելջուկ-թյուրքերն առաջին անգամ Հայաստան են արշավել 1047 թվականին: Նրանց 20 հազարանոց բանակն արշավեց Հայաստան, ներխուժեց Վասպուրական եւ հասավ մինչեւ Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական բնակավայրերը, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Երկրորդ անգամ 100 հազարանոց զորքով նրանք Հայաստան ներխուժեցին 1048 թվականին եւ կրկին ամենուր ավեր ու թալան տարածեցին: Երրորդ անգամ սելջուկները Հայաստան արշավանք կազմակերպեցին 1054 թվականին, որն անձամբ գլխավորում էր նրանց առաջնորդ Տուղրիլ բեկը: Կռիվներից մեկի ժամանակ Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորում է Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի է ընկնում: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացնում է Տուղրիլին, եւ նա խոստանում է ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր իր որդին փրկվի մահից: Սակայն այդ պայմանը լսելով հպարտ հայ զինվորականը համարձակորեն պատասխանում է, որ եթե հարվածն իրենն է, ապա նրա որդին անպայման կմեռնի:
Սելջուկ-թյուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թյուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064 թվականին նա արշավանք ձեռնարկեց եւ գրավեց ամբողջ Հայաստանը: Սելջուկները եւս մեկ անգամ Հայաստան ներխուժեցին 1070 թվականին, երբ գրավեցին Մանազկերտ քաղաքը եւ հիմնահատակ ավերեցին այն: Այդ ամենի արդյունքում ամենացավալի իրողությունն այն էր, որ մշտական կռիվների եւ տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատվածը թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը, որն անդառնալի հետեւանքներ ունեցավ հայոց հետագա ճակատագրում: Չնայած Հայոց երկրում հաստատվեցին դաժան բռնատիրական կարգեր, սակայն այնուամենայնիվ որոշ տարածքներում հաջողվեց պահպանել կիսաանկախ կարգավիճակ ունեցող պետականության դրսեւորումներ, որոնցից մեկը Արցախում ստեղծված Խաչենի Հասան-Ջալալյանների իշխանությունն էր, որը դաժան մաքառումների շնորհիվ պահպանեց իր գոյությունը մինչեւ 1813 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագիրը, որով Արցախը, Զանգեզուրը, Ղազախ Շամշադինը, Լոռի-Փամբակն ու Շիրակը միացվեցին Ռուսական կայսրությանը:
Այդ պահից սկսած թեեւ ռուսական իշխանություններն իրավական տեսակետից Արցախի կիսաանկախ կարգավիճակը վերացրին, սակայն դրա զգալի տարրերն ու ազնվականության որոշ արտոնություններ այնուամենայնիվ մինչեւ 20-րդ դարի սկիզբը պահպանվեցին:
Խորհրդային տարիներին ստալինյան խարդավանքի արդյունքում Արցախն ինքնավար մարզի կարգավիճակով հայտնվեց կամայականորեն հնարված Ադրբեջան հանրապետության կազմում, արվեց ամեն ինչ մարզը հայաթափելու եւ ինքնավարության հետքերն առհավետ ջնջելու ուղղությամբ: Սակայն, ի պատիվ Արցախի ազատասեր ու հերոսական ժողովրդի նշենք, որ նա երբեք չընկճվեց եւ իր աննկուն ոգու շնորհիվ 1988 թ. ոտքի կանգնեց եւ նվաճեց իր ազատ ապրելու իրավունքը: Թուրքերի անհաջող քսերոպատճեն-ազերիներին դա դուր չեկավ եւ բոլոր հնարավոր միջոցներով նա փորձեց ճնշել ազատության այդ նկրտումները: Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ փառավոր հաղթանակ տարավ Արցախյան գոյամարտում, որի ամփոփումը եղավ 1994 թ. կնքված զինադադարը: Թուրքաբարո ազերիներն ու նրանց ավագ եղբայր Թուրքիան չկարողացան մարսել այդ իրողությունը եւ պարբերաբար փորձում են թուրքավարիՙ մարդկանց կյանքեր խլելու գնով վերատիրանալ Արցախին եւ ոչնչացնել այդ ազատատենչ ժողովրդին:
Մի քանի արյունառատ, սակայն իրենց համար անհաջող փորձերից հետո, նավթագազադոլարներով ազերիները զինական մեծ պաշարներ կուտակելով, սեպտեբերի 27-ին լայնածավալ հարձակում ձեռնարկեցինՙ փորձելով ծնկի բերել արցախցիներին: Չնայած բազմաթիվ փորձերին եւ դրանց ընթացքում տված մեծաքանակ զոհերին ու նյութական ահռելի կորուստներինՙ ազերիներն այդպես էլ ի վիճակի չեղան հասկանալու, որ զենքի քանակը, զինատեսակների առատությունը, աշխարհի տարբեր անկյուններից թմրամոլ թափթփուկներ հավաքագրելն ու էրդողանյան սուլթանական հավակնությունները չեն կարողացել եւ երբեք էլ չեն կարողանալու ընկճել հայոց ազատատենչ եւ արդարացի հոգին:
Հայ ժողովուրդն ու նրա օրգանական մաս կազմող հայոց բանակը իրողություն են դարձրել «ազգ-բանակ» դրույթը եւ ամբողջ աշխարհին ազատության, հայրենի եզերքին ու սրբազան գաղափարների համար պայքարի անօրինակ դասեր են տալիս: Մեր հոգու կորովը բացառիկ է: Այն խորտակում է յուրաքանչյուր պատնեշ, հաղթում է ամենաժամանակակից հակամարդկային զենքերին, անվախ, իր գործին նվիրյալի ու արվածի լիակատար գիտակցությամբ մեր զորականը ապացուցում է աշխարհին ու համայն մարդկությանը, որ թռչելու համար ծնվածը չի կարող սողալ, իսկ սողալու համար ծնվածը` հավերժ պիտի գալարվի գետնին…
Մենք հաղթելու ենք, որովհետեւ մեր գործն արդար է, գիտենք ինչի համար ենք պայքարում, գիտենք նաեւ թշնամու մարդակուլ հակումները, սակայն երբեք չենք վախենում ու այլեւս երբեք չենք զիջելու: Արդարացի է մեր պայքարը, աննախադեպ համախմբված ենք ու այլեւս մեզ վրա է մեր հույսը, բնականաբար` միանգամայն օրինաչափ է նաեւ ամենօրյա մեր հաղթարշավը դեպի պայծառ ապագա…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր