Իսկ հարկային եկամուտներն ու արտահանումը շեշտակի նվազում են։
Բոլորս դեռ հիշում ենք վարչապետ Փաշինյանի հիացմունքը, որով նա խոսում էր կորոնավիրուսի ընձեռածՙ տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորության եւ Հայաստանից արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու մասին: Հիմա նա ձգտում է մոռանալ իր այդ հայտարարությունը, քանի որ, ինչպես եւ սպասելի էր, տնտեսական անկումը Հայաստանում խորանում է, արտահանումն ու բյուջեի հարկային եկամուտները նվազում, իսկ փոխարենըՙ արտաքին պարտքը արագ տեմպերով աճում: Այժմ ավելի հանգամանորեն այս մասին:
Փաստացի, ՀՀ պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 8 մլրդ դոլարի, իսկ արտաքին պարտքն անցել 6 մլրդ դոլարի սահմանը: Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 7 մլրդ 939 մլն դոլար, որից արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 55 մլն դոլար: Այսինքն, միայն մեկ ամսվա ընթացքում ընդհանուր պետական պարտքն ավելացել է 220 մլն դոլարով, որից արտաքին պարտքըՙ 73 մլն դոլարով, իսկ ներքին պարտքըՙ 147 մլն դոլարով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին էր ֆինանսների նախարարը հայտարարել մեր պարտքը 490 մլն դոլարով այս տարվա ընթացքում ավելացնելու մասին: Մինչդեռ, ընդամենը մեկ ամսում ավելացել է 220 մլն դոլարով: Ենթադրելի է, որ մինչեւ տարեվերջ պարտքի ավելացման ցուցանիշը էապես գերազանցելու է նախատեսված 490 մլն դոլարը:
Այժմ տեսնենք, թե որքա՞ն է ավելացել պետական պարտքը «հեղափոխական» իշխանության օրոք: Այն իշխանության, որի ղեկավարը նախկինում կտրուկ դեմ էր արտաքին պարտքի ավելացմանը, առանց որեւէ բարոյական սահմանափակումների շահարկում էր այդ թեման, իշխանության գալուց հետո էլ հայտարարում էր, որ վարելու են արտաքին պարտքի նվազեցման քաղաքականություն , իսկ հիմա անշեղորեն ավելացնում է այն:
Այսպիսով, 2018 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 704 մլն դոլար, որից միայն արտաքին պարտքըՙ 5 մլրդ 449 մլն դոլար: Այս ցուցանիշները համադրենք այս պահի դրությամբ արձանագրված, վերեւում նշված 7 մլրդ 939 մլն դոլար պետական պարտքի եւ 6 մլրդ 55 մլն դոլար արտաքին պարտքի հետ: Կստացվի, որ ՀՀ պետական պարտքը, այս իշխանությունը երկու տարվա ընթացքում ավելացրել է ավելի քան 1,3 մլրդ դոլարով, որից միայն արտաքին պարտքըՙ ավելի քան 600 մլն դոլարով: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական պարտքը ավելացրել է տարեկան միջինը մոտ 650 դոլարով: Արտաքին պարտքի ավելացման համար քննադատվող որեւէ նախորդ իշխանություն պարտքային բեռի միջին տարեկան նման կտրուկ բարձրացում չէր կատարել:
Միաժամանակ, վատթարացել է պարտքի կառուցվածքը: Վարկային գումարները չեն ուղղվում ենթակառուցվածքներիՙ ճանապարհների, ջրագծերի, ջրամբարների կառուցմանը, այլ ուղղվում են բյուջեի հարյուր միլիարդավոր դրամներով նվազող եկամուտների համալրմանը: Այսինքն, չստեղծելով տնտեսական զարգացման հիմքեր, ավելացնում ենք մեր երկրի եւ մեր բոլորիս ուսերին դրված պարտքի բեռը:
Պետական պարտքի ավելացմանը զուգահեռ, նվազում են պետական բյուջեի հարկային եկամուտները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից պետական բյուջեում կատարված փոփոխությունների համաձայն, այս տարվա ընթացքում բյուջեի եկամուտները նվազեցվեցին 169 մլրդ դրամով: Սակայն, հունվար–հունիս ամիսներին արդեն իսկ 100 մլրդ դրամով բյուջեի հարկային եկամուտների թերակատարում է արձանագրվել: Հուլիս եւ օգոստոս ամիսներին այս միտումը շարունակվում է: Ավելին, այս տարվա հարկային եկամուտները ոչ միայն թերակատարվում են, այլ կտրուկ նվազում են նաեւ անցած տարվա համեմատ: Հունվար–օգոստոսին անցյալ տարվա հունվար–օգոստոսի համեմատ պակաս են հավաքվել մոտ 50 մլրդ դրամ հարկային եկամուտներ:
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, բնականաբար չի ավելացելՙ առավել եւս 30 մլրդ դոլարով: Այս օրերին վարչապետ Փաշինյանը ընտրողաբար մեկ-երկու ապրանքախմբի արտահանման ծավալների ավելացման մասին էր գրում, չտեսնելով արտահանման ծավալների ընդհանուր անկումը:
Այս տարվա յոթ ամիսներինՙ հունվար-հուլիս, Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 333 մլն դոլար: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այն 1 մլրդ 425 մլն դոլար էր: Արտահանումը նվազել է 92 մլն դոլարով կամ 6,4 տոկոսով: Արտահանման ծավալների ավելի աղետալի անկումից խուսափում ենք միայն հանքարդյունաբերության շնորհիվՙ մետաղական հանքաքարի արդյունահանման եւ արտահանման ծավալներն էապես մեծացնելով: Այստեղ նույնպես հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանքարդյունաբերությունը մեզ համար ապագա չէ եւ պետք է զարգացնենք բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրությունն ու արտահանումը: Բնականաբար, դա տեղի չի ունենում, Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարության մասին նույնպես չի հիշում, իսկ հանքարդյունաբերությունը փրկում է նրան ավելի վատթար ցուցանիշներից:
Այսպիսով, վերոնշյալ գործընթացները մեր տնտեսության մեջ ենթադրում են, որ տնտեսական վիճակի վատթարացումը շարունակվում է, իսկ առաջիկայում լավատեսական սպասումների հույսեր, ցավոք, չենք կարող տածել: