Հեղինակ՝ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյան
Վերջին 30 տարիներին հայաստանյան հասարակությունը մեկ անգամ չէ, որ ծառայել է որպես լաբորատորիա կամ ուսուցողական ձեռնարկ՝ սոցիալական գործընթացների ուսումնասիրման համար: Այսօր մեր հասարակությունը ի ցույց է դրել այնպիսի հազվագյուտ հանդիպող սոցիալական երևույթ, ինչպիսին է «ինքնության կոչը»: Ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ Ալան Տուրենի գիտական աշխատանքներից եզրույթին ծանոթներին հնարավորություն է ընձեռվել մոտիկից դիտարկել այդ բարդ սոցիալական երևույթի տարատեսակ դրսևորումներն ու հետևանքները։
«Ինքնության երկու դեմքը» վերնագրած հոդվածում Ալան Տուրենը ինքնության կոչը բնութագրում է որպես արմատներին վերադառնալու կոչ։ Ըստ Տուրենի՝ ինքնության կոչերը սովորաբար հնչում են արագ փոփոխվող հասարակություներում՝ ազդարարելով պաշտպանության և կայունության պահանջների սրման մասին։ Ինքնության կոչը Ալան Տուրենը դիտարկում է որպես կոլեկտիվ գործողության տարր, որը սովորաբար ծառայում է պաշտպանության նպատակներին։ Անհատական մակարդակում ինքնության կոչը կարող է արտահայտել կյանքի, ազատության, արարման ու ստեղծագործման տենչը։
Վերլուծելով «ինքնության կոչ» երևույթը, Տուրենը փաստում է. «Ամբոխավարության պայմաններում ինքնության կոչերը պաշտպանական վարքի արտահայտման ձև են և միաժամանակ սոցիալական պայքարի շարժիչ ուժ են»։ Դրանք խթանում են կոլեկտիվ գործողությունները, իսկ երբ արտաքին գործոն է հայտնվում՝ ի դեմս օտարերկրյա գերիշխանության կամ հակադիր ուժի, ինքնության կոչերը դադարում են պաշտպանական ուժ լինել և փոխակերպվում են՝ դառնալով պահանջ, ընդվզում՝ ընդդեմ իշխանության ու հակահարձակ ինքնության ձեւավորման գործիք:
Ալան Տուրենը նկատում է. «Մեր օրերի սոցիալական շարժումների մեծ մասը ավելի շուտ դիտարկվում են պաշտպանողականության տեսանկյունից, առանց շեշտադրելու դրանց դերը հակահարձակ ինքնության ձևավորման տեսանկյունից: Մինչդեռ մեր օրերում սոցիալայան շարժումների մեծ մասն ավելի շուտ անցնում են պաշտպանողական ինքնությունից դեպի հակահարձակ ինքնություն»:
Տուրենի հեղինակած ինքնության կոչերի տեսությունը դարձել է հետխորհրդային հասարակությունները հասկանալու արդյունավետ գործիք։ Այս եզրահանգումով ավարտենք հակիրճ տեսական ակնարկն ու վերադառնանք հայաստանյան իրականություն՝ փորձելով հասկանալ՝ այսօր ու՞մ կողմից ու ինչու՞ են հնչեցվում ինքնության կոչերը։
Նախօրոք նկատենք, որ ակնհայտորեն արդի հայաստանյան հասարակությունը արագ գլոբալացվող ավանդական հասարակություն է։ Այսօր դրանում պարզորոշ հնչում են ինքնության կոչերը։ Ուշադիր հետազոտողից չի վրիպում նաև այն, որ գլոբալացման գործընթացին մեծ թափ է հաղորդել երկու տարի առաջ իշխանափոխություն իրականացրած քաղաքական ուժը, որն, ըստ հանրահայտ կարծիքի, հենց գլոբալացման նպատակների իրագործման համար է եկել իշխանության։
Հանրության շրջանում արժանահավատ է համարվում նաև այն վարկածը, որ արագացված գլոբալացման նպատակին են ծառայում մեզանում թափ առած գրեթե բոլոր գործընթացները, ներառյալ նաեւ՝ ինքնության «փոփոխմանն» ուղղված գործընթացը։
Այն, որ իշխանության համար պայքարի ելած քաղաքական ուժը հաշվի է առնում ու արդյունավետ ձևով օգտագործում է հայկական ինքնության առանձնահատկությունները, ակնհայտ էր ի սկզբանե: Բայց գերիշխող ենթադրությունն այն էր, որ «հեղափոխականները» չեն ծրագրում իշխանության գալուց հետո որևէ փոփոխություն կատարել ազգային ինքնության բնագավառում: Սակայն, սոցիալական պրակտիկան ցույց տվեց, որ այդ տպավորությունը խաբուսիկ էր: Առաջին կասկածն ի հայտ եկավ ինստիտուցիոնալ փոփոխությունների ժամանակ, երբ ինքնությունը ձևավորող գրեթե բոլոր հաստատությունները խմբվեցին Կրթության, գիտության, մշակութի և սպորտի գերծանր նախարարության հովանու ներքո:
Հանրության հայացքների ներքո հետզհետե ձևավորվեց տարօրինակ թվացող ԿԳՄՍ նախարարություն կոչվող ինստիտուցիոնալ կառույցը։ Այն ներառեց սոցիալականացման գործընթացը սպասարկող համակարգի հիմնական հաստատությունների մեծ մասը, այդ թվում՝ ինքնությունը ձևավորող կրթական ու մշակութային հաստատությունները։ Պարզ դարձավ, որ գաղտնի կերպով ձեւավորվել է ինքնության ոլորտը և քաղաքականությունը համակարգող ինստիտուտ, որն ի զորու է մշակել եւ կյանքի կոչել ինքնության «նոր» քաղաքականություն:
Նախագիծը, ասել է թե՝ ինստիտուցիոնալ կառույցի ստեղծման փաստն ինքնին հանրությունը պետք է դիտեր՝ որպես ավանդական հայ ինքնության փոփոխմանն ուղղված քայլ, նաև՝ ինքնության «նոր» քաղաքականություն որդեգրելու քաղաքական նախագծի առկայության նախանշան։ Ստացվում էր, որ, նախօրոք ստեղծվեց ինստիտուցիոնալ կառույցը, ապա ասպարեզ եկավ ու գործադրվեց բուն քաղաքական նախագիծը։ Նախագծի մանրամասները հանրությունը ընկալեց ավելի ուշ՝ տարաբնույթ օրենքների ընդունումից ու կոնվենցիաների վավերացումից հետո։
Այն ժամանակ, երբ ընդունվեցին տարատեսակ օրենքներ, որոնք կոչված են փոխելու հայոց լեզվի և պատմության դասավանդման չափորոշիչները, երբ իջեցվեց Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը՝ զրկելով վերջինիս ազգային եկեղեցի լինելու մենաշնորհ կարգավիճակից, երբ վերանայվեց լեզվական քաղաքականությունը: Այս բոլոր քայլերը հասարակությունը տեսավ ու արձագանքեց՝ հնչեցնելով ինքնության կոչեր։
«Հայ գրականությունից «հայ» բառն է հանվում, Հայոց եկեղեցու պատմությունն են հանում, Հայ ժողովրդի պատմության դասավանդման սկզբունքներն են փոխում, փորձում են ցածր դասարաններում սեռական դաստիարակության տարրեր մտցնել, խոսում են երեխայի կողմից իր սեռը որոշելու իրավունքից եւ այլն»,- գրում է լայն լսարանի տեր թերթը։
«Ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը»,-ձայնակցում է մեկ այլ պարբերական:
«2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում առաջին անգամ որպես ազգային արժեք են ճանաչվել այլ կրոնական կառույցներ։ Այս ամենի մեջ մարդիկ վտանգ են տեսնում՝ մեր արմատներին, մեր պատմությանը, մեր ազգային ինքնագիտակցությանն ուղղված վտանգ, որի դեմը պետք է առնել։ Այնպես, ինչպես մեր սահմաններին մոտեցող թշնամու դեմն ենք առնում։ Որովհետեւ հայ մանուկը, մեր ժողովրդի մեծամասնության կարծիքով, տարբերվում է աշխարհի բոլոր մանուկներից՝ նա պետք է հայեցի կրթություն ստանա։» Արմինե Օհանյան հայեցի կրթություն,11, Սեպտեմբեր 2020։
«Եկեղեցին դարեր շարունակ կատարել է հայապահպանության գործառույթ: Հարվածել եկեղեցուն` կնշանակի հարված հասցնել ուղիղ մեր ինքնությանն ու պետականությանը: Դա շատ լավ հասկանում են մեր թշնամիները, մասնավորապես` 2018-ի գունավոր հեղափոխության արևմտա-թուրքական հեղինակները, և ջանք ու եռանդ չեն խնայում»–ձայնակցում են Հայ առաքելական եկեղեցու պաշտպանները /Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից 13:44 – 11/սեպտեմբերի/2020/ հասարակության ուշադրությունից չի վրիպում նաեւ թշնամու ճամբարի հնարավոր մասնակցությունը։
Իսկ երբ հայտնաբերվեց թուրքական հետքը ինքնության նոր գործիքների ձևավորման գործընթացում, կոչերը տագնապ հնչեցրեցին՝ հիշեցնելով «հասարակ ժողովրդի ուսերին է դարձյալ մնում ազգայինը պահելու, փայփայելու գերխնդիրը, որն էլ ավելի արդիական է մեր օրերում»։
Նոր իշխանության հայացքներն ու մոտեցումներն ինքնության քաղաքականության վերաբերյալ հրապարակվեցին ավելի ուշ՝ Անվտանգության խորհրդին ուղղված Վարչապետի ուղերձում, որը, մասնագետների վկայությամբ, ինքնության քաղաքականության կարեւոր գործիք է։ Հետեւաբար պատկերը ամբողջացնելու համար անհրաժեշտ է վերլուծել վարչապետի ուղերձը։
Ուղերձում ընդգծվում է այն միտքը, որ իշխող քաղաքական ուժը հավատարիմ է ինքնության ավանդական հայեցակարգին։ Սակայն, ըստ ամենայնի, այդ պնդումը չհամոզեց հանրությանը։ Ընդհակառակը, տողերի արանքում կարդալ սովոր հետխորհրդային հայ հանրությունը, ուղերձի բառակույտում հայտնաբերեց խնամքով թաքցրած ակնարկներ, որոնց հիման վրա եզրակացեց, որ իշխանության եկած քաղաքական ուժը ցանկանում է փոխել կայացած ինքնությունը՝ նաև՝ թուլացնել ցեղասպանության հավաքական հիշողությունը և հասնել պատմական թշնամու ձևավորված կերպարի փոխարինման։
Այդ էր պատճառը, որ ուղերձը չմեղմեց ինքնության կոչերում հնչող պաշպանական ահազանգերը:
Ենթադրաբար տագնապ է առաջացրել ուղերձում հնչած «ազգային ինքնությունը նույնը չի մնում» ակնարկը, որը հանրությունը հավանաբար ընկալել է որպես Նախազգուշացում՝ հայ ինքնությունը փոխելու մտադրության մասին։ Ակնարկ կարելի էր նկատել նաև այն պնդման մեջ, որը վերաբերում է «հայերի սերունդները կապող» կապին։ Ուղերձի հեղինակը գրում է․ «հայերի սերունդները կապող կապը կապանք չպիտի՛ լինի: Այն ոչ թե հետ պիտի քաշի, այլ առաջ մղի, խթանի, ոգեւորի, այն չպիտի դառնա մի ճնշող ներկայություն»։ Կարծում եմ, նման ակնարկը ընկալվել է տագնապած զանգվածի կողմից որպես ոտնձգություն Մեծ Եղեռնի հավաքական հիշողության նկատմամբ:
Կարելի է քննարկել՝ իրավաչափ է նման եզրահանգումը արդյո՞ք։ Սակայն փաստ է, որ ուղերձի ծալքերում թաքնված ակնարկները թույլ չտվին հանրությանը այն միանշանակ ընդունել։ Այդ էր պատճառը, որ վարչապետի ուղերձը չծառայեց որպես ինքնության քաղաքականության արդյունավետ գործիք։ Իսկ ինքնության նոր քաղաքականության հայեցակարգը կյանքի ուղեգիր չստացավ:
Ուղերձով իշխանությունը, որպես դիսկուրսի նախաձեռնող, ցանկանում էր ուղղորդել ինքնության մասին սկիզբ առած բանավեճը։ Սակայն դիսկուրսի հասցեատերը՝ հայ դինամիկ հասարակությունը ուղերձում և առավել ևս դրան նախորդած քայլերում վտանգ տեսավ ու, դիսկուրսը դեռ չավարտած, ձեռնամուխ եղավ պաշտպանական սոցիալական շարժման ձևավորմանը, ինչը պսակվեց հայ ինքնության ու ազգային արժեքների պաշտպանության ճակատի կազմավորմամբ :
Ինքնության կոչերը նաեւ օգնեցին հասարակությանն արագ վերարտադրել, թվում է, սպառված պասիոնար էներգիան։ Հասարակությունը սկիզբ տվեց ինքնության խնդրի լուծմանը ուղղված սոցիալական շարժումներին, որոնք, Կաստելսի բնորոշմամբ ՝ նպատակաուղղված կոլեկտիվ գործողություններ են, որոնց արդյունքը՝ ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում վերափոխում է հասարակության արժեքներն ու ինստիտուտները:
Իշխանությունը ստիպված էր արձանագրել, որ ուղերձն որպես ինքնության քաղաքականության լծակ ու գործիք չաշխատեց, կյանքի իրավունք չստացավ նաև՝ ինքնության նոր քաղաքականության հայեցակարգը: Ինքնությունը փոխելու նպատակով ձեռնարկված միջոցներն անգամ ինքնության քաղաքականություն տեսք չստացան, քանի որ չդարձան ինքնության հիմնախնդիրների լուծման հանրային ռազմավարություն և ամբողջական համակարգի ենթահամակարգ։ Դրանք ծառայեցին բացառապես ներհասարակական կոնֆլիկտի խորացմանը, խթանելով պաշտպանական ինքնություն և սոցիալական շարժումներ ձևավորելու գործընթացը,
Հանրությունը դիսկուրսին զուգընթաց ծավալեց պաշտպանական սոցիալական շարժման ձևավորման գործընթաց. կատարվողը ընկալելով որպես սպառնալիք ազգային ինքնությանը համախմբվեց իր ավանդական ինքնության շուրջ ՝ դիտարկելով այն որպես պաշտպանիչ զրահ ու հակահարձակ ինքնություն: Ստացվում է, որ իշխանություններն անտեղի ծպտյալ առճակատային գործողություններով ձևավորեցին ճիշտ հակառակ արդյունք՝ արագ գլոբալացվող հայ հասարակությունը զինվեց պաշտպանական ավանդական ինքնությամբ։ Դրանից հետո իշխանությունները շփոթված դադար վերցրեցին: Սակայն ուշ էր՝ հանրությունն արդեն ընդգրկվել է պաշտպանական սոցիալական շարժման մեջ, ինչպես և կանխատեսել էր Ալեն Տուրայնը: