ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ
Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագիծը: Այս փաստաթուղթը կարեւորագույն նշանակություն ունի այդ պետության առաջիկա տարիների զարգացումըՙ նրա հիմնական ռազմավարական թիրախները, վտանգները, սպառնալիքները ու մարտահրավերները հասկանալու համար, ինչը մասնագետներին հնարավորություն կտա նաեւ վերլուծել այն քաղաքականությունը, որը Թրամփի վարչակազմը կորդեգրի իր նպատակներին հասնելու համար:
ԱՄՆ-ում վերջին անգամ ազգային անվտանգության ռազմավարություն հաստատել էին 2015թ. նախագահ Օբամայի օրոք, բայց դրանից հետո փոխվել էր ոչ միայն Սպիտակ տան վարչակազմը, այլեւ աշխարհաքաղաքական իրավիճակը` առաջադրելով նոր խնդիրներ աշխարհի թիվ մեկ տերությանը: Այս փոփոխությունները նաեւ արտացոլվել են նոր ռազմավարության մեջ, որտեղ ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների թվում Չինաստանից բացի ավելացել է նաեւ Ռուսաստանը: Վերջինիս դերի կարեւորումը ԱՄՆ-ը ազգային անվտանգության ռազմավարության մեջ թերեւս կարելի է գնահատել շրջադարձային, քանի որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո Ռուսաստանը չէր արժանացել այդ «պատվին»ՙ ամերիկյան արժեքների ու համաշխարհային գերիշխանության համար «սպառնալիք» գնահատվելու համար:
Այս առումով թերեւս արժե որոշակի պատմական էքսկուրս կատարել հասկանալու համար այդ փաստաթղթիՙ ազգային անվտանգության ռազմավարության կարեւորությունը այդ պետության համար: 1986թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց Գոլդվոթեր-Նիկոլսի Պաշտպանական գերատեսչության վերակառուցման մասին ակտը, որով փոփոխություն մտցրեց Ազգային անվտանգության օրենսդրությունում (ընդունված դեռ 1947թ. Կոնգրեսի կողմից): Այդ փոփոխությամբ Կոնգրեսը պարտադրում էր բոլոր նախագահներին գրավոր կերպով ներկայացնել տարեկան զեկույցներ մեծ ռազմավարության (grand strategy) մասին: Այս ակտով ԱՄՆ Կոնգրեսը փորձում էր կանոնակարգել եւ օրինականացնել ազգային անվտանգության ռազմավարության ընդունման եւ ազգային ռեսուրսների կառավարման համակարգըՙ միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների ընդունման համար, որպեսզի պաշտպանի պետության համար կենսական նշանակություն ունեցող ուղղություններըՙ ազգային առաջնությունների, որոնք առնչվում են ազգային անվտանգության հիմնախնդիրներին:
Ազգային անվտանգություն ռազմավարության փաստաթուղթը որպես պետական անվտանգությունը համակարգող կարեւորագույնՙ ռազմավարական նշանակության փաստաթուղթ առաջին անգամ ընդունվեց ԱՄՆ-ում վերը նշված օրենսդրական փոփոխությունից մեկ տարի անցՙ 1987թ., նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Սա առաջին փորձն էր ուղղված պետության անվտանգության քաղաքականության ռազմավարության հստակեցման եւ այն այդ պետության ազգային շահերի հետ պատճաշեցման համար: Այս փորձը դեռ այն ժամանակ ցույց տվեց, որ նմանատիպ փաստաթուղթը հնարավորություն է տալիս հստակեցնելու պետության զարգացման գերակա ուղղությունները եւ փորձ էր պատասխանելու սպասվելիք այն մարտահրավերներին ու զարգացման հնարավոր այն միտումներին, որոնք ինչ-որ շրջանում կարող էին սպառնալիքներ ստեղծել պետության համար:
Նշված օրենսդրական ակտից եւ առաջին անվտանգային ռազմավարության ընդունումից հետո, անցած 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ը ընդունել է ազգային անվտանգության ռազմավարության 17 նմանատիպ փաստաթուղթ, որոնց ընդունման գործընթացի, կամ արդեն ընդունվածների մեջ փոփոխությունները կատարվել են ըստ աշխարհաքաղաքական շարժընթացներում տեղի ունեցող փոփոխությունների սրընթացության ու անհրաժեշտության:
Ազգային անվտանգության ռազմավարությունների ընդունման ռեկորդը թերեւս պատկանում է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, որն իր նախագահության 8 տարիների ընթացքում հաստատել է նմանատիպ 7 փաստաթուղթ: Ի տարբերություն Քլինթոնի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդամենը 2 անգամ է հաստատել Ազգային անվտանգության ռազմավարությունը` 2010թ. եւ 2015թ., ինչը հավանաբար բացատրվում էր Քլինթոնի եւ ապա Բուշ կրտսերի ժամանակաշրջանից հետո համեմատաբար խաղաղ տարիներով, որոնք կային Օբամայի վարչակազմի օրոք:
Ինչեւէ, այդ փաստաթղթերը, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն ԱՄՆ վարչակազմերի համար, կարող են ենթարկվել որոշակի փոփոխությունների, երբ, օրինակ, որոշվում են աշխարհի այն տարածաշրջանները, որոնք գերակա-ռազմավարական նշանակություն էին ձեռք բերում, պայմանավորված աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ: Այսպես, եթե Ռոնալդ Ռեյգանի եւ ապա Բուշ ավագի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի համար աշխարհառազմավարական նշանակության տարածաշրջանը Արեւմտյան Եվրոպան էր, իսկ հետագայումՙ ողջ Եվրոպան, ապա Քլինթոնի եւ Բուշ կրտսերի օրոք ռազմավարական նշանակության շեշտադրումները սկսվեցին տեղափոխվել դեպի Մեծ Մերձավոր Արեւելք: Իսկ արդեն Բուշ կրտսերի եւ ապա Օբամայի օրոք հստակ դարձավ, որ ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն է ստանում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Չինաստանը իր տնտեսական բուռն զարգացմամբ ԱՄՆ-ին ստիպեց ուշադրությունը շեղել դեպի իր կողմը:
Ազգային անվտանգության ռազմավարության նմանատիպ փոփոխությունները պայմանավորված էին աշխարհաքաղաքական այն զարգացումներով, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ որոնք արտացոլվում են ռազմավարական նշանակության տվյալ փաստաթղթում: Եթե ԽՍՀՄ-ի գոյության պայմաններում Արեւմուտք-Արեւելք հակասությունների հիմնական գիծն անցնում էր այդ երկու ճամբարներն իրարից բաժանող Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի միջով, ապա ԽՍՀՄ-ի քայքայումից հետո, ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ձեռք բերեց Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը:
Նման քաղաքականությունը պայմանավորված էր ԽՍՀՄ-ի քայքայումից հետո նախապատվությունների փոփոխությամբՙ ուժային կենտրոնների տեղաշարժով, մերձավորարեւելյան նավթի համար պայքարի սրմամբ, եւ տարածաշրջանում գործող ավտորիտար ռեժիմների դեմ պայքարի քաղաքականության որդեգրմամբ եւ այդ տարածաշրջանում Իրանի դերի բարձրացման դեմ պայքարով եւ այլն: Հասկանալի կերպով այս ամենը արտացոլվում էր նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ եւ շեշտադրումը փոխվում դեպի Մերձավոր Արեւելք:
Սակայն 90-ական թվականների երկրորդ կեսից եւ հատկապես 2000-ականների սկզբներին Չինաստանի տնտեսական կտրուկ աճըՙ նրա դերակատարության ու ազդեցության ուժեղացումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, սկսեց լրջագույնս անհանգստացնել Վաշինգտոնին: Վերջինս իր դաշնակիցներիՙ Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Թայվանի պաշտպանության անվան տակ սկսեց ուժեղացնել իր ներկայությունը այդ տարածաշրջանում, ցանկանալով զսպել Չինաստանի աճող ազդեցությունը հարեւան պետությունների նկատմամբ: Այս փոփոխությունը արտացոլվեց արդեն 2010 եւ 2015թթ ԱՄՆ-ի կողմից ընդունված ռազմավարության մեջ, ինչը նշանակում էր, որ տարածաշրջանը հայտնվում է ԱՄՆ-ի առանցքային հետաքրքրությունների եւ ուշադրության կենտրոնում:
Սակայն վերջին տարիներին Ռուսաստանի ռազմաքաղաքական դերի փոփոխությունըՙ նրա տնտեսական ու քաղաքական ազդեցության մեծացումը Եվրասիա մայրցամաքում եւ հատկապես Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ-ի նոր վարչակազմին ստիպեցին վերանայել իր ռազմավարությունը եւ Ռուսաստանին, Չինաստանի հետ միասին, ընդգրկել իր հիմնական սպառնալիքների ցանկում ԽՍՀՄ-ի կործանումից ուղիղ 26 տարի անց: