Թվում է, թե Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը արդարացնում է իրեն քաղաքական որոշ շրջանակներում: Ազերի կառավարությունը միշտ էլ ձգտել է հայի արյուն թափել: Աշխարհն ականատես եղավ, թե ինչպես Ադրբեջանի կառավարությունը ներեց եւ հերոսի աստիճանին բարձրացրեց Ռամիլ Սաֆարովին, ով 2006 թվին սպանեց հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում, որտեղ երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի զորավարժական ծրագրերին:
1920-ին երեսուն հազար հայեր սպանվեցին սառնասրտորեն ազերի ոստիկանների եւ գազազած ամբոխի կողմից, որին առաջնորդում էր Բեհբութ խան Ջիվանշիրը: Վերջինիս սպանեց Միսակ Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում, 1921 թվի հուլիսին:
Մինչ խորհրդային կայսրությունը փլուզվում էր, Ադրբեջանի պաշտոնյաները, օգտվելով ստեղծված քաոսից, հայերի անխնա կոտորածներ կազմակերպեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Խանլարում փետրվարի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Խորհրդային զորքերի համաձայնությամբ, Ադրբեջանի իշխանությունները մոլեգին սպանդ կազմակերպեցին Սումգայիթի հայկական թաղամասերում, որն ստացավ «Օղակ օպերացիա» անունը: Հայերն Ադրբեջանում հարուստ խավին էին պատկանում, որովհետեւ կարողացել էին կատարելության հասնել ինչպես կրթության եւ գիտության, այնպես էլ արվեստի, մշակույթի ընդհանրապես եւ արդյունաբերության բնագավառներում: Մի քանի ամիսների ընթացքում 400 հազար հաշվող համայնքը երկրից դուրս արտաքսվեց, իր ետին թողնելով տուն, տեղ, ունեցվածք, եկեղեցիներ եւ հաստատություններ: Այդ բոլորը ենթարկվեցին թալանի:
Ծածկելու համար այս վայրագությունները եւ հակադարձ հրապարակումների առաջքն առնելու նպատակով, Ադրբեջանի կառավարությունը սկսեց շեփորահարել 1992 թվի «Խոջալուի ցեղասպանության» մասին: Ազերի զոհերի թիվը Խոջալուի դեպքերի ժամանակ 100-ից մի փոքր ավելի էր, որը սակայն, քարոզչության սաստկացման հետեւանքում հասավ 600-ի: Դեպքերը քաղաքականացվեցին, եւ Ադրբեջանը ոչ մի առիթ բաց չի թողնում այն օգտագործելու համար ընդդեմ Հայաստանի:
Որոշ երկրներ եւ պետական գործիչներ կուլ են տալիս խայծը եւ հավատում են հորինված պատմությանը: Օրինակ Մ. Նահանգների Ինդիանա նահանգի կառավարիչՙ Էրիկ Հոլկոմբը, ով հայտարարություն է հրապարակել կոտորածների վերաբերյալ, «որոնք գործադրվել են հայկական ուժերի կողմից փետրվարի 25-26-ին»: Սեուլում (Կորեա) ադրբեջանցիները, Կորեայի Ազգային ժողովի համագործակցությամբ, փետրվարի 14-ին մի խորհրդակցություն են կազմակերպել նշելու համար երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հոբելյանն ու Խոջալուի «կոտորածների» հիշատակը:
Իտալիայում սենատոր Ալդո դի Բիաջիոն քննադատել է իր գործընկերոջըՙ սենատոր Մարիա Ռիզոտտիին այն բանի համար, որ նա խորհրդարանում հիշատակել է «Խոջալուի ցեղասպանությունը»:
Ինչո՞ւ են այս մարդիկ ընկնում Ադրբեջանի լարած ծուղակի մեջ: Պատասխանը մեկն է. հանուն փողի:
Այսպես, Միլանում մի դատավոր վերջերս դատի էր տվել Եվրոխորհրդում եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեին: Պատճա՞ռը: Երբ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը լռեցրել էր 2012-ին Եվրոխորհրդի քննադատական բանաձեւըՙ ուղղված Ադրբեջանի հասցեին, պարզվել էր, որ Վոլոնտեի բանկային հաշիվներում գրանցվել էր երկու վճարումներՙ համապատասխանաբար 220 եւ 180 հազար եվրոյի չափով:
Բաքվի կառավարությունը ոմանց վճարում է լռեցնելու համար, ոմանց էլՙ Ադրբեջանի օգտին բարձրաձայնելու եւ աշխարհով մեկ հօգուտ իրեն քարոզչությամբ զբաղվելու համար:
Թուրքերն իրենց հերթին զորակցություն են ցուցաբերում իրենց ազերի եղբայրներին: Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը վերջերս նույնպես նշեց այդ տարելիցը, եւ վարչապետ Բինալի Յըլդըրըմն այդ առթիվ արտասանած ելույթն ավարտեցՙ կոչ անելով «հայկական զորքերին դուրս գալ Ադրբեջանի 20 տոկոսը կազմող տարածքներից»: Իսկ նախագահ Էրդողանն ուշացումով իր ցավակցությունները հայտնեց «Խոջալուի զոհերի» հիշատակի առթիվ:
Խոջալուի միջադեպը ոչ մի առումով չի կարող համեմատվել Բաքվում եւ Սումգայիթում ազերի իշխանությունների իրագործած վայրագությունների հետ: Որոշ զոհեր տեղի ունեցան 1992 թվի փետրվարի 25-26-ին, երբ հայկական զորքերը պաշարել էին Խոջալուն, որտեղ օդանավակայանն է տեղակայված: Ազերի զորքերը, օգտագործելով Խոջալուի որոշ կառույցները, Ստեփանակերտը պահում էին իրենց թիրախի ներքո եւ կաթվածահար էին արել ամբողջ շրջանը, փորձելով խեղդամահ անել հայերին: Քաղաքը պաշարելուց հետո, հայկական զորքերը մարդասիրական միջանցք բաց արեցին, որպեսզի ազերի բնակչությունը կարողանա այդ ճանապարհով դուրս գալ: Նրանց տարհանումը կանգնեցնելու ազերի զորքերի դժկամությունը խոսում էր այն մասին, որ Բաքվի «արքայական պալատում» ինչ-որ բան էր խմորվում: Իրականում դավադրություն էր մշակվում տապալելու նախագահ Այազ Մութալիբովին: Վերջինս, իր հրաժարականից մեկ ամիս անց չեխ լրագրող Դանա Մազալովային («Նիզավիսիմայա գազետա») տված իր հարցազրույցում նշում էր. «Խոջալուից փախած քաղաքացիների վկայությամբ այդ բոլորը կատարվել էր ինձանից ազատվելու նպատակով: Որոշ ուժեր փորձեցին վարկաբեկել ինձ, նախագահին: Չեմ կարծում, որ հայերը, որոնք նման իրադարձություններում չափազանց ձեռնհասորեն եւ ճշգրտորեն են կարողանում գործել, թույլ կտային, որ ֆաշիստական գործողություններ բացահայտող որեւէ փաստ ձեռք բերեին ազերիները: Հայերն իրոք այդ միջանցքը բաց էին թողել, որպեսզի բնակչությունը կարողանա դուրս գալ Խոջալուից»:
Տասը տարի անց, դարձյալ անդրադառնալով Խոջալուի դեպքերին, նա «Նովոյե վրեմյա» հանդեսի լրագրողի հետ զրուցելիս ասել էր. «Խոջալուի բնակչության կոտորածը կազմակերպված էր ինչ-որ մեկի կողմից, Ադրբեջանում պետական հեղաշրջում կատարելու նպատակով»:
Ո՞վ կարող էր լինել այդ «ինչ-որ մեկը»: Իհարկե նա, ով ամենաշատն էր օգտվելու իրավիճակից: Դա Հեյդար Ալիեւն էր, ով թիկունքում սպասում էր, որ երկրում հաստատի ալիեւյան նավթային դինաստիան: «Բիլիք Դունյասի» գործակալությունը հաղորդում էր, որ 1992-ին Հեյդար Ալիեւը, ներկա նախագահ Իլհամ Ալիեւի հայրը, հետեւյալ ցինիկ արտահայտությունն էր արել. «Մենք օգուտ ենք քաղելու արյունահեղությունից: Չպետք է միջամտենք դեպքերի ընթացքին»:
Ծայրահեղ զավեշտական է, որ Ալիեւյան կլանը, որ ի վերջո օգտվել էր Խոջալուի իրադարձություններից, ամբողջությամբ շուռ տա պատմությունը եւ մեղադրի հայկական կողմին:
Ադրբեջանն իր ամբողջ ներուժն է օգտագործում հայերի դեմ իր պայքարում քաղաքական դիվիտենտներ ձեռք բերելու համար: Երեւանն, իհարկե, չի կարող համապատասխան խավիարային դիվանագիտություն վարել, բայց երկրի առաջնորդները պարտավոր են գլուխները դուրս հանել ավազների միջից եւ տեսնել իրականությունը: Օլիգարխները, պետական պաշտոնյաները եւ նրանցից կախում ունեցողները առատորեն օգտվում են կառավարական միջոցներից, բայց ոչինչ չեն անում այդ գումարների որոշ մասը ներդնելու երկրի բարգավաճման գործում:
Հայաստանը կարիք ունի ստեղծելու մի բազմալեզու արդյունավետ մեդեա համակարգ, որպեսզի հասանելի լինի ամբողջ աշխարհին եւ կարողանա ներկայացնել պատմության իր տարբերակը, հատկապես թուրքերին եւ ազերիներին իրենց իսկ լեզուներով: Ուղերձը պետք է լինի հարատեւ եւ հարկադրողՙ ինչպես հակառակորդինը: Կառավարությունում գործող «ապարատչիկները» վստահեցնում են իրենց գերադասներին, որ սփյուռքահայ թերթերին համապատասխան նյութեր են հայթայթում, կարծես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կամ Թուրքիայի նախագահ Էրդողանը այդ խեղճուկրակ համայնքային հրատարակությունների անխոնջ ընթերցողները լինեն:
Փոխանակ դրսում պայքարելու թշնամիների դեմ, կառավարության որոշ պատգամավորներ երկրի ներսում դեղին լրագրության գործակալներին են վարձում վատաբանելու համար իրենց հակառակորդներին, մոռանալով, որ բոլորովին ժամանակը չէ անձնական հաշիվներ մաքրելու, այլ ժամանակն է մահացու վտանգավոր թշնամու դեմ միասնաբար եւ ամբողջ ուժով պայքարելու:
Սփյուռքահայերի արածն էլ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում կամ աշխարհի զանազան մայրաքաղաքներում հավաքներ անցկացնելն է առիթից առիթ:
Հասկանալի է, որ Հայաստանի ղեկավարության համար կան անհասանելի եզրեր, որ հնարավորությունները սահմանափակ են եւ նրանք չեն կարող մրցել Ադրբեջանի հետ գումարներ հատկացնելու առումով, բայց հաստատ կարելի է ասել, որ նրանք կարող են ֆինանսական միջոցները օգտագործել առավել շրջահայաց եւ արդյունավետ ձեւով: Պրագմատիզմը Ադրբեջանի մենաշնորհը չէ:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ, The Armenian Mirror-Spectator