ԱՄՆ հայկական համայնքի հայտնի գործիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանի(Դետրոյթ, ԱՄՆ) այս հոդվածը azgonline.am-ում տպագրվել էր դեռ այս տարվա սեպտեմբերի 15-ին և զգուշացնում էր ՀՀ իշխանություններին, որ պատերազմը մեր քթի տակ է և որ պետք է դադարեցնել հակառուսականությունը, վհուկների որսը՝ նախկին-ներկա, և փորձել միավորվել և միասնաբար դիմակայել մոտալուտ արհավիրքին։ Սակայն ցավոք, թե այս զգուշացմանը և թե նմանատիպ այլ զգուշացումների ՀՀ նորելուկ իշխանությունները ականջալուր չեղան, պետությունը տանելով դեպի կործանման։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ունի գերտերության բոլոր դրսեւորումները: Այդ կայուն կեցվածքը հիմնված է նրա ռազմական հզորության վրա, որը ամբարտավանորեն տեղակայվում է Թուրքիայի անմիջական ազդեցության գոտուց հեռու գտնվող շրջաններում:
Մի կողմից, Թուրքիան հակասության մեջ է Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, իսկ մյուս կողմից մարտահրավեր է նետում Չինաստանինՙ իր մուսուլման ույղուրական փոքրամասնության նկատմամբ դավադիր վերաբերմունքի համար:
Արեւմուտքում միայն Ֆրանսիան է բարձրաձայնում իր մտահոգությունը Արեւելյան Միջերկրածովքում թուրքական ագրեսիայի առնչությամբ, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում է նսեմացնել երկու հակառակորդների ճամբարների հակասությունների կարեւորությունը:
Այս արձագանքը որոշակի լարվածություն է առաջացրել Եվրոմիության անդամների շրջանում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Միջերկրական ծովում Թուրքիայի հարաճուն ագրեսիվությանն ի պատասխան հայտարարել է, որ եկել է Արեւելյան Միջերկրածովքում Թուրքիայի անօրինական գործողությունների առջեւ կարմիր գիծ քաշելու ժամանակըՙ ավելացնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամին անվայել կեցվածք է դրսեւորում:
Այս մեկնաբանությունը կատաղի հակազդեցություն առաջացրեց Անկարայում, որտեղ արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը պատասխանեց. «Նրանք, ովքեր կարծում են, թե կարմիր գծեր են քաշել Արեւելյան Միջերկրածովքում Թուրքիայի արդար նպատակների առջեւ, կկանգնեն միայն մեր երկրի անսասան դիրքորոշման դեմ-հանդիման: Եթե տարածաշրջանում կարմիր գիծ լինի, ապա դա կարող է վերաբերել միայն Թուրքիայի եւ «թուրք կիպրացիների» իրավունքներին, ինչը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Ժամանակն է, որ վեհության պատրանք ունեցողները առերեսվեն իրականությանը: Քարտեզների վրա գծեր քաշելու միջոցով իմպերիալիստական պատկերացումներ սահմանելու ժամանակաշրջանը վաղուց անցել է»:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն ավելի կոպիտ էր. «Բացի ահաբեկչության դեմ մեր պայքարից, Միջերկրական եւ Էգեյան ծովերում մենք մեր շահերի դեմ մարտահրավերներ ենք ունենում: Մենք պայքարում ենք բոլոր թշնամիների դեմ եւ ձեռնոց ենք նետում մեր թշնամիների առաջ»:
Իրավիճակը գնահատելու համար օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո Մակրոնը կատարեց իր երկրորդ այցը Լիբանան: Դա նրա կողմից սոսկ բարի կամքի դրսեւորում չէր: ֆրանսիացիները հետեւում են Թուրքիայի տարբեր նախարարությունների գործունեությանը, որոնք օգտվում են այդ աղետյալ ժողովրդի թշվառությունից:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ռազմատենչ դիրքորոշումը կրկնվում են Կովկասում: Բայց նախքան այդ տարածաշրջանին անդրադառնալը, կարեւոր է գտնել միջազգային հանրության հետ հարաբերություններում Թուրքիայի արտասովոր ամբարտավանության աղբյուրը:
Դիտելով Թուրքիայի դերը գլոբալ ուժերի ձեւավորման մեջՙ կարելի է նկատել ԱՄՆ-ի զինված ուժերի թուլացումը աշխարհում: Դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն համամասնանաբար թուլացնում է իր հետաքրքրությունը համաշխարհային գործերի հանդեպ, բայց դերերի տեղաշարժ կա. մի ժամանկ ԱՄՆ-ն աութսորսինգ էր իրականացնում արդյունաբերական արտադրության մեջ եւ մղում էր արտաքին պատերազմներ: Այսօր արտադրությունը վերադառնում է ԱՄՆ, մասնավորապես Չինաստանից, եւ այս անգամ Վաշինգտոնը ուրիշներին է հանձնարարում արտաքին պատերազմներ մղել: Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության ազգային համագումարում Թրամփի շնորհակալական խոսքի կարեւոր կետերից մեկը զորքերի հետբերումն էր:
Թուրքիան իր տեղն է գտել քաղաքականության այս փոփոխության մեջ: Սառը պատերազմի ընթացքում Թուրքիան ծառայեց որպես պատվար ընդդեմ կոմունիզմի ընդլայնման: Այս նոր դերում Անկարան դառնում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի ոստիկան:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հայտնվում է մեկ այլ ուժՙ Ճապոնիան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ Ճապոնիան անվերապահորեն անձնատուր եղավ դաշնակից տերությունների գերագույն հրամանատար գեներալ Դուգլաս ՄակԱրթուրին, նոր սահմանադրությունը, որը մշակվել էր հենց այդ գեներալի կողմից, սահմանափակեց Ճապոնիայի զինված ուժերը միայն ինքնապաշտպանությամբ: Սակայն վերջին տարիներին վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի համաձայնությամբ փոխեց այդ սահմանադրությունըՙ ճանապարհ հարթելով դեպի նոր ռազմականացում, մասնավորապես հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ռազմական ներկայության աճը:
Օրերս, առողջական պատճառներով իր պաշտոնաթողությունից առաջ, Սինձո Աբեն այցելեց Յասուկունի սրբավայր, որտեղ թաղված են մահապատժի ենթարկված ճապոնացի բազմաթիվ պատերազմական հանցագործներ, եւ հարգանքի տուրք մատուցեց նրանց, մինչ կայսր Նարուհիտոն երկիմաստ հայտարարություն արեցՙ սգալով պատերազմի բոլոր զոհերին:
Եթե նախագահ Թրամփը վերընտրվի, մենք կարող ենք տեսնել այս քաղաքականության ավելի շատ ապացույցներ, եւ այլ ոստիկաններ կարող են հայտնվել տարբեր տարածաշրջաններումՙ ծառայելով ԱՄՆ-ի շահերին:
Օրինակ, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կարող է Հարավային Ամերիկայում համապատասխան լինել այդ դերին:
Մինչ Թուրքիան ստանձնում է ոստիկանի դերը, ենթադրաբար ծառայելով արեւմտյան տերությունների շահերին, նա հոգում է նաեւ սեփական շահերի մասինՙ առաջ տանելով իր օսմանյան նախագծերը:
Տավուշի սահմանին հուլիսյան պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը կորցրեցին իրենց դեմքը. ապացուցվեց, որ 5 միլիարդ դոլար արժողությամբ փայլուն ռազմական տեխնիկան անարդյունավետ է ավելի վատ զինված հայ թշնամիների դեմ: Այդ հետընթացի արդյունքում նախագահ Ալիեւը կորցրեց իր վստահելիությունը: Այս զարգացումը Թուրքիային օգնեց լրացնել այնտեղ իշխանության վակուումը: Նախ թուրք-ադրբեջանական համատեղ ուժերը տպավորիչ պատերազմական զորավարժություններ անցկացրեցին` վախեցնելու Հայաստանին, այնուհետեւ Թուրքիան իր ռազմական ուժերը տեղափոխեց Նախիջեւանՙ այն վերածելով փաստացի ռազմակայանի` ի հակադրություն Գյումրիի ռուսական ռազմակայանի:
Այս քայլերն ավելի նշանակալից էին, քան Թուրքիայի աջակցությունը իր եղբայր Ադրբեջանին: Թուրքիան կատարում էր տարածաշրջանի ոստիկանի իր նոր դերըՙ Վաշինգտոնին ակնարկելով, որ ինքը կատարում է Ռուսաստանին զսպելու իր պարտականությունը: Արցախյան պատերազմը իրականում լոկ պատրվակ է հանդիսացել ավելի լայն աշխարհառազմավարական պլաններ սպասարկելու համար:
Էրդողանի պատերազմական հերոսըՙ ամենուր գտնվող պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը ղեկավարում էր Թուրքիայի մարդասպանական արշավանքները Սիրիայում եւ Լիբիայում, այդ ռազմական վարժանքների ընթացքում նույնպես հայտնվել էր ղարաբաղյան ճակատում:
Ընդօրինակելով իր շեֆի ամբարտավանությունը, Աքարը սպառնաց Հայաստանինՙ ասելով, որ «Թուրքիան նույնպես հակամարտության կողմ է, կանգնած է եղբայրական պետության (Ադրբեջանի) կողքին եւ պաշտպանում է նրա իրավունքները»: Նա ավելացրեց. «Հայաստանը խելամտորեն չի գործումՙ ապավինելով իր թիկունքում կանգնած ուժերինՙ իր ուժերից ծանր բեռ վերցնելով»:
Այս հայտարարությունը անմիջական հղում էր Մոսկվայինՙ բացահայտելով Ադրբեջանում եւ Նախիջեւանում ավելի ու ավելի սպառնացող թուրքական ռազմական ներկայության իրական ուժը:
Հուլուսի Աքարի անդրադարձը ուղղակի մարտահրավեր էր Ռուսաստանին` անտեսելով Հայաստանը:
Մինչեւ վերջերս Մոսկվան հանդարտություն էր պահպանում: Հաղորդվում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անկարային իրենց պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցների ժամանակ նրանց հորդորել են զսպվածություն դրսեւորել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն է՛լ ավելի է բորբոքել թուրքական հռետորաբանությունըՙ համատեղ ասուլիսում ասելով. «Հայաստանն ապացուցեց, որ վստահելի երկիր չէ: Ադրբեջանը միայնակ չէ: Մենք աշխատում ենք «մեկ ազգ, երկու պետություն» հասկացության ներքո եւ այսօր մեր հանդիպումն անցկացրեցինք նույն ըմբռնումով»:
Իրականությունն այն է, որ ճշմարտությունն արտացոլելու համար ավելի ճիշտ է ասել «երկու ազգ, մեկ պետություն»:
Բոլոր նկատառումներից ելնելովՙ Հայաստանը կանգնած է Թուրքիայի առջեւՙ որպես տարածաշրջանում նրա անվտանգության գլխավոր մարտահրավեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց այս փաստը վերջերս պարգեւատրումների արարողության ժամանակ, որտեղ նա ասաց. «Այսուհետ Հայաստանը ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային է ճանաչում որպես մարտահրավեր եւ սպառնալիք: Հայաստանի ընկալումը փոխվում է, եւ դա, իհարկե, առանցքային փոփոխություն է»:
Ադրբեջանը չի վարում որեւէ հատուկ քաղաքականություն Հայաստանի արտաքին քաղաքականության հաստատման համաձայն. այն ամենը, ինչ նա անում է, ընդամենը Էրդողանի ցանկությունների արտացոլումն է:
Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիան բազմաթիվ մանիպուլյացիաների է դիմելՙ ղարաբաղյան հակամարտության հարցում իր խոսքն ասելու համար: Մի պահ նա փորձեց ավելի զգալի դեր խաղալ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում, բայց չստացվեց: Բազմաթիվ առիթներով նա փորձել է մասնակցել Ղարաբաղում համատեղ խաղաղապահ ուժերին: Բայց Հայաստանն ու Ռուսաստանը դեմ արտահայտվեցին եւ կարողացան խուսափել սպառնալիքներից: Հիմա, երբ նախագահ Էրդողանը վերանայել է իր արտաքին քաղաքականությունըՙ «հարեւանների հետ զրո խնդիրից» անցնելով համատարած ագրեսիայի, նա որոշել է «եղբայրական սիրով» զբաղեցնել Ադրբեջանը:
Տարածաշրջանում Թուրքիայի ուժգին առաջխաղացման հետ կապված իրավիճակը շատ ավելի սրվեց: Յուրաքանչյուր շարժում արտացոլում է իրավիճակի լարվածությունը: Վերջերս Թուրքիան թույլ չտվեց, որ իր տարածքի վրայով անցնի գերմանական այն ռազմօդանավը, որը Հայաստանից գերմանացի զինվորական անձնակազմ էր տեղափոխում Գերմանիաՙ ՆԱՏՕ-ի զորավարժանքներին մասնակցելու համար:
Եվս մեկ աննշան միջադեպ վերածվեց քաղաքական սկանդալի, երբ նախագահ Ալիեւը նախագահ Պուտինին հեռաձայնեց 400 տոննա ռազմական տեխնիկա Հայաստան առաքման կապակցությամբ:
Իրավիճակը սրվում է, մինչ Լավրովը փորձում է սկսել բանակցությունները:
ՀՀ Խորհրդարանի Պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ քանի որ նախագահ Ալիեւը այդքան նյարդայնացել է, դա նշանակում է, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգացման միտում ունեն:
Տարածաշրջանում Թուրքիայի ուժգին առաջխաղացման պայմաններում իրավիճակն ավելի լարված է դարձել: Հայաստանին անհրաժեշտ է իր արտաքին քաղաքականությունը շտկել երկու հիմնական հարցերի շուրջ. ա) կապիտալացնել Ցեղասպանության ճանաչումըՙ շեշտը դնելով փոխհատուցման վրա եւ բ) ռուս-հայկական հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա դնել:
Թուրքիան զավթել է Հայաստանի պատմական տարածքի 90 տոկոսը եւ այժմ վկայակոչում է միջազգային օրենսդրությունը, որը պահանջում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Հայաստանը ստիպված է Ցեղասպանության հարցը դնել իր արտաքին քաղաքականության առաջին պլանում:
Ո՛չ Փաշինյանը, ոչ՛ էլ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չկարողացան օգտագործել Ցեղասպանությունը, երբ առանձին-առանձին հայտնվեցին BBC-ի «HARDTalk» լրատվական ծրագրում: «Մարդու իրավունքները», «ժողովրդավարությունը» եւ «գենդերային հավասարությունը» բոլորը կարծես թե նոր լրացումներ են հայաստանյան քաղաքական բառապաշարում, եւ Հայաստանի ղեկավարները կարծում են, թե իրենք կարող են գայթակղել Արեւմուտքինՙ պաշտպանելով այդ արժեքները, մինչդեռ Արեւմուտքը դրանք արժեզրկեց` աջակցելով միջնադարյան այնպիսի հզոր առաջնորդների, որպիսիք կան Սաուդյան Արաբիայում, կամ էլ կործանել է Իրաքը, Սիրիան եւ Լիբիանՙ այդ ժողովուրդներին ժողովրդավարություն առաջարկելու պատրվակով: Հայաստանի ներկա ղեկավարները կարող են տհաճ բացահայտման առաջ կանգնել, երբ գիտակցեն այդ դրվատելի արտահայտությունների հիմքում ընկած ցինիկ բովանդակությունը եւ դադարեցնեն օգտագործել դրանք որպես քաղաքական կապիտալ:
Փոխարենը, Հայաստանը ամեն առիթով պետք է բարձրաձայնի Ցեղասպանության մասին:
Ինչքան էլ Էրդողանը քաղաքականության մեջ ներկայանում է որպես կոշտ ու ինքնավստահ գործիչ, նա խոցելի է, երբ բախվում է Ցեղասպանության ճանաչմանը: Այդ պատճառով նա շատ ժամեր անցկացրեց անձամբ վերահսկելով Ցեղասպանության ժխտումը հանձնարարող հանձնաժողովին: Եվ դա է նաեւ պատճառը, որ Անկարան շարունակում է միլիոնավոր դոլարներ ծախսել աշխարհի խոշոր մայրաքաղաքներում լոբբիստական ընկերությունների վրա: Երբ թշնամին ճանաչում է որեւէ հարցի քաղաքական արժեքը, Հայաստանը չպետք է դա թերագնահատի:
Մենք նաեւ պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ Թուրքիան չի վերացնի շրջափակումը եւ չի հաստատի դիվանագիտական հարաբերություններ: Այդ ենթադրության ներքո այն դառնում է մի դատարկ հայտարարություն, որ Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման համար: Դա պետք է լինի նախապայմանՙ փոխհատուցման պահանջով եւ տարածքների վերադարձով:
Մենք պետք չէ պատրանքի մեջ լինենք, թե մեր բոլոր պահանջները միանգամից բավարարվելու են, բայց մենք պետք է հարձակողական դիրք բռնենք եւ գոնե այդ պահանջները ներկայացնենք: Հենց հիմա նա հարձակողական դիրքում է Ադրբեջանի անունից, բայց կարող է հայտնվել պաշտպանվողի վիճակումՙ բախվելով հայկական մեղադրանքներին:
Երբ Փաշինյանն սկսեց իր երթը Գյումրիից դեպի Երեւան, նա խոստացավ, որ իր թավշյա հեղափոխությունը պատասխանում է միայն ներքին խնդիրներին եւ չունի արտաքին քաղաքական օրակարգ: Մարդկանց մոբիլիզացնողը կոռումպացված ռեժիմից, անհավասարությունից եւ անարդարությունից ազատվելու նպատակն էր:
Բայց որոշ տարրեր, որոնք միացան երթին եւ տեղեր ստացան նոր կառավարության կազմում, ունեին իրենց թաքնված օրակարգերը եւ այժմ ծառայում են իրենց օտարերկրյա ղեկավարներին: Դրանք պարտավորություն են Փաշինյանի եւ նրա նպատակների համար: Դրանք մարդիկ են, որոնք զբաղվում են հակառուսական հռետորաբանությամբ եւ գործունեությամբ:
Այժմ, երբ Թուրքիան լավ է հաստատվել Ադրբեջանում, Հայաստանի ղեկավարները կարծում են, որ զարգացումը մեծացրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարեւորությունը եւ նրանք պատրանքի մեջ են, որ Ռուսաստանին այդ ռազմակայանն ավելի շատ է պետք, քան Հայաստանին: Նրանք չեն գիտակցում, որ քայլել են բարակ սառույցի վրայով:
Պատմականորեն, Թուրքիան եւ Ռուսաստանը ցույց են տվել, որ իրենք կարող են պրագմատիկ քաղաքական գործունեությամբ զբաղվել, ինչպես դա արեցին 1921 թվականին, երբ ստորագրեցին Կարսի պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանը հայկական հողերը տվեց քեմալական Թուրքիային:
Թուրքիան Կովկասում է Արեւմուտքի հրամանով Ռուսաստանին հետապնդելու համար: Հայաստանում հակառուսական արշավը կծառայի միայն Մոսկվային թշնամացնելուն եւ այնպիսի առիթ ստեղծելուն, որն ապագայում կարող է հանգեցնել դժվարին հատուցման:
Իշխող ուժի շահերից է բխում նաեւ երկրում կայունություն եւ խաղաղություն փնտրելը: Վհուկների որսը եւ Ռուսաստանի բարեկամներ ճանաչված մարդկանց հետապնդումները միայն ապակայունացնելու են երկիրը:
Համաճարակն արդեն ստեղծել է բավականաչափ խուճապ. Հայաստանին ոչ մի տեխնածին լարվածություն պետք չէ: