Քաղաքագիտության մեջ իրենց գիտակ համարող հայաստանյան բազմատեսակ «վերլուծաբաններ»․ լուրջ դեմքերով խոսում են , որ ադրբեջանա-թուրքական «Զանգեզուրյան միջանցքի» շահառուն Ռուսաստանն է և որ Հայաստանի իշխանությունը ամեն կերպ պայքարում է դրա դեմ։ Նույն «վերլուծաբան» կոչվածներն ու ԱԺ քպ-ական պատգամավորները կուրծք են ծեծում, իբր Ռուսաստանը Հայաստանից պահանջում է անդամակցել Միութենական Ռուսաստան-Բելոռուս դաշինքին, իսկ իրենք հերոսաբար պայքարում են հանուն ինքնիշանության։
Փորձենք անդրադառնալ երկու հարցերին։
1․ «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական հավակնություններին, առաջինը հավանություն տվեց, իրեն քաղաքագետ համարող Ստեփան Գրիգորյանը, թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում(https://www.aa.com.tr/ru/%D0%BC%D0%B8%D1%80/%D0%B5%D1%80%D0%B5%D0%B2%D0%B0%D0%BD-%D0%BD%D1%83%D0%B6%D0%B4%D0%B0%D0%B5%D1%82%D1%81%D1%8F-%D0%B2-%D0%B4%D0%B8%D0%B0%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B5-%D1%81-%D0%B0%D0%BD%D0%BA%D0%B0%D1%80%D0%BE%D0%B9-%D0%B1%D0%B5%D0%B7-%D0%BF%D0%BE%D1%81%D1%80%D0%B5%D0%B4%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D1%8D%D0%BA%D1%81%D0%BF%D0%B5%D1%80%D1%82/2437603): Հարցազրույցում ժամանակին ռուսամոլ, ապա ՀՀՇ-ական, հետո ՀՅԴ-ական, ապա ղազախամոլ, ծառուկյանամոլ, այժմ ՝ «առաջադեմ, արևմտապաշտ» ռուսախոս գործիչը բացահայտ խոսում է տարածաշրջանում Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու, Թուքիային Ռուսաստանի համեմատությամբ ավելի կանխատեսելի պետություն լինելու և «Զանգեզուրի միջանցքի» նպատահարամարության մասին։ Երբ հարցազրույցը հասանելի դարձավ, սույն գործիչն արդարացավ, իբր իր խոսքերն աղավաղել են։ Ո՛չ ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Նախ, եթե նրա խոսքերն աղավաղած լինեին, ապա նա պաշտոնապես կդիմեր գործակալությանը և հերքում կպահանջեր։ Երկրորդ, ես փաստեր ունեմ, որ նա իր հարցազրույցն ուղարկել է իր տերերին և հավանության արժանացել։
Իսկ ո՞վ է Ստեփան Գրիգորյանը։ Նա այս իշխանության ջերմ պաշտպաններից է, ցանկալի հյուրը մերձիշխանական լրատվամիջոցների։ Նա առանց իշխանության հավանության երբեք այդպիսի մտքեր չէր արտահայտի, ոչ միայն այն պատճառով, որ նա երբևէ սեփական մտքեր չի ունեցել, այլև քանի որ նա գործում և խոսում է միայն իր տերերի պատվերով։ Եվ այս նույն գործիչն ու բազմաթիվ այլ ստեփանգրիգորյաններ տարբեր իշխանամերձ լրատվամիջոցներով համազարկով քարոզ են բարբաջում, որ «Զանգեզուրի միջանցքի» շահառուն Ռուսաստանն է։
Մի քանի խոսք Ռուսաստանի մասին։ 1921թ․ Ռուսաստան-ԽՍՀՄ-ը որոշեց , որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը Հայաստանի։
Արցախի Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնական պատճառն այն ժամանակվա հայ քպ-ականների, ներեցեք՝ բոլշևիկների «խաղաղասիրությունն» էր։ Եվ Ռուսաստան-ԽՍՀՄ-ն ի՞նչ պետք է աներ, երբ ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ հայ «առաջադեմները» բոլշևիկի դիմակի տակ հանձնել էին Արցախը։ Այսօրվա բոլշևիկների, ներեցեք՝ քպ-ականների մտադրության մասին բաց տեքստով ասացին և Վ․ Պուտինը և Ս․ Լավրովը։
Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա իհարկե, մեծ էր Գարեգին Նժդեհի ավանդը, բայց արդյո՞ք միայն դա։Սյունիքի Ադրբեջանի կազմում հայտնվելը, նշանակում էր թուրքական աշխարհի միավորում,Կովկասից մինչև ռուսական թաթարական շրջաններ, Կենտրոնական ասիա,վտանգի տակ դնելով բուն Ռուսաստանը։
Կարծում եմ, որ Սյունիքի Հայաստանի կազմում հայտնվելու հիմնական պատճառը սա էր, բնականաբար՝ ելնելով ռուսական շահերից։ Եվ սա այն դեպքն էր որ համատեղվեցին հայկական և ռուսական շահերը։ Համոզված եմ, եթե հարցը մնար հայ «առաջադեմ» քպ-ական՝ բոլշևիկներին, Սյունիքը նույնպես կհայտնվեր Ադրբեջանի կազմում։ Եվ այսօր, 100 տարի անց ոչինչ չի փոխվել։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» դեմ են Իրանն ու Ռուսաստանը, կրկնեմ՝ ելնելով իրենց շահերից։ Շաբաթներ առաջ, Բաքվում կայացած Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական համաժողովի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Մ․ Միշուստինը խոսեց միջանցքի մասին և քարտեզի վրա ցույց տվեց այն։ Այդ միջանցքն անցնում էր Ադրբեջանից-Իրան ճանապարհով և ոչ մի ակնարկ «Զանգեզուրի» մասին։ Արդեն համոզված կարող եմ ասել, որ վարչապետ կոչեցյալն իր «բարեկիրթ» գործընկերոջը խոսք է տվել հանձնել ոչ միայն Արցախը, այլև «Զանգեզուրյան միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը։ Եվ ինչպես ժամանակին հայտարարում էր որ Արցախը «Հայաստան է ու վերջ», այնպես էլ այսօր, բարբաջում է, իբր դեմ է « Զանգեզուրի միջանցքին»։ Եվ նա խորամանկորեն, իր արբանյակ գործիչներով «Զանգեզուրի միջանցքի» իրականացման իր իսկ տարիներ առաջ ասված գաղափարը գցում է Ռուսաստանի գրպանը(https://armtimes.com/hy/article/105002?fbclid=IwAR1xGBq9qxg9ZC99xb36b8BYJRURGfl5ZPjbhFmaAD2rKMDFcJJBV1PrQI4)։
2. Ինչ վերաբերում է նույն գործիչների և քպ-ական պատգամավորների «ինքնիշխանության» մասին բարբաջանքներին, ապա տեսեք, թե ովքեր են խոսում այդ մասին։Խոսում են մարդիկ, որոնք «չեն տեսնում» , որ իրենց իշխանությունը ոչնչացրել է հայոց ինքնիշխանությունը, որ բուն Հայաստանի հանրապետության տարածքի հսկայական հատվածներ գրավված են թշնամու կողմից։ Վիգեն Խաչատրյան, մարդ , որը եղել է կոմկուսի անդամ, շրջկոմի քարտուղար, ով քծնել, հաճոյացել է Մոսկվայի իր տերերին։ Ինքնիշխանության մասին է խոսում խիստ ինտելեկտուալ Գագիկ Մելքոնյանը։ Նայում ես նրա դեմքին և դեմքից թափվում է ինքնիշխանությունը։ Բոլորի անունները չթվեմ։ Նրանք բոլորը հանուն իրենց բարեկեցության, վայելքների, թքած ունենան ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հանրապետության ինքնիշխանության վրա։
Ցավոք , սա է մեր իրականությունը և այս ամենի դեմ չկա իրական, լուրջ, կազմակերպված դիմադրություն։
Արդյո՞ք,մեզ սպասվում է ասորիների ճակատագիրը։ Հավանաբար․․․
Ավետիք Իշխանյան