Եթե կարճ բնորոշենք Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը, ապա պետք է արձանագրենք, որ այն հստակ ուղղորդված է եւ զուրկ հիմնավորումներից: Այսինքն, այս քաղաքական ուժը պարզապես անում է այն, ինչ իրենից ակնկալվում է եւ այդ ակնկալիքները, ամենայն հավականությամբ, գործնական փուլ տեղափոխելու հարցն առավել հստակ դրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսիՙ հունիսի 14-ին «Ելք» դաշինքի գրասենյակ կատարած այցի ժամանակ: Նախաձեռնության հեղինակներին իհարկե չեն հետաքրքրում փաստարկներն ու հիմնավորումները, բայց ի տարբերություն ելքականների, անձնական, կուսակցական կամ այլ նեղ շահեր չունեցող մարդկանց իսկապես կհետաքրքրի, թե ինչքանո՞վ է արդարացված նման նախաձեռնությունը, եւ հենց նրանց համար էլ անդրադառնում ենք այդ խնդրին եւ ներկայացնում հիմնավորումները:
ԵԱՏՄ նոր ձեւավորված կառույց է եւ դեռեւս կայացման եւ լիարժեք գործելու համար ճանապարհ ունի անցնելու: Սակայն չմոռանանք, որ Եվրոմիությունն էլ (ԵՄ) տասնամյակների ճանապարհ է անցել եւ անգամ այդ ճանապարն անցնելուց հետո լրջագույն քաղաքական ու տնտեսական ներքին հակասություններ ունի իր ներսումՙ միգրացիոն ճգնաժամի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, ԵՄ հին եւ նոր անդամների միջեւ հարաբերությունների, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ: Չմոռանանք նաեւ, որ Իսլանդիան հրաժարվեց անդամակցել ԵՄ-ին, նույնը արեց Շվեյցարիան, իսկ ՄԵծ Բրիտանիան դուրս եկավ այդ միությունից: Սա իմիջիայլոց:
Քանի որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, ապա անդրադառնանք խնդրի տնտեսական կողմին, թեեւ ակնհայտ է, որ եթե ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս գա, ապա դա լրջորեն կազդի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա, որով մեծապես պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Այսքանը թերեւս բավարար կլիներ փաստելու, որ «Ելքի» նախաձեռնությունը արկածախնդրություն է, բայց ներկայացնենք տնտեսական հիմնավորումները:
1. ԵԱՏՄ երկրներից հիմնականում Ռուսաստանում ապրող եւ աշխատող ՀՀ քաղաքացիները ԵԱՏՄ-ի շնորհիվ օրինական աշխատելու եւ ապրելու հնարավորություն են ստացել:
2. Ամենամեծածավալ դրամական փոխանցումների հոսքը Հայաստան գալիս է հենց այդ երկրում բնակվող եւ աշխատող մեր հայրենակիցներից:
3. Ամենամեծ ներդրումներ Հայաստանում իրականացնում են ռուսական ընկերությունները, հատկապես այն ոլորտներում, որտեղ որեւէ այլ երկրի ընկերություն նման ցանկություն չի ունենում:
4. Ռուսաստան են արտահանվում մեր գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքները, ինչի շնորհիվ բազմաթիվ ձեռնարկություններ են գործում, հազարավոր մարդիկ են աշխատում այդ ձեռնարկություններում, իսկ տասնյակ հազարավոր գյուղացիների մթերքն էլ իրացման շուկա է ունենում:
5. Էժան գազ ենք ստանում Ռուսաստանից նաեւ ԵԱՏՄ երկիր լինելու շնորհիվ, իսկ վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինն ավելի ցածր է, ինչի շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել իջեցնել իրենց արտադրանքի ինքնարժեքը եւ ավելի մրցունակ դարձնել այն թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում:
6. Հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիքը ստանում ենք Ռուսաստանից, իսկ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարացումը նույնպես կատարվում է Ռուսաստանի ֆինանսավորմամբՙ 300 մլն դոլար գումարով, որից 30 մլն դոլարը անհատույց տեխնիկական աջակցություն է: Հակառակ սրան, ԵՄ-ն մշտապես պնդում է հայկական ԱԷԿ-ը փակելու անհրաժեշտության մասին, փոխարենը ոչ մի առարկայական այլընտրանք չառաջարկելով եւ, ըստ էության, մատնելով մեզ նոր էներգետիկ ճգնաժամի:
Երբ կասկածի տակ է առնվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, պետք է այս հանգամանքները հաշվի առնվեն եւ հարցադրում արվիՙ այսինքն հրաժարվե՞նք այս ամենից եւ այդ դեպքում ի՞նչ կստանանք դրա փոխարեն: «Ելքի» մտքի «գիգանտները» ի՞նչ են պատասխանելու հարյուր հազարավոր մարդկանց: Բնական է, որ ոչինչ, որովհետեւ նրանք կլինեն ամերիկյան եւ եվրոպական իրենց հովանավորների ապահոված «տաք երկրներում»ՙ մեզանից հեռու :
Հայաստանի պարագայում պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ԵՄ երկրներում մեր պատրաստի արտադրանքը ճանաչված եւ մրցունակ չէ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի: Դեպի ԵՄ արտահանում ենք միայն հումքային ապրանքներՙ մասնավորապես մետաղական խտանյութ, որը վաճառվում է միջազգային բորսաներում եւ որը ամեն պարագայում վաճառվելու է: Ասել, թե դա պատճառ չէ ԵԱՏՄ-ում մնալու եւ պետք է ավելի բարձրորակ արտադրանք ստեղծել, առնվազան դիլետանտություն է: Ինչի՞ հաշվին է դա տեղի ունենալու, հատկապես, որ մեր ապրանքների ինքնարժեքը իջեցնելու եւ ավելի մրցունակ դարձնելու հնարավորությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում բացառվելու են:
Բանն այն է, որ մեր պատրաստի արտադրանքը Եվրոպական Միություն արտահանելու համար նախ պետք է այն համապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին, ինչը նշանակում է, որ պետք է կատարվեն մեծ ներդրումներ եւ ձեռնարկությունների վերազինում: Դրանից հետո պետք է մարկետինգի եւ գովազդի լայն արշավ իրականացնել եվրոպական շուկայում մեր ապրանքները ճանաչելի դարձնելու համար: Այդ ամենից հետո էլ արդեն այդ ապրանքների ինքնարժեքն այնքան բարձր կլինի, որ պարզապես անիմաստ կլինի դրանք արտահանել ԵՄ երկրներ: Առավել եւս, որ այնտեղ համանման ապրանքներ համապատասխան ստանդարտներով վաղուց արդեն կան, ճանաչված են եւ վաճառվում են, ԵՄ անդամ երկրները ունեն համապատասխան քվոտաներ, որոնց մեջ «խցկվելու» մեր հնարավորությունները գործնականում զրոյի են հավասար: Մինչդեռ, ԵԱՏՄ երկրներ եւ մասնավորապես Ռուսաստան արտահանվում է մեր պատրաստի արտադրանքը եւ դրա արտահանման ծավալներն աճում են բավականին լուրջ տեմպերով:
Մինչ արտահանման ցուցանիշներին անդրադառնալը հիշեցնենք նաեւ, որ տնտեսական դատողություններ չանելու համար կարելի է վերցնել այլ ճանապարհով գնացած երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) փորձը եւ տեսնել, թե ի՞նչ ցուցանիշներ են արձանագրել նրանց տնտեսությունները: Ներկայացնենք այդ երկրների հիմնական ցուցանիշներըՙ տնտեսական աճի (կամ անկման) ցուցանիշները վերջին երեք տարիներինՙ ԵՄ ասոցիացումից հետո եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, որը տվյալ երկրի կենսամակարդակի հիմնական բնորոշիչն է: Այսպիսով.
Ուկրաինա
1. 2014 թ.ՙ 6,5 տոկոս տնտեսական անկում
2. 2015 թ.ՙ 9,8 տոկոս տնտեսական անկում
3. 2016 թ.ՙ 1,5 տոկոս տնտեսական աճ
Մոլդովա
1. 2014 թ.ՙ 4,6 տոկոս տնտեսական աճ
2. 2015 թ.ՙ 0,5 տոկոս տնտեսական անկում
3. 2016 թ.ՙ 4,1 տոկոս տնտեսական աճ
Վրաստան
1. 2014 թ.ՙ 4,6 տոկոս տնտեսական աճ
2. 2015 թ.ՙ 2,9 տոկոս տնտեսական աճ
3. 2016 թ.ՙ 2,2 տոկոս տնտեսական աճ
Այժմ սա համեմատենք Հայաստանի նույն ժամանակահատվածի տնտեսական աճի ցուցանիշի հետ.
Հայաստան
1. 2014 թ.ՙ 3,6 տոկոս տնտեսական աճ
2. 2015 թ.ՙ 3,2 տոկոս տնտեսական աճ
3. 2016 թ.ՙ 0,2 տոկոս տնտեսական աճ
Ուկրաինայի մասին խոսելն իսկ անիմաստ է, ինչ վերաբերում է Մոլդովայի եւ Վրաստանի ցուցանիշներին, ապա ԵՄ դրախտը խոստացողների տրամաբանությամբ, Հայաստանի պես շրջափակում, պատերազմական վիճակ եւ ահռելի ռազմական ծախսեր չունեցող, փոխարենըՙ դեպի հարեւան երկրներ ազատ ելք, դեպի ծով ելք, տարանցիկ հնարավորություններ ունեցող այս երկրների համար առնվազն ԵՄ ասոցիացման շնորհիվ իրենց մատնանշած 5-8 տոկոս տարեկան աճը պետք է գրանցվեր: Մինչդեռ, նրանց տնտեսական աճի ցուցանիշները էապես չեն տարբերվում Հայաստանից, իսկ ահա բնակչության կենսամակարդակի ցուցանիշներով նրանցից երկուսըՙ Ուկրաինան եւ Մոլդովան շատ ավելի վատթար վիճակում են, քան Հայաստանը, իսկ Վրաստանի ցուցանիշը մեզ գրեթե հավասար է: Այսպես, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշն ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2016-ին կազմել է.
1. Ուկրաինայումՙ 2194 դոլար
2. Մոլդովայումՙ 1901 դոլար
3. Վրաստանումՙ 3842 դոլար
4. Հայաստանումՙ 3511 դոլար
Հարկ է նշել նաեւ, որ Մոլդովայում եւ Վրաստանում տնտեսական աճի եւ մեկ շնչին ընկնող տարեկան միջին եկամուտի մակարդակը որոշակիորեն բարձրացավ միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի հետ վերջիններս բարելավեցին իրենց հարաբերությունները եւ վրացական ու մոլդովական արտահանվող ապրանքները կրկին հնարավորություն ունեցան հայտնվելու Ռուսաստանում եւ որոնք հնարավոր չէր լինում արտահանել այդքան գովերգվող ԵՄ: Այսինքն, ակնհայտ է, որ ԵՄ-ում մեզ եւս գրկաբաց չեն սպասում եւ մեր արտահանվող պատրաստի ապրանքները նույնպես այդտեղ չեն հայտնվելու: ԵՄ հետ ասոցիացման գլխավոր նպատակը պարզ է, հանել նախկին խորհրդային հանրապետությունները Ռուսաստանի ազդեցությունից, դրանց շպրտել «փշրանքներ» մանր-մունր ծրագրերի օժանդակման տեսքով: Պարզ է, որ ԵՄ ասոցիացման դեպքում Հայաստանին իբր 5 մլրդ եվրո տրամադրելու առաջարկը պարզապես հեքիաթները նախընտրողների համար է, որի մասին չգիտես ինչու, «հանկարծ» հիշեցին «Ելք»-ում:
Հայաստանի համար ԵԱՏՄ անդակցության այլընտրանքի բացակայությունը հիմնավորելու համար ներկայացնենք այս տարվա առաջին 7 ամիսների մեր սոցիալ-տնտեսական ցուցանիշները եւ հիշեցնենք, որ 2014-2015 թվականների դժվար տարիները պայմանավորված էին աշխարհաքաղաքական խնդիրներովՙ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, նավթի գների անկմամբ եւ դրա ազդեցությամբ Հայաստանի վրա: Այժմ պատկերն այլ է:
2017-ի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,2 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի աճըՙ 12,7 տոկոս, արտահանումն ավելացել է 21,6 տոկոսով կամ 216 մլն դոլարով: Պատրաստի արտադրանքի արտահանումը ավելացել է 18,7 տոկոսով: Կոնկրետ Հայաստանից Ռուսաստան արտահանումը շարունակել է աճելՙ ավելի քան մեկ քառորդովՙ 27,6 տոկոսով կամ մոտ 60 մլն դոլարով, հասնելով 277 մլն դոլարի: Ընդգծենք, որ այս ցուցանիշը գրանցվել է անցյալ տարվա ընթացքում արդեն իսկ արձանագրված բարձր աճի համեմատ: Դեպի ԵԱՏՄ մյուս խոշոր երկիրՙ Ղազախստան մեր արտահանումը նույնպես շարունակել է աճել: Միանշանակ է, որ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ավելացման մեծ հնարավորություններ կան, որոնցից պետք է օգտվել, այլ ոչ թե հրաժարվել:
Թերեւս այսքանը բավարար է ապացուցելու համար, որ «Ելքի» առաջարկը բացի արկածախնդրություն լինելուց, զուրկ է որեւէ տնտեսական տրամաբանությունից եւ փաստարկներից: Այն պարզապես փուչիկ է, որը պայթում է անգամ թեթեւ հպումից: