Պուտինի հետ հանդիպումից այս իշխանություններին ինչ-որ բան դուր չի եկել, նրանք փորձում են Հայաստանում հակառուսական տրամադրություն առաջացնել՝ ցույց տալով, որ գերիների՝ Հայաստան չվերադառնալը կապված է Պուտինի դիրքորոշման հետ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Ամբողջական տեղեկատվություն է պետք ձեռք բերել՝ հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել, բայց առկա տեղեկատվությունը խոսում է այն մասին, որը սա եղել է լրջագույն սադրանք, հայ-ռուսական հարաբերություններին, ըստ երևույթին, ինչ-որ բան Պուտինի հետ հանդիպումից այս իշխանություններին դուր չի եկել, նրանք փորձում են Հայաստանում հակառուսական տրամադրություն առաջացնել՝ ցույց տալով, որ գերիների Հայաստան չվերադառնալը կապված է Պուտինի դիրքորոշման հետ»,-ասաց Ղազինյանը վստահեցնելով, որ միայն գործող իշխանության մեղքով է, որ պատերազմից ամիսներ անց էլ դեռևս ունենք գերիներ:
«Դա Հայաստանի խնդիրն է, միակ ձախողված սուբյեկտը Նիկոլ Փաշինյանն է և իր իշխանությունը: Իրենց մեղքով է, որ մինչև օրս մենք ունենք գերիներ»,-ասաց Ղազինյանը:
Անդրադառնալով իշխանական տարբեր պատգամավորների հայտարարություններին, որոնք փորձում էին հայ գերիների չվերադառնալու հարցում սլաքներն ուղղել Ռուսաստանի կողմ, զրուցակիցը կարծում է, որ դրանք լրջորեն չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ ժամանակավոր բնույթ են կրում.
«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ իշխանություն, որը կարող է փոխել հայ-ռուսական հարաբերությունների դրական դինամիկան, իշխանությունները կարող են ջլատել միջպետական հարաբերությունները, իսկ ժողովուրդների միջև բարեկամությունը երկարատև է, գալիս է դարերից: Սա կարճ ժամանակ է, երբ այս իշխանությունները հեռանան, կձևավորվի պետական իշխանություն, որի արդյունքում մենք կունենանք ռազմավարական լուրջ գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ»,-ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ սա պետք է դիտարկենք որպես խիստ ժամանակավոր երևույթ:
Հարցին՝ ինչու՞ է Ադրբեջանն ամեն դեպքում ձգձգում ռազմագերիների վերադարձը, զրուցակիցը կարծում է՝ նոր տարածքներ ստանալու դիմաց.
«Ադրբեջանը փորձում է մտնել առևտրի մեջ Հայաստանի իշխանությունների հետ, և դրա դիմաց ինչ-որ բան են ուզում, ենթադրում եմ, դա կապված է Կարմիր շուկայով Շուշի մտնելու հետ, ինչը Արցախի գործող նախագահը և ՀՀ իշխանությունը կերազեին բավարարել, մինչդեռ կա զինվորականություն, որը այնքան էլ հակված չի թույլ տալ, որ Կարմիր շուկայի ճանապարհն օգտագործեն թուրքերի և ադրբեջանցիների համար: Ադրբեջանցիները ուզում են գերիների փոխանակման դիմաց ստանալ այդ ճանապարհից օգտվելու հնարավորություն, հատկապես, որ Էրդողանը խոստացել է, որ պետք է այցելի Շուշի, իսկ այն ճանապարհը, որով իրենք հիմա գնում-գալիս են, դա բավական բարդ ճանապարհ է, նրանք ուզում են նորմալ ճանապարհով մուտք ունենալ դեպի Շուշի»,-ասաց Ղազինյանը:
Իսկ թե ինչու՞ է այդ դեպքում հայկական կողմը մշտապես գնում զիջումների, զրուցակիցն արձագանքեց.
«Խնդրում եմ դիմեք իշխանությունը, իրենք են զիջման գնում, ես չեմ տեսնում որևէ հիմնավոր բացատրություն՝ ինչու՞ են այդպես անում, երբ խոսում են պետական դավաճանության մասին, սա հենց դրա ցայտուն արտահայտությունն է»:
Դիտարկմանը՝ եթե հայկական կողմը, արձանագրում է, որ հակառակորդը, չվերադարձնելով գերիներին, խախտում է եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը, ինչու՞ չի դիմում միջազգային ատյաններ՝ պահանջելով սանկցիաներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի, Արթուր Ղազինյանն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է հմուտ արտաքին քաղաքականություն բանեցնելու կարողություն,
«Արդեն իսկ ակնհայտ է այն փաստը, որ Հայաստանի պետական քաղաքականությունը բոլոր ոլորտներում տոտալ ձախողված է, չկա ընկալում շահի և այդ շահի վրա հիմնված հետագա պրոցեսների կազմակերպում: Իշխանությունները գործում են օրվա ռեժիմով՝ այսօրն էլ անցնի, լուսացնենք, տեսնենք վաղն ի՞նչ է լինելու, իրենք չունեն պատկերացում ՝ի՞նչ է պետք անել:Մյուս կողմից էլ բացակայում է քաղաքական կամքը և նրանք ցանկանում են չգժտվել Ադրբեջանի հետ, խնդիր չառաջացնել և մնալ իրենց կողմից հռչակված Ադրբեջանի և Թուրքայի հետ բարեկամանալու օրակարգի վրա»:
Աղբյուր` Փաստինֆո