ՍԱ ԷԼ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԻ` ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմել է հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի մշակման աշխատանքային խումբ, որը հանրության դատին է ներկայացրել հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգը:
Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ թե հայ գրականության մասին է, այլ գրականության ընդհանրապես: Այդպես արվում է սոսկ առարկան տեսականորեն քննելու համար, բայց ամենևին ոչ ուսուցման, ուսումնառության նպատակով, քանի որ յուրաքանչյուր ազգային դպրոց դասավանդում է ի՛ր ազգային գրականությունը՝ այն հիմնական հոգևոր ժառանգությունն ու արժեքը, որ կրում է տվյալ ժողովրդի լեզուն, մտածելակերպը, հոգեբանությունը, աշխարհընկալումը. մի խոսքով, այն ամենն, ինչը կազմում է տվյալ ժողովրդի ինքնությունը…
Չենք կարծում, թե այս ամենին անտեղյակ են նշված աշխատանքային խմբի անդամները, որոնք պիտի որ պատահական մարդիկ չլինեն: Պարզապես, նրանք հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «արդի աշխարհում գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն», գտել են հիմնավոր փոփոխության մի անհիմն ձև, այն է՝ հայ գրականության տարրալուծումը համաշխարհային գրականության մեջ: Սա այդ ուսումնառության հայեցակարգի առաջին լուրջ թերությունն է: Ըստ այդմ, հայ աշակերտին՝ հայ գրական նյութի որոշ գերակշռությամբ, մատուցվելու է կիսատ-պռատ կոսմոպոլիտիկական գրականություն: Կիսատ-պռատ, քանի որ համաշխարհային գրականությունը 7-12-րդ դասարանների ուսումնառության մեջ հանդես է բերված միայն եվրոպական և ամերիկյան գրողների այս կամ այն ստեղծագործությամբ: Այդ հեղինակների ընտրությունն էլ կատարված է շատ կամայականորեն:
Լավ է, որ 7-րդ դասարանցուն Ստեփան Զորյանի, Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու երկերից զատ հատվածներ են առաջարկվում նաև Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպից: Բայց ինչո՞ւ պիտի դրանց հետ միասին հայ աշակերտը հաղորդակցվի նաև հատկապես Լ. Թոմայի, Հ. Զուդերմանի և Ռ. Պալասիոյի ստեղծագործություններին…
Նույնը կարելի է ասել նաև մյուս դասարաններում սովորողներին առաջարկվող օտար հեղինակների մասին: Ըստ այդմ, այս ծրագրերով շուրջ երկու տասնյակ օտար գրողների գործեր են առաջարկվում հայ դպրոցականին, ընդ որում, նրանցից ոմանց անդրադարձ կա մեկից ավելի անգամ: Այսպես, Օ’ Հենրիի և Մոպասանի այս կամ այն գործը առաջարկվում է ուսուցանել թե՛ 8-րդ և թե՛ 10-րդ դասարանցուն, Օ. Ուայլդի գործերը՝ թե՛ 10-րդ և թե՛ 11-րդ դասարանցուն, Բրեդբերիի ստեղծագործությունները՝ թե՛ 11-րդ և թե՛ 12-րդ դասարանցուն: Բացի այս, լրացուցիչ ընթերցանության համար առաջարկվող գրականության ցանկում ընդգրկված են շուրջ հինգ տասնյակ օտար գորողների գործեր ընդ որում, դրանք որոշ չափով կարող են հավելվել ուսուցչի կամքով… Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ երբեմն որոշ արտասահմանյան գրողների գործեր թարգմանվում են միջնորդ լեզվից և հաճախ, թեկուզև բնագրերից կատարված շատ թարգմանություններ, կատարվում են ոչ պատշաՃ հայերենով ու գեղարվեստական մակարդակով, ուստիև դրանք չեն դառնում լիարժեք հայ գրական փաստ:
Օրինական հարց է առաջանում, թե ինչո՞ւ պիտի 8-րդ դասարանում հայ աշակերտը կարդա հատկապես Շ. Դրեյփերի կամ Հարփըր Լիի գործերը…
Ինչո՞ւ 9-րդ դասարանում էպոսին նվիրված ժամերին (փա՜ռք Աստծո, այստեղ չի մոռացվել «Սասունցի Դավիթը») պիտի առանձնապես քննվի Հոմերոսի «Ոդիսականը» (ի դեպ, «Իլիականը» առավել բնորոշ է էպոսի ժանրին):
Ինչո՞ւ պիտի հայկական դպրոցում ողբերգությանը նվիրված ժամերին առաջարկվի սոսկ Շեքսպիրի «Համլետը» (փա՜ռք Աստծո, դրաման ներկայացնում է Շիրվանզադեն): Ընդսմին, 10-րդ դասարանում ևս դարձյալ առաջարկվում է Շեքսպիրը, այս անգամ «Լիր արքա» ողբերգությամբ: Նույն այդ դասաժամերին առաջարկվում է նաև Սոֆոկլեսի մի գործը. Իսկ ո՞ւր են Էսքիլեսն ու Եվրիպիդեսը… Կամ մեծ անգլիացուց զատ, ինչո՞ւ մեր աշակերտներին զլացել են առաջարկել եվրոպական Վերածննդի մյուս մեծերին՝ նախավերածննդյան հսկա Դանտեին, այլև Պետրարկային, Բոկաչոյին, Ռաբլեին, Սերվանտեսին…
Կամ ո՞ւր են ռուս գրականության մեծերը, պարսկա-արաբական և չինական գրականության երևելիները: Ինչո՞ւ ճապոնական հարուստ գրականությունից առաջարկվում է միայն Հարուկի Մուրակամին…
Վերջապես, ո՞ր մեղքի համար, թեկուզև 12-րդ դասարանում, հայ աշակերտը պիտի հաղորդակցվի Ֆրանց Կաֆկայի բարդիմաստ «Կերպարանափոխություն» պատմվածքին (հետն էլ դեռ՝ Գուրգեն Խանջյանի համանման «Առնետ»ին) և ինչո՞ւ առաջարկվում է հատկապես Կաֆկան և ոչ թե, ասենք, Ջեյմս Ջոյսը կամ Սեմյուել Բեքեթը… Ո՞ւր են Մարսել Պրուստը, էկզիստենցիալիստները կամ Մարկեսը, Բորխեսը, Կոելիոն… (Հիմնական ծրագրերում բացակա հեղինակների միայն մի մասի որոշ գործեր առաջարկված են լրացուցիչ գրականության ցանկում):
Հարցականների այս շարքը կարելի է երկարել, թեև ասվածն էլ բավական է՝ համոզվելու համար, որ ավելի քան սխալ և անհնարին է հանրակրթական դպրոցում հայ գրականությունը ուսուցանել համաշխարհային գրականությանը զուգակցված, այն էլ՝ կամայականորեն: Հետևաբար, այդ սկզբունքից պիտի կտրականապես հրաժարվել, և միայն այդ ժամանակ գրականությունը՝ ընդհանրապես կդառնա հայ գրականություն՝ մասնավորապես:
Ինչ խոսք, հայ գրականությունը թե՛ ուսումնասիրելիս և թե՛ ուսուցանելիս պետք է դիտարկել համաշխարհային գրականության համատեքստում: Սակայն դա պետք է անել միա՛յն ու միա՛յն ծագումնաբանական և տիպաբանական նկատառումներով՝ ցույց տալու համար մեր գրականության յուրահատուկ (երբեմն բացառիկ) տեղն ու դերը ընդհանուր գրականության պատմության մեջ. այն ինչ լավագույնս արել են մի շարք նշանավոր հայ և օտարազգի ուսումնասիրողներ…
Քննվող հայեցակարգի նորությունն ավագ դպրոցի համար համարվում է գրական երկերի ընտրության հնարավորությունը՝ ոչ թե ըստ գրականության զարգացման ժամանակագրության, այլ ըստ գրական սեռերի և ժանրերի, աշակերտի տարիքային առանձնահատկությունների և հետաքրքրությունների: Որդեգրվել է նաև պարզից բարդը գնալու սկզբունքն՝ ըստ Բենջամին Բլումի աստիճանակարգի:
Դե ի՛նչ, կարելի է նաև ա՛յդ մոտեցումներով քննել ու մատուցել հայ գրականությունը (անշուշտ՝ իր անխառն վիճակով և գրականագիտական-մանկավարժական պատշաճ մակարդակով): Այս սկզբունքը հատկապես շահեկան է՝ ներկայացնելու համար միջնադարյան գրականությունը, որը դպրոցականի համար առավել դժվար ընկալելի է թե՛ լեզվական (գրաբար, միջին հայերեն, բարբառներ) և թե՛ գաղափարաբանական առումով: Սակայն գրականության ուսումնառության հայեցակարգի նախնական տարբերակում զարմանալիորեն (մեղմ ասած) անտեսված էր ողջ միջնադարյան գրականությունը, ինչը այդ հայեցակարգի հաջորդ էական թերությունն էր (դարձյալ մեղմ ասած): Մեր այս հոդվածը շարադրման ընթացքի մեջ էր, երբ գրականություն առարկայի չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը, բարեբախտաբար, ընդունելով իր հասցեին ուղղված իրավացի քննադատությունները, տեղեկացրեց, որ ուսումնական ծրագրում ներառված է միջնադարյան հայ գրականությունը, և, սկսած 5-րդ դասարանից, աշակերտները կուսումնասիրեն պատմիչների և առակագիրների գործերը, ծրագրում ներառված են նաև Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան (մինչ այդ, մեծագույն սիրերգուն ընդամենը «կցված էր» Չարենցի «Տաղարանին»):
Քանի որ խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագրերը՝ քննարկելով հանրության առաջարկներն ու դիտարկումները, անհրաժեշտ եմ համարում հորդորել նրանց անպատճառ նկատի ունենալ հայ գրականագիտության վերջին տասնամյակներին ունեցած ձեռքբերումները և, որպես միջնադարյան գրականության մասնագետ, ցանկանում եմ կատարել հետևյալ առաջարկները:
Ա. Հատկապես Ոսկեդարի պատմիչների գործերը, որոնք հիմնականում հավաստի պատմական վկայարաններ են, դիտարկել նաև որպես գեղարվեստական արձակի փայլուն նմուշներ՝ միջնադարյան զանազան գրական ժանրերին հարող հայերգական-հայրենասիրական հերոսապատումներ ու ներբողներ:
Բ. Առավել լայնորեն, քան անցյալում, անդրադառնալ հայ ինքնուրույն անհատական բանաստեղծության սկզբնավորմանն ու ծաղկմանը, որպես օրհներգ-շարականներ, որոնց առաջին հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը, իսկ խոշորագույն ներկայացուցիչները՝ Մովսես Խորենացին և Ներսես Շնորհալին:
Գ. Հստակորեն տարանջատված մատուցել բանահյուսական և անհատական-գրական երկերը: Վերջիններիցս առանձնացված դիտարկել թե՛ առասպելն ու էպոսը և թե՛ ժողովրդա-գուսանական ստեղծագործությունները, հատկապես այդ կարգի հայրենները՝ խուսափելով դրանք վերագրել Քուչակին:
Դ. Բացի Խորենացուց, Նարեկացուց, Ֆրիկից և Սայաթ-Նովայից, որպես ծրագրային հեղինակներ առաջարկել նաև Եղիշեին, Ներսես Շնորհալուն և մեր առաջին սիրերգակ Կոստանդին Երզնկացուն: Այդպես է եղել տարիներ առաջ գործած ծրագրերի համաձայն, որոնք, ինչ-ինչ պատճառներով, գնալով սահմանափակվել են՝ ցավալիորեն «աղքատացնելով» մեր բազմահարուստ գրականությունը. տվյալ դեպքում նկատի չունենք միայն միջնադարը…
Նոր գրականության պարագայում ևս առաջարկվող ծրագրերում առկա են կամայականության և անհետևողականության որոշ դրսևորումներ: Այսպես, հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրը համարված Գաբրիել Սունդուկյանը, որ ժամանակին եղել է ծրագրային հեղինակ, իր «Պեպո» ստեղծագործությամբ տեղ է գտել միայն լրացուցիչ գրականության ցանկում: Միայն այդտեղ կարելի է գտնել նաև Ռափայել Պատկանյանի, Կոստան Զարյանի անունները: Իսկ խոշոր երգիծաբան Երվանդ Օտյանն այդ բախտին էլ չի արժանացել, էլ չենք խոսում Պերճ Պռոշյանի, Ծերենցի, Զապել Եսայանի, Երուխանի մասին…
Զարմանալիորեն, արևմտահայ բանաստեղծների շարքում բացակայում են Ռուբեն Սևակը և Վահան Թեքեյանը: Սփյուռքահայ գրողներից կա միայն մեկ անդրադարձ. դա Զահրատի մի ժողովածուի քննությունն է 11-րդ դասարանում, մինչդեռ, ասենք, Շահան Շահնուրի և Հակոբ Մնձուրու նման խոշոր հեղինակների գործերը առաջարկվել են միայն որպես լրացուցիչ ընթերցանություն: Փոխարենը, մեկից ավելի անդրադարձեր կան Նաիրի Զարյանին, Ստեփան Զորյանին, Վարդգես Պետրոսյանին, որոնք հաստատապես վերը նշված «բացակա» հեղինակներից շատերին զիջում են իրենց ունեցած գրապատմական դերով: Այնպես որ ընտրությունը պիտի կատարվի խիստ մասնագիտական չափորոշիչների հիման վրա: Նման մոտեցում պիտի ունենալ նաև նորագույն շրջանի գրողների պարագայում, որպեսզի արդի բանաստեղծության մեջ որոշակի արժեքներ ստեղծած Հենրիկ Էդոյանի և Հակոբ Մովսեսի ինքնատիպ ժողովածուներն, օրինակ, չառաջարկվեն միայն հարյուրավոր հեղինակներ ընդգրկող լրացուցիչ գրականության ցանկում՝ սպասելով որևէ ուսուցչի հայեցողությանը…
Խնդրո առարկա հայեցակարգի մեր նշած առաջին թերության անխուսափելի հետևանքն է այն, որ առաջարկվող ծրագրերի բովանդակության մեջ բացակայում են հայեցի դաստիարակություն, ազգային ինքնագիտակցություն, ազգային արժանապատվություն հասկացությունները. դրանք ամենևին գեղեցիկ ու վերամբարձ խոսքեր չեն, այլ, գեղագիտական ու բարոյական դաստիարակության հետ միասին, հանդիսանում են հայ գրականության ուսուցման հիմնական թիրախները: Ի դեպ, այդ թերությունը նկատել և մեզ մատնանշել է նաև մեր վաստակաշատ մանկավարժներից մեկը (Սիլվա Աչոյան)…
Ավարտելով՝ ասեմ, որ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ իր հայտնի ծրագրային ուղերձում Հայաստանի վարչապետը հայ ժողովրդի դարավոր գոյատևումը պայմանավորված է համարել ազգային արժեքների պահպանմամբ. արժեքներ, որոնց մեջ իրենց առանցքային տեղն ունեն հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը:
Այս ոգով, ահա, պիտի սերունդներին ուսուցանվեն վաղնջական անցյալից եկող մեր անօրինակ բանահյուսությունն ու ինքնօրինակ գրականությունը:
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Բանասիրության դոկտոր, միջնադարագետ