Նրանք՝ ովքեր երբեւէ չեն եղել սփյուռքի հայկական որեւէ դպրոցում, չեն այցելել տարբեր գաղթօջախներում գործող մեր կրթական հաստատություններ, հատկապես տարրական դասարաններ կամ նույնիսկ մանկապարտեզ, չեն կարող հասկանալ, զգալ հայկական սփյուռքի կամ սփյուռքի հայկականության ողջ էությունը, յուրահատկությունները, ըմբռնել նրա ազգային գոյութենական ջանքերի նշանակությունը, կրթական գործի նվիրյալների ստանձնած անկարելի առաքելությունը:
Զրկված, բացառությամբ որոշ երկրների, պետական աջակցությունից, այդ դպրոցները գոյատեւում են համայնքի, եկեղեցու, կրթասիրական-բարեգործական կազմակերպությունների, կամ էլ անհատ բարեգործների ջանքերով: Պահվում են, ամենակարեւորը, ծնողների՛ գործակցությամբ: Այն ծնողների, որոնք տակավին, այո՛՝ տակավին, ցանկանում են հայ պահել իրենց երեխաներին, նրանց զերծ պահել պետական դպրոցներում տիրող այլասերումներից՝ թմրամոլություն, սեռական այլանդակություններ եւ այլն:
Սփյուռքահայերի արդեն ուծացած կամ ուծացող զանգվածների, ինչպես նաեւ սփյուռքացած հարյուրհազարավոր նախկին հայաստանցիներից շատերի համար թերեւս ոչ մի կարեւորություն արդեն չունեն մեր այդ կրթօջախները, սակայն բոլոր այն հայերը, որոնց մտահոգում կամ գոնե հետաքրքրում է արտասահմաններում ապրող հայության ազգային գոյության հետագա ճակատագիրը, պետք է գեթ մեկ անգամ այցելեն սփյուռքի հայկական դպրոց:
Անշուշտ, վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական հոլովույթները, հատկապես միջինարեւելյան երկրներում տիրող վիճակը, մյուս կողմից՝ գլոբալիստական շարժումների, տարբեր երկրներում ապրող բազմահազար հայերի՝ աշխարհաքաղաքացի լինելու ձգտումը պատճառ են դարձել, որ սփյուռքահայ դպրոցը նահանջի, հայակրթությունը ծանրածանր հարվածներ ստանա, որոնցից ամենածանրը, փաստորեն, եղավ 2012 թվականին Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության փակումը: Այն հաստատության, որը միակն ու վերջինն էր մնացել սփյուռքահայ պատանիներից եւ աղջիկներից համահայկական համաձուլվածք ստեղծող, ուսուցիչ ու դասատու պատրաստող կրթօջախներից:
…Ինչո՞ւ են գրվում այս տողերը, առավել եւս դպրոցական վերամուտի այս օրերին, երբ «տխրությունը անծիր» պարուրել է մեր հոգին, ու, թվում է, անիմաստ եւ ավելորդ են հայապահպանության մեր ջանքերը ոչ այնքան եւ ոչ միայն Կիպրոսում, Բեյրութում, Հալեպում կամ Կալիֆոռնիայում, այլեւ՝ բուն եւ բնիկ Հայաստանում:
Հետագա մտքերը կարող են անկապակից թվալ հետագա շարադրանքին, որը վերաբերում է ՌԱԿ Մոնրեալի պաշտոնաթերթ «Ապագայ» հայերեն-անգլերեն-ֆրանսերեն շաբաթաթերթի վերջին համարում կարդացածս գույժին. վախճանվել է Մոնրեալի ՀԲԸՄիության Ալեք Մանուկյան վարժարանի երկարամյա տնօրենուհին՝ Վարդուհի Բալյանը: 1996-ին, թե՞ 1998-ին, լավ չեմ հիշում, ես եղել եմ այդ դպրոցում, որտեղ ծանոթացել եմ այդ կրթական գործչին: Ինքը, ինչպես ես, Բեյրութից Կանադա, ես՝ նույն քաղաքից Հայաստան, առաջին խոսքից հասկացել էինք միմյանց: Ինքը՝ ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան, ես՝ Բեյրութի հայկական հինգ դպրոցներից անցած, Մեծ Եղեռնից հետո Սիրիա-Լիբանանում ու Կիպրոսում հիմնված կրթօջախներից շրջանավարտ մեր ուսուցիչների հայեցի հոգատարությամբ աճած մարդիկ՝ շատ լավ էինք հասկանում մեր շատ հարգված ու քիչ վարձատրվող նվիրյալ ուսուցիչների՝ անհամեմատ բարեկարգ պայմաններում, ապահով ու զարգացած երկրում տեղավորված հայերի նոր սերունդներին հայկականության ջահը փոխանցելու դժվարությունները: Երկուսով հիշեցինք Շահնուրի հայտնի հերոսի՝ Սուրենի դաժան խոսքերը. «Դո՛ւն, հայո՛ւ լակոտ, դուն ամէնէն շուտը կը փոխուիս անասունի, եթէ օր մը իսկ մնաս առանց վիշտի»: Ու որպես ապացույց, որ իր ղեկավարած դպրոցի ուսուցչական կազմը ամեն ինչ անում է, որպեսզի «հայու լակոտը» չմոռանա, գոնե շուտ չմոռանա իր լեզուն, ազգն ու հայրենիքը, տնօրենուհին առաջնորդեց ինձ դասարաններ եւ առաջին հերթին՝ մանկապարտեզի «բողբոջ», թե՞ «ծաղիկ» դասարան: 50-60 երեխա, 5-ից 6 կամ 7 տարեկան, նստոտել էին գետնին՝ ուսուցչուհիների կողմից հազիվ զսպվող իրարանցման մեջ, որը կանգ առավ՝ երբ տնօրենուհին հարց տվեց երեխաներին. «Գիտե՞ք, պզտիկներ, թե ուրկե կու գա այս պարոնը»: Անծանոթիս ներկայացնելու այս պարզ ձեւին երեխաներն արձագանքեցին ավելի անպաճույճ՝ ծոր տալով. «Ոչ, չենք գիտեր»: «Այս պարոնը կու գայ Հայաստանէն, մեր հայրենիքէն», բացատրեց տիկին Բալյանը եւ անմիջապես անցավ ինձ համար նոր համերկրացիներ գտնելու աշխատանքին. «Պզտիկներ, ձեզմե ո՞վ եկած է Հայաստանեն»: Իսկույն 4-5 մատիկներ տնկվեցին օդում: Տնօրենուհին մատ բարձրացնողներին մեկիկ-մեկիկ հրահանգեց իրենց անուններն ասել: Սակայն երեխաներից միայն մեկին, որ ամենաբարձրն էր բարձրացրել իր մատիկը, ձայն չտվեց: Խնդրեցի նրան էլ ձայն տալ: Երեխան շատ լուրջ եւ շա՜տ արժանապատիվ հայտարարեց՝ «Ես ալ Լա Վալէն կուգամ»: Լա Վալը՝ Մոնրեալի շրջաններից մեկը, երեխայի արժանապատվության, ըստ երեւույթին, խնդիրն էր դարձել. եթե Հայկը, Արմանն ու Սյուզանը Հայաստանէն կուգան, ապա իր ի՞նչն է պակաս, որ Լա Վալեն չգայ, որն իր ծննդավայրն էր դարձել, նաեւ հայրենիքը…
Այո, կապը խզվում է, առավել՝ խճճվում, երբ սկսենք հետաքրքրվել, թե՝ իսկ որտեղի՞ց են եկել նրա՛նց ծնողները, ծնողների՛ ծնողները:
Տեսնես հիմա այդ երեխաներից, այժմ կայացած երիտասարդներ, քանիսի՞ համար կարեւոր է, թե որտեղից են իրենք եկել, առավել եւս՝ իրենց հայրիկն ու մայրիկը, պապիկն ու տատիկը…
«Boy, coctail», դարձյալ պիտի գոչեր Շահնուրի անկրկնելի հերոսը:
Համենայնդեպս վստահ եմ, որ նրանք, այդ երեխաները, դեռ հիշում են իրենց դպրոցը, Մոնրեալի իրենց վարժարանը, իրենց մայրենի լեզուն, ու նրա հետ՝ իրենց ուսուցիչներին, իրենց ու մեր բոլորի սիրելի տնօրենուհի Վարդուհի Բալյանին:
Իսկ նրանց երեխանե՞րը… Ի՞նչ են հիշելու նրանք…:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ