ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ճապոնագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս, Րիցումեյկան համալսարանի (Ճապոնիա) այցելող հետազոտող
1918 թվականի նոյեմբերի 7-ին, Կուրոգանե Կեսսեյ կեղծանունով հանդես եկող մի ճապոնացի լրագրող «Հայերի մեծ ջարդերը. մեկ տարում մեկ միլիոն զոհ» վերնագրով ծավալուն հոդված է զետեղում «Ասահի» օրաթերթում, որտեղ նշում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածների, Հենրի Մորգենթաուի վկայությունների, ինչպես նաեւ պանթուրքական գաղափարների եւ ջարդերի կապի մասին:
Այս հոդվածով ճապոնական պարբերականներն առաջին անգամ չէ, որ անդրադառնում էին Հայոց ցեղասպանության թեմային: Ազգային թերթեր համարվող եւ հարյուր հազարավոր ընթերցողներ ունեցող «Ասահի» եւ «Յոմիուրի» օրաթերթերն անդրադարձել են թե՛ համիդյան ջարդերին, թե՛ Մեծ եղեռնին: Հայերի ճակատագրի մասին գրել են նաեւ տարբեր ամսագրերում եւ հուշագրություններում: Ճիշտ է, դժվար է ասել, թե Ճապոնիայի բնակչության քանի՛ տոկոսն է կարդացել եւ տեղեկացված եղել այս իրադարձությունների մասին, բայց, վերոնշյալ օրաթերթերի ընթերցողական մեծ բազան նկատի ունենալովՙ կարելի է ենթադրել, որ որոշակի տեղեկացվածություն եղել է: 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին Ճապոնիայում ճանապարհորդած հայուհի Հեղինե Մելիք-Հայկազյանն իր «Մի պտոյտ Ճապոնում» գրքում (1905) նշում է, որ Կիոտո քաղաքում ծանոթացել է մի տղամարդու հետ, որն իմանալով իր հայ լինելը, զարմացած հարցրել է. «Ա՞յն հայերից, որոնք շարունակ թուրքերի դէմ կռւում են» եւ ավելացրել, որ մի քանի տարի առաջ, կոտորածների ժամանակ, մի միսիոներ փող էր հավաքում Հայաստան ուղարկելու համար (էջ 157): Այս վկայությունը նույնպես փաստում է այն մասին, որ որոշ ճապոնացիներ հայերի ջարդերի մասին պատկերացում ունեցել են:
Սույն հոդվածի նպատակն է, գործածելով «Ասահի» եւ «Յոմիուրի» օրաթերթերի արխիվային համարները, ինչպես նաեւ մի քանի այլ բնույթի նյութեր, ցույց տալ, թե Ճապոնիայում ինչպես է լուսաբանվել եւ մեկնաբանվել Հայոց ցեղասպանությունը: Այս հոդվածով ես ուզում եմ ցույց տալ, որ թեեւ Ճապոնիան, Թուրքիայի հետ տնտեսական եւ այլ հարաբերությունները հաշվի առնելով, խուսափում է Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալուց, 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի ճապոնական մամուլը պարբերաբար անդրադարձել է հայերի ջարդերի թեմային եւ դրան ժխտողաբար նայելու միտում չի ունեցել:
«Հայկական միջադեպից» մինչեւ հայերի ջարդեր. «Ասահի» եւ «Յոմիուրի» օրաթերթերի անդրադարձը հայերի կոտորածներին
«Ասահի» եւ «Յոմիուրի» օրաթերթերը տպագրվում են 19-րդ դարի վերջից եւ ունեն ընթերցողների մեծ բանակ: «Ասահին» հիմնադրվել է 1879 թ-ին եւ 20-րդ դարի սկզբին արդեն ուներ 100 հազարից ավելի տպաքանակ, իսկ 1874 թ-ին հիմնադրված «Յոմիուրի»ն 20-րդ դարասկզբին լույս էր տեսնում 20 հազարից ավելի տպաքանակով: Այս օրաթերթերը, որոնք մի քանի այլ թերթերի հետ միասին համարվում էին (եւ շարունակում են համարվել) «ազգային թերթեր» եւ վաճառվում էին Ճապոնիայի ամբողջ տարածքում, հայերի ջարդերի լուրերը սկսում են լուսաբանել արդեն 1894 թ-ին: Ճիշտ է, այս լուսաբանումները հիմնականում սահմանափակվում էին մի քանի նախադասություններով եւ հաճախՙ օտարալեզու լրատվական միջոցներից թարգմանությունների կամ հեռագրերի տեսքով, բայց սովորաբար տեղակայվում էին առաջին էջի գլխավոր նորությունների շարքում եւ միջազգային նորություններով հետաքրքրվող ընթերցողի համար տեսանելի հատվածում էին: 1894-ից 1909-ը թթ. «Յոմիուրի» օրաթերթում հրատարակվել է մոտ 55, իսկ «Ասահի»-ում` 50-ից ավելի հակիրճ հաղորագրություն կամ անդրադարձ համիդյան ջարդերի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մշակած եւ սուլթանին հանձնած հայկական բարենորոգումների ծրագրի, ինչպես նաեւ դրան հաջորդած ջարդերի, այդ թվում` Ադանայի կոտորածի մասին: Լուրերի վերնագրերի օրինակներից են` «Հայերի կոտորածների զոհերի թիվը հասել է 40 հազարի» («Յոմիուրի», դեկտ. 6, 1895 թ.), «Հայերի ջարդերը նորից սկսվում են» («Յոմիուրի», մարտ 30, 1897 թ.), «Հայերի կոտորածները. Թուրքիան անտեսում է Անգլիայի եւ Իտալիայի հորդորները» («Ասահի», սեպ. 16, 1896 թ.), «Հայերի կոտորածները (Ադանայում)» («Ասահի», ապրիլ 19, 1909 թ.):
Նույն թերթերը, արդեն շատ ավելի ծավալուն անդրադարձներով եւ հոդվածներով, լուսաբանել են նաեւ Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը: Օրինակ, 1915 թ. սեպտեմբերի 27-ի «Յոմիուրին» հրատարակել է «400 հազար մարդ կոտորվել է» վերնագրով հոդված, որտեղ նշել է, որ Թուրքիայում կազմակերպված ջարդերի հետեւանքով զոհվել է 400 հազար հայ, 600 հազարն էլ կորցրել է տունը եւ ունեցվածքը: 1916 թ. հունվարի 7-ին նույն օրաթերթը «Ոչնչացման վտանգի առջեւ կանգնած Հայաստանը» վերնագրով հոդված է տպագրել` նշելով 1915-ին սկսված ջարդերի ու տեղահանությունների մասին: Նույնանման հոդվածներ կամ հակիրճ տեղեկություններ լույս են տեսել մինչեւ 1920-ականների սկիզբը: Նույնպիսի հոդվածներ եւ հաղորդագրություններ էր տպագրում նաեւ «Ասահի» օրաթերթը, այդ թվում` «Կրկին հայերի կոտորածներ» (հոկտ. 14, 1915 թ.), «Հայերը ծովում խեղդվել են» (նոյ. 3, 1915 թ.), «Թուրքիան ժխտում է հայերի կոտորածները» (հունվար 14, 1916 թ.), «Հայերի տառապանքները» (սեպ. 16, 1918 թ.):
«Թշվառ հայերը». Մինամի Հաջիմեի անդրադարձը հայերի ճակատագրին
Հայերի կոտորածների մասին հոդվածներ են հրատարակել նաեւ մի շարք ամսագրեր եւ պարբերականներ, որոնցից ուզում եմ առանձնացնել քրիստոնյա, փիլիսոփա Մինամի Հաջիմեի (1865-1940) «Թշվառ հայերը» հոդվածը, որը հրապարակվել է 1925 թ. հուլիսին` «Գայկո ջիհո (դիվանագիտական հանդես)» պարբերականում: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում եմ հոդվածից որոշ հատվածներ:
«Հայերը, որոնց հայրենիքը Ասիայի հյուսիս-արեւմտյան անկյունում է, այժմ աշխարհի տարբեր մասերում են սփռված եւ չափազանց դաժան ճակատագրի են արժանացել: Մարդու համար հայրենիքից զրկվելուց առավել ծանր բան չկա, եւ հայերը, հրեաների պես, որպես ազգ գոյություն ունեն, բայց կարող են մնալ առանց հայրենիքի: Դա հումանիտար խնդիր է: Բայց հայերի դժբախտություններն այսօր չեն սկսվել, դրանք բավականին հին են: …… Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի կամ Ռուսաստանի կողմից հայերը դաժան վերաբերմունքի են արժանացել եւ հումանիտար խնդիրների առջեւ կանգնեցվել: …… Թուրքական դիվանագետներն ասում են. «Հայկական հարցը լուծելու համար մենք աշխարհից պետք է բոլոր հայերին վերացնենք»…:
Դեռ պատերազմից (առաջին աշխարհամարտ) առաջ հազարավոր հայեր գաղթել են այլ երկրներ: Քանի որ մահմեդականները նրանց ջարդերի էին ենթարկում, նրանք ստիպված են եղել փախչել Ամերիկա եւ Բալկանյան թերակղզու երկրներ (1895-1896 թթ.): Սակայն Առաջին աշխարհամարտի տարիներին նրանց ավելի դաժան ճակատագիր էր սպասվում: Նրանց կեսը, այսինքնՙ Թուրքիայի մեկ միլիոն հայեր, երիտթուրքերի չարագործ դավադրության հետեւանքով կոտորածների են ենթարկվում: Ինչպես նրանք էին ասում. «Թուրքահայաստանը մաքրում ենք իր բնիկ բնակիչներից»: Այսինքն, նրանց «Հայաստանն առանց հայերի» դավադրությունը իրականություն է դառնում……»:
«Պանդոկում հանդիպած հայուhու պատմությունը». Ցեղասպանությունից փրկված հայուհին Շիմոդա Բարականի «Շյումի հորո»-ում
Լրագրող, Օսակայի «Մայնիչի» օրաթերթի (որն, ի դեպ, 20-րդ դարի սկզբին «Ասահիից» հետո ամենամեծ տպաքանակ ունեցող թերթն էր) գլխավոր խմբագիր Շիմոդա Մասամին (1890-1959), 1926 թ. Շիմոդա Բարական գրանունով հրատարակում է «Շյումի հորո» կոչվող գիրքը, որտեղ ներառված էին հորինված եւ իրական պատմություններ, որոնցից մեկը Բեռլինի պանդոկներից մեկում հանդիպած հայուհու մասին էր: Հայուհին նրանց պատմում է, որ ծնվել է Վանումՙ որպես հարուստ հայ ընտանիքի միակ զավակ եւ մինչեւ 16 տարեկան դառնալն անց է կացրել այնտեղ: Սակայն 1915 թ. մայիսին թուրք զինվորները նախ նրանց բանտարկում են, իսկ հինգ օրից հայտարարում, որ տղամարդկանց պետք է տեղահանեն: «Բայց ստում էին, որ տեղահանություն է», պատմում է աղջիկը: «Մենք հետո իմացանք, որ թուրք զինվորները, այնպես ինչպես կատաղած շների ոհմակը ոչխարների հոտ կքշեր, մեր տղամարդկանց տարել են Մուրադ գետի ափ եւ փախչելու տեղ չունեցող մարդկանց հրացաններով եւ սվիններով անողոքաբար սպանել են»: Հայուհին այնուհետեւ պատմել է, որ կանանց եւ երեխաներին արտաքսել են արաբական անապատները, ճանապարհին շատերը մահացել են: Ինքըՙ պատմող հայուհին, մի փոքրիկ քաղաքում որպես հարճ վաճառվելուց հետո կարողացել էր փախչել եւ փրկվել:
Հայերի կոտորածները ժամանակին լուսաբանվել են աշխարհի տարբեր երկրներում, եւ Ճապոնիան բացառություն չի եղել: Այստեղ հայերի ջարդերի մասին գրել են ոչ միայն օրաթերթերում, այլեւ տարբեր ամսագրերում եւ նույնիսկ գեղարվեստական գրքերում: Ճիշտ է, ի տարբերություն անգլիական, ամերիկյան, ֆրանսիական կամ ռուսական մամուլի, Ճապոնիայում հայերի ջարդերի մասին լուրերը հակիրճ են եղել եւ հիմնականում չեն ուղեկցվել լուսանկարներով կամ պատեկրազարդումներով, բայց պետք է փաստել, որ թե՛ համիդյան ջարդերի, թե՛ Հայոց ցեղասպանության ժամանակ այս իրադարձությունները Ճապոնիայում լուսաբանվել են անկողմնակալորեն:
Նկար 1. «Ոչնչացման վտանգի առջեւ կանգնած Հայաստանը», «Յոմիուրի», հունվար 7, 1916 թ.