Հայաստանի անկախության վերականգնման մոտալուտ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ դիտարկվում ու վերարժեւորվում են անցյալի շատ իրադարձություններ ու երեւույթներ, որոնք անմիջականորեն կապ են ունեցել անկախության ու պետականաշինության գործընթացների հետ: Շեշտադրվում են հատկապես Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթամարտերի նշանակությունը, ժողովրդի աննախադեպ միակամվելու, բռունցքվելու եւ անպայմանորեն հաղթելու վճռականությունը: Միաժամանակ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել խոսակցությունները հայ պետականության խորհրդանիշերի` օրհներգի, զինանշանի եւ դրոշի մասին: Տպագիր ու էլեկտրոնային մամուլում եւ այլ տեսակի ԶԼՄ-ներում դրանց վերաբերյալ առկա է նաեւ խուլ ու կիսաձայն բանավեճ: Ավելին, այդ առերեւույթ խաղաղ բնույթ ունեցող բանավեճը նաեւ կուսակցականացվել է, դարձել սկզբունքային խնդիր որոշ քաղաքական ուժերի համար: Հենց սա էլ դարձավ այս հոդվածը գրելու շարժառիթը:
Որեւէ երեւույթ, իրադարձություն արժեւորելու կամ մերժելու համար անհրաժեշտ է նախ դիտարկել դրանց արմատները: Հայոց պատմությունը հազարամյակների ընթացքում հարթ չի ընթացել: Ունեցել ենք հզոր ու աշխարհակալ պետականություն, նաեւՙ միջին հզորության, երբեմն էլ վասալական կախման մեջ ենք եղել: Եղել են նաեւ տեւական ժամանակներ, երբ կորցրել ենք այն, սակայն անկախ պետականություն ունենալու հիշողությունն ու ձգտումը հարատեւ ու մշտական է եղել հայ ժողովրդի գոյության բոլոր ժամանակներում: Հենց սա է մեր ժողովրդի մեծագույն նվաճումը, հենց սրանից է հարկավոր դասեր քաղել:
Իսկ ինչ վերաբերում է պետականության ներկա խորհրդանիշերին, ապա նկատենք հետեւյալ կարեւոր հանգամանքը, որը հաճախ աչքաթող են անում շատերը: Նախ` մենք ունեցել ենք երեք հանրապետություն, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է (եւ ունի) իր թե՛ դրական եւ թե՛ բացասական կողմերը: Թեեւ այսօր կարելի է հանդիպել հրապարակումների, որոնց հատուկ է սեւացնել հատկապես Խորհրդային կամ Երկրորդ հանրապետությունը, շատ դեպքերում նույնիսկ այն անկախ ու ինքնիշխան պետություն էլ չեն համարում: Կասեմ ընդամենը մեկ բան. մեր պատմության ողջ ընթացքում չկա մեկ այլ օրինակ, երբ պատմական համեմատաբար այդքան կարճ ժամանակահատվածում (70 տարում) հայ ժողովուրդն այդպիսի քանակական եւ որակական աճ տված լինի: Այնպես որ, համոզված եմ, որ ոչ մի խելացի եւ իրեն հարգող պատմաբան, քաղաքագետ, վերլուծաբան կամ տնտեսագետ միանշանակ չի կարող պնդել, որ այդ հանրապետություններից որեւէ մեկը բացարձակ լավն է: Այդ նույնն էլ կարելի է ասել պետական խորհրդանիշերի առումով:
Ինչպես իրավացիորեն նկատել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը ՙ «Կառչիլ մէկուն կամ միւսին, եւ առաւել եւս հակադրել մէկը միւսինՙ ոչ հայրենասիրութիւն է, ոչ ալ պատմագիտութիւն» (տես «Ազգ» 21 հուլիս 2017): Իսկ մեր կարծիքովՙ նաեւ անշնորհակալ գործ: Ընդունված է համարել, որ Հայաստանի Հանրապետության գործող խորհրդանշանները` օրհներգը, դրոշն ու զինանշանը սկսել են գործածվել 1918-1920 թթ. ՀՀ Առաջին Հանրապետության շրջանից: Ինչպես գրում է ՀՀ Առաջին Հանրապետության կենսագիրներից Սիմոն Վրացյանը , դրանցից երկու խորհրդանշանները` զինանշանն ու դրոշը, ընդունվել են ՀՀ կառավարության որոշումներով, որոնց վերջնական հաստատումը հետաձգվել է մինչեւ ակնկալվող, բայց այդպես էլ չկայացած Սահմանադիր ժողովի գումարումը: Այնպիսի պայմաններում, երբ «պատմական կամ գեղագիտական ուսումնասիրություն անելու ժամանակ չկար»: ՀՀ եռագույն դրոշը հաստատվել է 1918թ. հուլիսի վերջին, առաջին արտասահմանյան պատվիրակության` Գերմանական կայսրության ներկայացուցչի Երեւան այցելության նախօրեին: Զինանշանը հաստատվեց գրեթե երկու տարի անց` 1920թ. հուլիսի սկզբներին:
Նկատենք, որ հայոց եռագույնի` դրոշի մասին հստակ տեղեկություններ բացակայում են: Հայտնի է միայն (1), որ 1885 թ. մայիսին, երբ համընդհանուր մթնոլորտի ազդեցությամբ եւ մյուս ազգերի ուսանողներից հետ չմնալու նպատակով Փարիզի հայ ուսանողներն էլ են որոշում մասնակցել Վիկտոր Հյուգոյի (2) թաղմանը: Հայ ժողովրդի անունից պաշտոնական արարողությանը մասնակցություն բերելու համար պահանջվում էր հայկական դրոշով ներկայանալ: Սակայն ինչպիսին պիտի լիներ այդ դրոշակը: Նրանք որպես ժամանակի նշանավոր հայագետի, հեռագրով հարցնում են Վենետիկ` հայր Ղեւոնդ Ալիշանին : Վերջինս պատասխանում է, թե հայոց դրոշակը եղել է կարմիր, կանաչ եւ սպիտակ գույներով: Այսպիսի դրոշակով էլ հայ ուսանողները մասնակցում են մեծն Հյուգոյի թաղմանը, մասն կազմելով երկու միլիոնանոց թափորին:
Հետագայում, 1892 թ. արդեն հնչակյան նշանավոր գործիչ դարձած Ռուբեն Խանազատը Վենետիկ այցելելու ժամանակ անցնում է Մխիթարյանների սուրբ Ղազար վանքը, հանդիպում Ալիշանին եւ հարցնում նրան դրոշակի ծագման, ինչպես նաեւ գույների մասին: Վերջինս մեղմ ժպտալով պատասխանում է. «Գիտէք պատմական ոչ մի աղբիւրէ քաղած չեմ հայկական դրօշակի մասին հեռագրածս: Ի նկատի ունենալով, որ հայերս զատկվան առաջին կիրակին Կարմիր կիրակի կանուանէին, իսկ երկրորդը` Կանաչ կիրակի, մտածել եմ, որ հայկական դրօշակն ալ այդ գոյներով ու դասաւորութեամբ ըլլալու էր» (3):
Առաջին Հանրապետության շրջանում դրոշի գույների` կարմիր, կապույտ, նարնջագույն, քննարկման եւ ընդունման մանրամասները մեզ չհաջողվեց ճշտել: Գիտենք միայն, որ քննարկման մասնակիցները լսել են նշանավոր հայագետ, բառարանագիր Ստ.Մալխասյանցի (4) զեկուցումը հայոց պատմական դրոշների եւ գույների մասին, տեղյակ են եղել նաեւ 1896թ. հետո հատկապես արեւմտահայ մտավորականության շրջանում ֆրանսիական եռագույնի կազմության նման տարածում գտած կարմիր-սպիտակ-կանաչ, ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց երիզներով դրոշին: Տարակարծությունների վերջնական լուծումն ապագային թողնելով, կառավարությունը հաստատել է կարմիր-կապույտ-նարնջագույն հորիզոնական երիզներով դրոշը: Ընդ որում, վերջին գույնը, ըստ Ս. Վրացյանի, «առանձնապես պաշտպանում էր Քաջազնունին, որ ղեկավարվում էր սոսկ գեղասիրական նկատումներով. կարմրի, կապույտի եւ նարնջագույնի ներդաշնակությունը դուր էր գալիս նրա ճաշակին» (5): Ըստ նույն հեղինակի` «դրոշակն իր ամբողջության մեջ, գույների ընտրությունն ու դասավորությունն ավելի շուտ արդյունք էր քվեարկության պատահականության» (6):
Հնարավոր չեղավ պարզել նաեւ, թե հատկապես ինչ տեղեկություններ է հաղորդել Ստ.Մալխասյանը գործադիր մարմնին, եւ ինչ չափով է նրա զեկուցումը ազդել դրոշի գույների ընտրության վրա: Դրոշի կիրառությունից կարճ ժամանակ անց` 1919թ. Վենետիկում լույս տեսած Վ. Հացունու (7) «Հայ դրօշները պատմութեան մէջ» աշխատության վերջում հեղինակն առաջարկում է եռագույնի հետեւյալ կազմությունը` ծիրանի, կարմիր, կապույտ, ընդ որում չի նշում Հայաստանի Հանրապետության արդեն ընդունված դրոշին իր առաջարկության որեւէ առնչություն, թեեւ նշված գույները, բացառությամբ «ծիրանի» (purple, porphyros) – «նարնջագույն» (orange) համընկնում էին Հայաստանի Հանրապետության արդեն կիրառություն գտած դրոշի գույներին: Հացունին մշակութաբան Արտակ Դաբաղյանի ասելով իր գույները ներկայացնում է որպես պատմական հայկական դրոշապաստառների առավել տարածված գույներՙ բերելով նաեւ Աքեմենյան դարաշրջանից մինչեւ ուշ բյուզանդական շրջանը ներառող մատենագրական եւ պատկերագրական փաստարկումներ հայերին հարեւան ժողովուրդների դրոշների գույների եւ ձեւերի մասին (8):
Քանի որ ժամանակը շատ սուղ էր եւ երկար քննարկելու հնարավորություն չկար, դրոշի գույների եւ կառուցվածքի վերաբերյալ հապճեպ որոշումն անդրադարձավ դրա հետագա կիրառությանը գունավոր երիզների վերից վար դասավորության, ինչպես նաեւ «նարնջագույն» կոչվող գույնի առումով: Բավական է նշել, որ նույն Ս. Վրացյանը դրոշի այս գույնն անվանում է ոչ միայն «նարնջագույն», այլեւ «ոսկի», ինչը բոլորովին այլ հերալդիկ գույն է` «aureus» կամ դեղին: Օրինակ` 1918-1920թթ. միջեւ Նյու Յորքում թողարկված մի կրծքանշանի վրա այս դեղին կամ ոսկի երիզը երկրորդն է, իսկ կապույտը` երրորդը կամ ստորինը: Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս շփոթությունները դրոշի կազմության ձեւի, չափերի եւ գունային հերթականության կանոնակարգված չլինելու եւ հայոց Առաջին հանրապետության կարճատեւ գոյության հետեւանք էին:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության զինանշանին, ապա նշենք, որ դրա վերաբերյալ առկա են տարաբնույթ հայտնի փաստեր եւ վկայություններ: Դրանց թվաքանակի մեծ լինելն էլ ինքնին վկայում է եղած մեծաթիվ տարակարծությունների մասին: Իսկ դրանց պատճառն այն է, որ զինանշանը խիստ բարդ կառուցվածք ունի, պարունակում է բազմաթիվ «հղումներ» ու առնչություններ պատմական անցյալին ու տարբեր դարաշրջանների հայոց նշանների եւ զինանշանների դեռեւս չլուծված հարցերին: Զինանշանի մաս կազմող պատկերների պատմականության խնդիրների, դրանց ծագումնաբանության եւ պատկանելիության մասին կխոսենք մեկ այլ առիթով, քանի որ այն շատ տարողունակ թեմա է:
Այստեղ միայն ներկայացնենք դրա ընդհանուր կառուցվածքի եւ առանձին տարրերի ձեւավորման ընթացքը XVIII-XX դդ.: Նշենք նաեւ այն փոփոխությունները, որոնք նկատելի են 1920թ. ընդունված եւ կիրառված եւ 1992թ. ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված զինանշանների միջեւ: Նկատենք, որ ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը չունեն պաշտոնական մանրամասն նկարագրություն, հիմնավորում կամ կանոնադրություն, ինչպես դա ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այդ պատճառով էլ մեր համեմատության համար հիմք է հանդիսացել առանց գույների հաշվառման դրանց առավել տարածված գծագրային տարբերակները:
Ս. Վրացյանի ներկայացմամբ 1920թ. հուլիսին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կազմած եւ նկարիչ Հակոբ Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի նախագիծը ունեցել է հետեւյալ տեսքը. «Զինանշանի կենտրոնում կար վահանաձեւ մի տարածություն` բաժանված չորս մասի. յուրաքանչյուր մասում տեղավորված էր հին Հայաստանի չորս անկախ շրջաններից մեկի զինանշանը` Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյան: Մեջտեղը դրված էին մեծ ու փոքր Մասիսները եւ նրանց վերեւ` «Հ Հ» տառերը: Վահանի աջ ու ձախ կողմերը բռնել էին մի արծիվ ու մի առյուծ, իսկ ներքեւը` սուր, գրիչ, հասկեր եւ շղթա»: Իսկ 1995թ. հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13 հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն» :
Երբ համեմատում ենք Առաջին եւ Երրորդ հանրապետությունների զինանշանները, ապա տեսանելի է դառնում, որ թե՛ դրանց բառային նկարագրությունների, եւ թե պատկերագրական ընդունված տարբերակների միջեւ նկատելի են որոշ տարբերություններ: Ժամանակակից զինանշանն իր նախորդից տարբերվում է ընդհանուր ոճավորմամբ, որը միտված է որոշ չափով մեղմելու 1920թ.-ի զինանշանի «գիշատիչ» բնույթը: Ընդ որում այդ փոփոխությունն արտահայտված է կենտրոնական վահանը պահող աջ արծվի եւ ձախ առյուծի կեցվածքի փոփոխությամբ` «կատաղի»-ից դեպի հանդիսավորը. հերալդիկայում լեզուն դուրս հանած գիշատիչները անվանվում են «կատաղի»:
Կարծում ենք, որ այս տարբերությունը պատահաբար չի արվել եւ, անկասկած, այն բովանդակային նշանակություն ունի: Սակայն նկատենք նաեւ, այդ «մեղմացումն» այնքան մեծ չափաբաժնով է արվել, որ թե՛ արծիվը, թե՛ առյուծը գիշատիչից ու հզոր պաշտպաններից վերածվել են կենդանաբանական այգիներում պահվող դրանց խեղճ ու անճար «ջերմոցային» տեսակների:
Երկու հանրապետությունների զինանշանների առավել կայուն հատվածը զինանշանի հիմնական գաղափարական բովանդակությունն արտահայտող կենտրոնական վահանն է: Դրանում ի մի բերված հայոց պատմական արքայատոհմերի խորհրդանշաններն արտահայտում են պետականության շարունակականությունը հերթական` հինգերորդ պետության զինանշանում: Չորս վահանամասերում հայոց նախորդ արքայատոհմերին վերաբերող կենդանապատկերների ուղղահայաց դիրքի փոխարինումը անկյունագծային տեղադրությամբ չունի որեւէ իմաստային նշանակություն եւ ընդամենը ժամանակակից զինանշանի ոճավորման արդյունք է: Վահանից ներքեւ գտնվող պատկերներից մեկը բառային նկարագրությունում անվանվում է «գրիչ», իսկ երկրորդում` «ճյուղ»: Վերջինում նաեւ լրացվել է ստորին առարկաների շարքը` առաջին զինանշանի համեմատությամբ ավելացվել է ժապավեն` առանց որեւէ նշանաբանի:
Վահանի կենտրոնական հատվածում` երկգագաթ Արարատ լեռան վրա առաջին զինանշանի «ՀՀ» գրությունը երկրորդում փոխատեղվել է Նոյյան տապանով: Ընդ որում դա արված է համաչափության նորմերի զգալի խախտումներով: Նախ` առաջին հայացքից այն տպավորությունն է ստացվում, որ տապանը Մասիսից կարծես մեծ լինի: Ավելին, մի տեսակ կարծես նրա ծանրությունից լեռը կքած ու կաշկանդված վիճակում է հայտնվել:
Ավելացնենք, որ նկատված փոփոխությունները սերտ առնչություններ ունեն նախորդող շրջանի հայերին առնչվող պատկերագրության եւ հերալդիկայի հետ եւ զինանշանի կառուցվածքը եւ դրա տարրերի ընտրությունը միայն հեղինակների գեղագիտական ճաշակի արդյունք չեն, այլ անմիջական շարունակություն են նախորդ դարերի եւ հատկապես XIXդ. երկրորդ կեսի հայոց պատմության հետ: Մասնավորապես այն նման է Ռուսական կայսրության դասական հերալդիկ վահանին, որը հայտնի է նաեւ «ֆրանսիական» անունով եւ որի կիրառությունը XIXդ. տարածված էր հատկապես Ռուսական կայսրության տարածքում: XIXդ կեսերից Հարավային Կովկասի երկրամասերի եւ քաղաքների համար հաստատված զինանշանների մեծամասնությունն ունեն նույնպիսի վահաններ: Դրանց մեծ մասն ի դեպ նմանություն ունեն 1840 թ. լուծարված Հայկական մարզի զինանշանի հետ (դրա պատկերը հայտնաբերելու փորձերը մերօրյա լավագույն հետազոտող Արտակ Դաբաղյանի վկայությամբ, առայժմ չեն հաջողվել): Պահպանվել է միայն դրա նկարագրությունը, որը եւ այսօր գործածվող զինանշաններն իրենց ընդհանուր ուրվագծերով, բավականին նմանություններ ունեն: Այնպես որ, Արարատ լեռան (թեեւ միագագաթ) եւ Նոյյան տապանի պատկերով այդ զինանշանը կարելի է դիտարկել որպես Հայաստանի Հանրապետության զինանշանի հնագույն հերալդիկ նախորդը:
Երրորդ Հանրապետության գոյության տարիներին երբեմն-երբեմն բանավեճեր են ծավալվում Հայկական պետականության խորհրդանշանների վերաբերյալ, կատարվել (համոզված եմ, որ էլի են լինելու) են մեծաքանակ առաջարկություններ: Վերջերս նկարիչ-ճարտարապետների կողմից հրապարակվեցին հոդվածներ, եղան ելույթներ, որոնցում մասնագիտական տեսանկյունից քննադատվում էին զինանշանի ու դրոշի հետ կապված թերացումները եւ արվեցին խելացի, կառուցողական առաջարկներ: Այսօր էլ նույնատեսակ բանավեճ-քննարկումներ են սկսվում օրհներգի վերաբերյալ: Հուսանք, որ դրանցում եւս առողջ ու կառուցողական առաջարկներ կլինեն. թողնենք դա բնագավառի մասնագետների խղճին:
Ավարտելով կուզենայի նշել. ա/ մեր պետական բոլոր խորհրդանշանները ազգային արժեքներ են եւ որեւէ քաղաքական կամ այլ տեսակի ուժի սեփականությունը լինել չեն կարող, բ/ նպատակահարմար կլինի ստեղծել մասնագետներից կազմված մի հանձնախումբ, որի եզրահանգման հիման վրա ստեղծվի կամ խմբագրվի այդ խորհրդանշանների վերջնական տարբերակները, գ/ համապատասխան օրենսդրական ակտում հստակ վավերացվեն դրանց ինչպես արտաքին նկարագրությունը, այնպես էլ չափերն ու գույները եւ այլ պարամետրեր, որպեսզի բացառվեն բոլոր կամայական դրսեւորումները դրանց նկատմամբ:
01-25.07.2017թ.
1) Տես Կիրակոսյան Ջ., Բուրժուական դիվանագիտությունը եւ Հայաստանը (XIX դարի 80-ական թթ.), Ե., 1980, էջ 231:
2) Վիկտոր-Մարի Հյուգո. փետրվարի 26, 1802- մայիսի 22, 1885, ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ, մարդկային իրավունքների ակտիվիստ եւ ֆրանսիական ռոմանտիզմի առաջնորդ:
3) Խանազատ Ռ., Հայկական դեսպանատունը Աթենքում, «Ձիթենի» գրական ժողովածու, Թիֆլիս, 1915, էջ 141:
4) Բանասեր, լեզվաբան, բառարանագիր Ստեփան Մալխասյանցը (նոյեմբերի 7 (19), 1857, Ախալցխա, Ռուսական կայսրություն – հուլիսի 21, 1947, Երեւան) ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր ակադեմիկոսներից է: Նրա աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի զարգացմանը, մատենագիտությանը եւ գիտական տերմինաբանությանը: Ժողովրդական (Ռամկավար) կուսակցության ղեկավարներից:
5) Հայաստանի ազգային արխիվ (այսուհետեւ ՀԱԱ), ֆ. 198, ց. 1, գ. 10, թ. 6: Տե՛ս նաեւ Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 1993, էջ 195 197 եւ այլն:
6) Տե՛ս նույն տեղում:
7) Վարդան Հացունին մի քանի արժեքավոր հետազոտությունների հեղինակ է: Դրանցից «Հայ դրօշները պատմութեան մէջ» (Վենետիկ, 1930) աշխատությունում քննության է առել երբեւէ եղած քաղաքացիական եւ եկեղեցական տարբեր հայկական դրոշները, ճշտել Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյանների, տարբեր իշխանական տների, զինվորական դրոշների ձեւերը, գույները, նշանները եւ այլն:
8) Տե՛ս Արտակ Դաբաղյան Հայ պետականության խորհրդանշանների ձեւավորման ընթացքը XVIII-XXդդ., http://blognews.am/arm/news/275517/hay-petakanutyan-khorhrdanshanneri-dzevavorman-yntacqy-xviii-xxdd.html: